- Գլխավոր
- Նորություններ
- Գերմանիայի համալսարանների ռեկտորներն այցելեցին ԵՊՀ՝ ներկայացնելու կիրառական գիտությունների համալսարանների կրթական մոդելը և ընդլայնելու գործակցությունը
Ապրիլ 01, 2025 | 15:54
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Գերմանիայի համալսարանների ռեկտորներն այցելեցին ԵՊՀ՝ ներկայացնելու կիրառական գիտությունների համալսարանների կրթական մոդելը և ընդլայնելու գործակցությունը
ԵՊՀ-ում հյուրընկալվեցին Գերմանիայի 19 բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները և պրոռեկտորները՝ Հայաստանի ինը համալսարանների հետ գիտական տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով: Գերմանիայի բուհերի ներկայացուցիչների այցը կազմակերպվել էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Գերմանիայի բուհերի հետ սերտ համագործակցությունը, ընդգծեց, որ ԵՊՀ-ում կատարվող բարեփոխումների մեծ մասի համար որպես օրինակ է ծառայել գերմանական համալսարանների փորձը։
«ԵՊՀ-ի ու Գերմանիայի համալսարանների միջև գիտակրթական կապեր են հաստատվել դեռևս հարյուր տարի առաջ, երբ մի շարք ականավոր հայ գիտնականներ Գերմանիայում կրթություն ստանալուց հետո վերադարձան Հայաստան՝ շարունակելու իրենց կրթությունն ու գործունեությունը: Կարող ենք ասել նաև, որ Հայաստանի և Գերմանիայի կրթական համակարգերը բավականին նման են իրար»,- մատնանշեց նա։

ԵՊՀ ռեկտորն ասաց, որ համալսարանն ունի գրեթե բոլոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր, ինչը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու գործակցությունը Գերմանիայի համալսարանների հետ։
Անդրադառնալով Գերմանիայի համալսարանների հետազոտողների հետ համագործակցությանը՝ Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց. «ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհների շնորհիվ ԵՊՀ հետազոտողները գիտական տարբեր նախագծերի շրջանակում սերտ գործակցում են արտերկրի հետազոտողների հետ, որոնց շրջանում մեծ թիվ են կազմում Գերմանիայի գիտնականները»։
ԵՊՀ ռեկտորը նշեց նաև, որ համալսարանն ընդլայնում է գիտական ճյուղերն ու ներկայում մեծ տեղ է տալիս արհեստական բանականության զարգացմանն ու «Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագրի իրագործմանը։
«ՀՀ Կառավարությունը վերջերս գնել է տարածաշրջանում ամենամեծ սուպեր համակարգիչը, որը կիրառվելու է ԵՊՀ-ում, իսկ ներկայում ծրագրերի ներդրման աշխատանքներն են կատարվում: Սուպեր համակարգչի կիրառումը կբարձրացնի արհեստական բանականության և բիզնեսում տվյալագիտության ուսումնասիրությունների մակարդակը»,- շեշտեց ԵՊՀ ռեկտորը:
Նա հույս հայտնեց, որ Գերմանիայի տարբեր բուհերից ժամանած ռեկտորների ու պրոռեկտորների այցը կնպաստի համատեղ նոր գաղափարների իրագործմանը:

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության՝ DAAD-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միշել Հարմսը նշեց, որ ընտրել են Հայաստանը՝ որպես իրենց աշխատանքային այցի հերթական նպատակակետ, քանի որ վստահ են, որ Հայաստանի և Գերմանիայի համալսարանների միջև ամուր համագործակցության հնարավորությունները մեծ են։
«Մեր այցի նպատակներից է նաև Հայաստանում ներկայացնել Գերմանիայի կիրառական գիտությունների համալսարանների կրթական մոդելը, ինչը գերմանական կրթական համակարգի հիմնասյունն է»,- ասաց նա և ընդգծեց, որ մինչ օրս կարողացել են իրենց առաքելությունն իրականացնել՝ շնորհիվ գերմանական նախարարությունների և Եվրոպական հանձնաժողովի կողմից ստացված ֆինանսավորումների։
DAAD-ի փոխնախագահ, Լյուբեկի կիրառական գիտությունների համալսարանի դոկտոր Մյուրիել Հելբիգն էլ նշեց, որ Գերմանիայում գործում է 400 համալսարան, որոնցից մոտ 200-ը կիրառական գիտությունների համալսարաններ են։
«Կիրառական գիտությունների համալսարաններում առաջարկում ենք կրթական ծրագրեր, որոնք ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ ճարտարագիտություն, համակարգչային գիտություն, բիզնես և տնտեսագիտություն, սոցիալական և առողջապահական գիտություններ, դիզայն և ճարտարապետություն։ Մենք մեծապես կարևորում ենք նաև ուսանողների գործնական և թիմային հմտությունների զարգացումը»,- ասաց նա։

Մյուրիել Հելբիգը հավելեց, որ կիրառական գիտությունների համալսարանները գործընկերային կապեր են հաստատում ոչ միայն կրթական դաշտում, այլև համապատասխան ոլորտների մասնագետների և կազմակերպությունների, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկությունների հետ՝ նորարարության խթանման նպատակով։
«Մենք այստեղ ենք՝ նախանշելու համագործակցության տարբեր ուղիներ հայկական համալսարանների հետ։ Դրանք կարող են ներառել ուսանողների փոխանակման ծրագրերը, այն ուսանողների հյուրընկալումը, որոնք ցանկանում են կրթություն ստանալ մեր համալսարաններում և որակավորվել որպես մասնագետ, ուսումնասիրության վայրեր առաջարկելը մեր ուսանողների համար արտերկրում, ինչպես նաև գերմաներենով և անգլերենով ծրագրերի իրագործումը»,- ասաց DAAD-ի փոխնախագահն ու հավելեց, որ ակնկալում են նաև իրականացնել հետազոտական համատեղ նախագծեր:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը ներկայացրեց ԵՊՀ կրթական ծրագրերն ու համալսարանի բարձր վարկանիշը աշխարհի լավագույն համալսարանների ցանկում: Նա ընդգծեց վերջին տարիներին միջազգային հեղինակավոր գիտական շտեմարանում՝ «Scopus»-ում ընդգրկված ամսագրերում ԵՊՀ հետազոտողների գիտական հոդվածների թվի զգալի աճը, ինչպես նաև համալսարանի գործակցային կապերն արտերկրի նշանավոր բուհերի, այդ թվում՝ Գերմանիայի համալսարանների հետ:

«Գիտության տարբեր բնագավառներում ունենք բակալավրիատի ավելի քան 16 ծրագիր, մագիստրատուրայի ավելի քան 100, ինչպես նաև ավելի քան 8 մասնագիտական ուղղություններով ասպիրանտուրայի ընդունելություն: Մենք առաջարկում ենք նաև կրկնակի դիպլոմի 12 ծրագրեր»,- ասաց Ալ․ Մարգարովն ու հույս հայտնեց, որ DAAD-ի հետ համագործակցությունը շարունակական կլինի հատկապես կրկնակի դիպլոմի ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Ալ. Մարգարովը նշեց նաև, որ ԵՊՀ-ն քայլեր է ձեռնարկում՝ ունենալու անգլերենով մագիստրոսական կրթական նոր ծրագրեր արտերկրի ուսանողների համար:
Հանդիպման ավարտին Գերմանիայի համալսարանների ռեկտորներն ու պրոռեկտորներն այցելեցին ԵՊՀ լաբորատորիաներ, այդ թվում՝ Քիմիայի ֆակուլտետի ու Ֆիզիկայի ինստիտուտի, իսկ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում հանդիպեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Հայկակական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանում ֆրանսիական, Հայաստանի եվրոպական, Հայաստանի ամերիկյան, Գավառի ու Վանաձորի պետական համալսարանների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ընդլայման նպատակով:
Նշենք, որ ԵՊՀ էին ժամանել Գերմանիայի 19 նշանավոր բուհերի, այդ թվում՝ Նիդերրեյնի կիրառական գիտությունների, Ֆլենսբուրգի, Կոբլենցի համալսարանների, Լյուբեկի ու Աշաֆենբուրգի տեխնիկական համալսարանների ռեկտորներն ու պրոռեկտորները: