- Գլխավոր
- Նորություններ
- Քաղցկեղի բուժման բարելավմանն ուղղված հետազոտություններ` հինգ երկրների առաջատար հետազոտական կենտրոնների համագործակցությամբ
Մարտ 25, 2025 | 12:02
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Քաղցկեղի բուժման բարելավմանն ուղղված հետազոտություններ` հինգ երկրների առաջատար հետազոտական կենտրոնների համագործակցությամբ
ԵՊՀ-ում մեկնարկել է քաղցկեղի բուժման բարելավմանն ուղղված հետազոտությունների առաջին փուլը, որի շրջանակում Ֆարմացիայի ինստիտուտ են այցելել Օպոլեի համալսարանի (Լեհաստան) քիմիայի և ֆարմացիայի ինստիտուտի գիտաշխատող, դոկտոր Պավել Լենարտովիչը և Առողջապահական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր Պժեմիսլավ Դոմաշևսկին: Նշյալ հետազոտությունները կատարվում են Լեհաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի առաջատար հետազոտական ինստիտուտների հետ համագործակցությամբ` Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:

Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Հայարփի Սիմոնյանը, ներկայացնելով գիտական նախագծի նպատակը, նշեց, որ հետազոտություններն ուղղված են քաղցկեղի առաջացման փուլերից մեկում առանցքային դեր ունեցող ֆերմենտի (ATIC) նոր արգելակիչների որոնմանն ու նախագծմանը։
«Ֆարմացիայի ինստիտուտում մեր լեհ գործընկերների հետ սինթեզում ենք ATIC ֆերմենտի պոտենցիալ արգելակիչներ, որոնք այնուհետև պետք է անցնեն փորձարկումներ վերոնշյալ երկրներում: Օրինակ` Լեհաստանում կատարվելու են մեր կողմից սինթեզված միացությունների in vitro հետազոտություններ մոդելային նորմալ բջիջների և ընտրված քաղցկեղային գծերի վրա, ԱՄՆ-ում կատարվելու են in vivo հետազոտություններ Drosophila melanogaster պտղաճանճերի վրա, Ավստրալիայում կատարվելու են in silico ուսումնասիրություններ` ATIC ֆերմենտի նոր արգելակիչներ նախագծելու նպատակով, իսկ Իտալիայում կատարվելու են կենսաբժշկական կարևոր թիրախների հետ մեր կողմից սինթեզված միացությունների կապվելու հնարավորությունների սպեկտրոսկոպիական ուսումնասիրություններ։ Նշված հետազոտությունների արդյունքում կպարզվի՝ արդյո՞ք սինթեզված միացությունները քաղցկեղի բուժման գործընթացում կարող են բարելավող դեր ունենալ, թե՞ ոչ»,- ընդգծեց Հայարփի Սիմոնյանը:

Հետազոտությունները կտևեն չորս տարի: Ֆարմացիայի ինստիտուտը ծրագրի շրջանակում ևս մեկ գիտաշխատող կհյուրընկալի Լեհաստանից, այնուհետև ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանն ու դոցենտ Հայարփի Սիմոնյանը կմեկնեն Օպոլեի համալսարան (Լեհաստան)` փորձի փոխանակման նպատակով:
«Գիտաշխատողների փոխանակման հիմնական նպատակը նոր հմտությունների ձեռքբերումն է, որոնք անմիջապես չեն առնչվում իրենց մասնագիտական ոլորտին: Ես և Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը մեկ ամսով կայցելենք Օպոլեի համալսարան` մասնակցելու in vitro հետազոտություններին, այսինքն` ուսումնասիրելու քաղցկեղային բջջային գծերի վրա մեր կողմից սինթեզված միացությունների ազդեցությունը, այնուհետև մեկ այց կկատարենք նաև ԱՄՆ Ափամերձ Կարոլինայի համալսարան՝ մասնակցելու in vivo հետազոտություններին»,- ասաց Հայարփի Սիմոնյանը:
Օպոլեի համալսարանի քիմիայի և ֆարմացիայի ինստիտուտի գիտաշխատող, դոկտոր Պավել Լենարտովիչը, ներկայացնելով ԵՊՀ-ում կատարվող հետազոտություններն ու սպասվող արդյունքները, նախ ընդգծեց, որ ծրագիրը միտված է բարձրացնելու հինգ երկրների գիտակրթական հաստատությունների հետազոտական մակարդակն ու նորարարական ներուժը` գիտաշխատողների մասնագիտական գիտելիքների փոխանակման և հմտությունների զարգացման միջոցով։
«Հետազոտությունների հիմնական նպատակն է խորացնել մեր պատկերացումները պուրինային de novo կենսասինթետիկ ուղու մասին ինչպես առողջ, այնպես էլ քաղցկեղային բջիջներում: Նպատակին կարելի է հասնել քաղցկեղի զարգացման ժամանակ ակտիվացող ATIC ֆերմենտի դիմերման նոր և ընտրովի արգելակիչների նախագծման և սինթեզի միջոցով: Այս հետազոտության արդյունքները, ի վերջո, կարող են նպաստել քաղցկեղի առավել արդյունավետ բուժմանը»,- ասաց Պավել Լենարտովիչն ու հավելեց, որ հետազոտության ներկա փուլը, որն անցկացվում է որպես պրակտիկա, կենտրոնացած է պեպտիդների նմանակների սինթեզի մեթոդների ընտրության և օպտիմալացման, ինչպես նաև հատուկ նախագծված պեպտիդների «գրադարանի» ստեղծման վրա:
Անդրադառնալով ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի հետազոտողների հետ համագործակցության կարևորությանը՝ Օպոլեի համալսարանի առողջապահական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր Պժեմիսլավ Դոմաշևսկին նշեց, որ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում պրակտիկան նպաստում է փորձի փոխանակման միջոցով գիտելիքի ընդլայնմանը։

«Կենտրոնանում ենք ոչ ստանդարտ ամինաթթուների և դրանց չհագեցած ածանցյալների ստերեոսելեկտիվ սինթեզի մեթոդների մշակման վրա: Հետազոտություններն ուղղված են նաև ամինաթթուների և թիրախային պեպտիդների համակցման ամենաարդյունավետ մեթոդների բացահայտմանը: Այս հետազոտական աշխատանքի առանցքային արդյունքը կլինի պեպտիդների առաջին շարքի ստացումը։ Դրանց կենսաբանական ակտիվությունը կհետազոտվի քաղցկեղային բջջային գծերի վրա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բացի սրանից՝ մի շարք պիլոտային ռեակցիաների իրականացումը ծրագրի հետագա փուլերում կհեշտացնի պեպտիդների կառուցվածքների ձևափոխումը՝ հիմնվելով կենսաբանական հետազոտության արդյունքների վրա:
Նշենք, որ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը՝ որպես շահառու անդամ, ընդգրկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորված «Հորիզոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի անձնակազմի փոխանակումներ (MSCA Staff Exchanges) ծրագրի «Պուրինի de novo բիոսինթեզի խախտում քաղցկեղի դեմ պայքարելու համար՝ մոլեկուլներից դեպի բջիջներ և in vivo ուսումնասիրություններ (PurHumanDrome)» («Disrupting purine de novo biosynthesis to fight cancer - from molecules to cells to in vivo studies») թեմայով դրամաշնորհի շրջանակում կատարվող հետազոտական աշխատանքներում։