- Գլխավոր
- Նորություններ
- Կրթությունը՝ նոր հնարավորությունների ուղենիշ
Մարտ 25, 2025 | 14:32
Կրթություն
Ուսանողական
Կրթությունը՝ նոր հնարավորությունների ուղենիշ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Արփինե Ղազարյանին օտար լեզուների նկատմամբ սերն ու հետաքրքրությունը բերեցին համալսարան։ Ուսանողական ակտիվություն, ձեռք բերած գիտելիքներ, հնարավորություններ, նոր փորձառություն. Արփինեն պատմում է համալսարանական կրթության կարևորության, արտերկրում ուսում ստանալու, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին։

Կյանքը մինչև համալսարան. փնտրտուքներ և նոր հույսեր
Մինչ ԵՊՀ-ում ուսանելս՝ դպրոցական տարիներին, հետաքրքրված էի արվեստով, պարով և ձեռագործ իրերի պատրաստմամբ։ Սակայն օտար լեզուների հանդեպ անսահման հետաքրքրությունն ու սերն ուղղորդեցին ինձ՝ ընտրելու համապատասխան մասնագիտություն։ Ուստի որոշեցի խորացնել իմ գիտելիքները լեզուների և հաղորդակցության ոլորտում՝ հասկանալով, որ դա կարող է ինձ համար նոր հնարավորությունների ուղի հարթել։ Այդպես էլ որոշեցի ընդունվել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ՝ նպատակ ունենալով խորացնելու և զարգացնելու լեզվական ու հաղորդակցական գիտելիքներս։ Եվ դա դարձավ իմ առաջին քայլը դեպի ԵՊՀ՝ հեռանկարային ուսման աշխարհ։
Ուսման կամրջով դեպի նոր աշխարհ

ԵՊՀ-ում ուսանելու առաջին տարիներին հաճախ էին լինում պահեր, երբ մտածում էի՝ արդյո՞ք ես բավականաչափ պատրաստ եմ այն մեծ պատասխանատվությանը, որն իր հետ բերում է համալսարանական կյանքը։ Գիտելիքներ, հմտություններ, հնարավորություններ. կրթության մեջ մեծ կարևորություն եմ տալիս անգամ ամենափոքր հնարավորություններին, որոնք ընձեռվում են ուսանողներին, և որոնք նպաստում են նրանց մասնագիտական աճին և ինքնազարգացմանը։ Այդպիսի բացառիկ հնարավորություններից է «Էրազմուս+» ծրագիրը, որին շահառու դառնալն ինձ համար դարձավ ԵՊՀ-ում ուսանելու տարիների ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Ես հնարավորություն ունեցա մեկնելու Պորտուգալիա՝ Լիսաբոնի համալսարան (Universidade de Lisboa)՝ մեկ կիսամյակ ուսանելու։ Այս փորձառությունը ոչ միայն ակադեմիական ու մշակութային նոր հեռանկարներ բացեց իմ առջև, այլև հնարավորություն տվեց ընդլայնելու լեզվական և հաղորդակցական հմտություններս, զարգացնելու հարմարվողականությունս, ինչպես նաև ընդլայնելու աշխարհայացքս։ Արտասահմանում ուսանելը մեծ հնարավորություն էր ինձ համար ոչ միայն ակադեմիական, այլև անձնական աճի տեսանկյունից։ Առաջին տպավորությունս չափազանց դրական էր. հենց Լիսաբոնի կարմիր տանիքներն ու արևոտ եղանակը ինձ ստիպեցին զգալ, որ այս փորձառությունն անմոռանալի է լինելու։ Ուսման ընթացքում որոշ չափով բարելավեցի պորտուգալերենի իմացությունս, սակայն լեզվի չիմացությունը խոչընդոտ չէր, քանի որ շատերը խոսում էին անգլերեն։ Այս փորձը ոչ միայն նոր գիտելիքներ ու հմտություններ տվեց ինձ, այլև սովորեցրեց լինել առավել ինքնուրույն, հարմարվող ու բաց նոր հնարավորությունների համար։
Սահմաններից դուրս՝ կրթական նոր աշխարհում
Դասերի ընթացքում ակտիվորեն մասնակցում էի քննարկումների, գրառումներ կատարում՝ մասնակցելով նաև տարբեր տեսակի աշխատանքների։ Օրինակ՝ արվեստի փիլիսոփայության դասերն անցնում էին հարցուպատասխանի ձևաչափով, ինչը շատ հետաքրքիր էր։ Անգլերենի դասերին հաճախ էինք մասնակցում բանավեճերի, իսկ ֆրանսերենի դասերին ուսումնասիրում էինք ֆրանսիական գրականություն, կարդում տարաբնույթ գրքեր, պատրաստում սահիկաշարեր, անգամ՝ ռեպորտաժներ։ Հատկապես կարևոր էր այն, որ յուրաքանչյուր դասի ընթացքում ուսանողը մեծապես ներգրավված էր գործընթացում, ինչը խթանում էր ակտիվ մտածողությունն ու մասնակցությունը։ Բացի դրանից՝ քննություններն անցնում էին հեշտ, երբ պատրաստվում էինք և կրկնում անցած թեմաները։ Ուսանողական կյանքն այնտեղ շատ հետաքրքիր էր՝ լի նոր հնարավորություններով։

Մեկ կիսամյակ Լիսաբոնի համալսարանում սովորելու ընթացքում ես նկատեցի մի քանի կարևոր տարբերություններ ԵՊՀ և եվրոպական կրթական համակարգերի միջև։ Առաջին տարբերությունն այն էր, որ այնտեղ ուսանողներն ազատ էին ընտրելու դասավանդվող առարկաները՝ ըստ մասնագիտական հետաքրքրությունների, ինչը հնարավորություն էր տալիս անցնելու առավել նպատակային ուսումնառություն, խթանելու ինքնուրույնությունը։ Տնային առաջադրանքները քիչ էին, իսկ ուսուցման մեծ մասը հիմնված էր խմբային քննարկումների և ինքնուրույն աշխատանքների վրա։ Ի տարբերություն ԵՊՀ-ի, որտեղ տեսական հիմքը գերակշռում է, Լիսաբոնում ուսումնական գործընթացն ավելի պրակտիկ էր։
Չնայած բոլոր տարբերություններին՝ ինձ համար ԵՊՀ և Լիսաբոնի համալսարանի դասախոսները շատ նման էին՝ պատրաստ աջակցելու ինչպես կրթական, այնպես էլ անձնական զարգացման մեջ։ Հաշվի առնելով այդ տարբերությունները՝ ես ավելի համոզվեցի, որ կրթական համակարգը չի սահմանափակվում միայն տեսական գիտելիքներով. այն պետք է ընդգրկի պրակտիկ հմտություններ, համագործակցային մոտեցումներ և ուսանողի անհատական զարգացման աջակցություն։
Արտերկրում ուսանելը հնարավորություն է ձեռք բերելու գիտելիքներ, որոնք դուրս են սովորական դասերի շրջանակից, ծանոթանալու նոր մշակույթների, ընդլայնելու մտահորիզոնը և ստեղծելու արժեքավոր միջազգային կապեր։
Հմտությունների կատարելագործում ուսման միջոցով
Իհարկե, ես պատրաստ եմ շարունակելու ուսումս և առավելագույնս զարգացնելու իմ լեզվաբառարանական ու հաղորդակցման հմտությունները՝ նպատակ ունենալով դրանք դարձնելու ավելի հղկված և կիրառական տարբեր ոլորտներում։ Ակնկալում եմ խորացնել անգլերենի և ֆրանսերենի գիտելիքներս՝ հատկապես մեծացնելով դրանց կիրառական արժեքը, որպեսզի կարողանամ արդյունավետորեն օգտագործել դրանք մասնագիտական գործունեության մեջ։ Լեզվաբառարանական հմտությունների իմացությունը ընձեռում է նոր հնարավորություններ թե՛ ակադեմիական, թե՛ մասնագիտական, թե՛ անձնական զարգացման առումներով՝ ստեղծելով հիմքեր շարունակական աճի և նոր հնարավորությունների համար։ Բացի դրանից՝ ես մեծապես հետաքրքրված եմ նոր լեզուների ուսումնասիրությամբ, քանի որ լեզուների իմացությունը կօգնի ինձ առավել արդյունավետ հաղորդակցվելու տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ։

Այս պահին դեռևս հստակ որոշում չեմ կայացրել, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ կրթությունս շարունակելու եմ հենց այս ոլորտում։ Մտադիր եմ ուսումնասիրել ոլորտի նորագույն միտումները՝ ձեռք բերելով գործնական փորձ, որն անմիջապես կկիրառեմ տարբեր նախագծերում և աշխատանքներում։ Հատուկ ուշադրություն կդարձնեմ մասնագիտական վերապատրաստումներին և աշխատաժողովներին, քանի որ դրանք կարևոր դեր ունեն իմ ունակությունների ամրապնդման մեջ և կօգնեն ինձ զարգանալ որպես իսկական մասնագետ՝ պատրաստականությամբ դիմակայելու մասնագիտական աշխարհի մարտահրավերներին։