- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ի և Ջենովայի համալսարանի միջև կնքվել է միջբուհական համաձայնագիր
Ապրիլ 01, 2025 | 11:23
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ի և Ջենովայի համալսարանի միջև կնքվել է միջբուհական համաձայնագիր
Երևանի պետական համալսարանի և Ջենովայի համալսարանի (UniGe) միջև կնքվել է միջբուհական համաձայնագիր՝ նպատակ ունենալով ամրապնդելու և զարգացնելու ակադեմիական երկու կառույցների միջև առկա գիտական և կրթական կապերը։

Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն կրթության, գիտության, կառավարման և մշակույթի ոլորտներում՝ իրականացնելով մի շարք ծրագրեր՝ ուղղված սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացմանը։ Միջբուհական համաձայնագրի շրջանակում նախատեսվում են հետևյալ գործողությունները՝
բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, դասախոսների, պրոֆեսորների, գիտաշխատողների և վարչական աշխատակազմի համար շարժունակության ծրագրեր,
գիտական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի շրջանակում համագործակցություն, բարդ տեխնիկական/գիտական սարքավորումների օգտագործման վերաբերյալ գիտելիքի փոխանակում,
բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերի իրականացում, որոնք կտրամադրեն կրկնակի դիպլոմ,
երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային նախաձեռնություններ՝ սեմինարներ և դասընթացներ,
կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ,
համատեղ նախագծերի մշակում, որոնք հնարավոր կլինի ֆինանսավորման ներկայացնել թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների։
Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի երկու բուհերի ուսանողներին և գիտնականներին՝ ստանալու բարձր մակարդակի կրթություն և փորձ։
Նշենք, որ Երևանի պետական համալսարանը Ջենովայի համալսարանի հետ սկսել է համագործակցել դեռ ավելի վաղ՝ իրականացնելով մի շարք տարբեր ծրագրեր։ Ներկայում նույնպես իրականացվում է մի ծրագիր, որի շրջանակում ԵՊՀ պատվիրակությունը մեկնել էր Իտալիա՝ Ջենովայի համալսարան՝ մասնակցելու «Հայաստանում ներառական, թվային և էկոլոգիական բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) ծրագրի աշխատաժողովին։ Նշյալ ծրագիրը նպատակ ունի զարգացնելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական և գիտական գործընթացների պլանավորումն ու արդյունավետ կառավարումը՝ հիմնված ինստիտուցիոնալ հետազոտությունների վրա։