- Գլխավոր
- Նորություններ
- Մարքեթինգ, լեզու և նորարարություն. ԵՊՀ-ում մեկնարկել է երկօրյա սիմպոզիում
Ապրիլ 10, 2025 | 14:16
Գործընկերներ
Կրթություն
Մարքեթինգ, լեզու և նորարարություն. ԵՊՀ-ում մեկնարկել է երկօրյա սիմպոզիում
ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում մեկնարկեց «Մարքեթինգային հաղորդակցություն և գործարար դիսկուրս․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով սիմպոզիումը։ Միջոցառումն իր շուրջն էր համախմբել մարքեթինգային հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետների, գիտնականների, ուսանողների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով մեկտեղելու տեսական գիտելիքը, փորձն ու նորարարական մոտեցումները։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված սիմպոզիումի բանախոսներն անդրադարձան մի շարք արդիական թեմաների՝ ընդգծելով մարքեթինգի փոխկապակցումը արվեստի, թարգմանության, հոգեբանության և լեզվաբանության հետ։
Մասնագետները շեշտեցին, որ մարքեթինգային ժամանակակից հաղորդակցությունը չի սահմանափակվում միայն գովազդով կամ վաճառքի խթանմամբ։ Այն բազմաշերտ խոսույթ է, որտեղ «գործակցում են» լեզուն, ընկալումը, մշակույթը և ռազմավարական մտածողությունը։
Սիմպոզիումը վկայությունն է այն գաղափարի, որ կրթությունն ու բիզնեսը կարող են արդյունավետ համագործակցել՝ հիմնվելով գիտական հետազոտությունների, վերլուծությունների և նորարարական մոտեցումների վրա։ Մասնակիցների արձագանքներից պարզ էր՝ նման միջոցառումները ոչ միայն ամրապնդում են գիտակրթական միջավայրի և աշխատաշուկայի կապը, այլև հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին ստանալու գիտելիքներ ոլորտի լավագույն մասնագետներից։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ընդգծելով միջոցառման կարևորությունը, ասաց. «Վստահ եմ, որ այս հարթակը կխթանի ակադեմիական և մասնագիտական ոլորտների համագործակցությունը և կնպաստի հետազոտությունների ու նորարարական գաղափարների առաջխաղացմանը։ Գիտակրթական միջոցառումների կազմակերպումը ֆակուլտետի գործունեության առաջնահերթություններից է, և այս սիմպոզիումը հրաշալի հնարավորություն է գործակցային կապերի ստեղծման և ամրապնդման համար։ Երկօրյա սիմպոզիումի ընթացքում կդիտարկվեն մարքեթինգային հաղորդակցության և բիզնես խոսույթի առանձնահատկությունները, ինչպես նաև լեզվի դերը բիզնեսի համատեքստում»։
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանը, խոսելով սիմպոզիումի կազմակերպման շարժառիթների և նպատակների մասին, ընդգծեց․ «Այսօրինակ սիմպոզիում կազմակերպելու գաղափարը ծագեց ամբիոնում, քանի որ ունենք մագիստրոսական ծրագիր՝ «Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ», որի շրջանակում ուսանողները զարգացնում են գործարար հաղորդակցության ոլորտում իրենց տեսական և գործնական հմտությունները։ Մենք ունենք բազմաթիվ շրջանավարտներ, որոնք աշխատում են գործարար հաղորդակցության ոլորտում, և որոնք արդեն կայացած մասնագետներ են։ Այդ իսկ պատճառով միտք ծագեց՝ ստեղծելու գործարար հաղորդակցման ոլորտի համալսարանական համայնք, որ մասնագետները միմյանց հետ շփվեն և ուսանողներին հաղորդեն իրենց գիտելիքներն ու հմտությունները, ինչու ոչ՝ նաև ոգեշնչեն երիտասարդներին, որ նրանք վստահեն գիտելիքի ուժին և շարունակեն իրենց մասնագիտական ուղին հենց այս ոլորտում»։

Սիմպոզիումի շրջանակում անցկացվեցին նաև հարցուպատասխան և քննարկումներ, որոնք նպաստեցին ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակմանն ու գաղափարների փոխհարստացմանը։
Իրենց փորձի մասին պատմեցին նաև ԵՊՀ շրջանավարտները, որոնք այսօր արդեն կայացած մասնագետներ են, միաժամանակ՝ գործարար աշխարհի ակտիվ դերակատարներ։ Նրանցից էր «LAVart» բրենդի հիմնադիր Լուսինե Ավդալյանը, որը հանդես եկավ «Արվեստը՝ որպես հաղորդակցության միջոց» թեմայով զեկուցմամբ։ Ներկայացնելով արվեստի և մարքեթինգային հաղորդակցության հատման կետերը՝ մասնագետն ընդգծեց, որ վիզուալ կերպարներն այսօր դարձել են բիզնես հաղորդակցության անբաժանելի մաս։

«Ներկայում վիզուալները լայնորեն օգտագործվում են գովազդները և մարքեթինգային արշավները առավել պատկերավոր և ընկալելի դարձնելու համար։ Այդ իսկ պատճառով ես կարևորում եմ արվեստի դերը բիզնեսում։ Այն ավելի հասանելի ու հուզական է դարձնում հաղորդագրությունը՝ ազդելով մարդու հիշողության և զգայական դաշտի վրա։ Իսկ մենք գիտենք, որ մարքեթինգում հույզերը վճռորոշ դեր են կատարում։ Արվեստի և բիզնեսի միաձուլումը այս տեսանկյունից բավականին արդյունավետ լուծում է թե՛ շուկայում առանձնանալու, թե՛ լսարանի հետ ամուր կապեր հաստատելու առումով»,– հավելեց Լ․ Ավդալյանը։
Միջոցառման շրջանակում բանախոսություններից հետո տեղի ունեցավ «Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում մեր կյանքը» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրին արհեստական բանականության ազդեցությունը մեր առօրյայի, մասնագիտական ոլորտների և համաշխարհային շուկայի վրա՝ բացահայտելով դրա ընձեռած հնարավորություններն ու մարտահրավերները։
Սիմպոզիումի կարևոր բաղադրիչներից մեկն էր գործնական աշխատաժողով-քննարկումը («Simulation games in Business Communication»), որը հնարավորություն տվեց մասնակիցներին խորացնելու գործարար հաղորդակցության, բանակցությունների վարման, որոշումների կայացման և թիմային աշխատանքի հմտությունները։
Նշենք, որ սիմպոզիումը երկօրյա է և կշարունակվի նաև ապրիլի 11-ին՝ քննարկելու, թե ինչպես են ազդում տեքստերը վաճառքի վրա, գովազդային լեզվի առանձնահատկությունները 21-րդ դարում, ԵՊՀ մարքեթինգային հաղորդակցության տեսլականը և մի շարք այլ հետաքրքիր թեմաներ։ Դրանք կխորացնեն մասնակիցների պատկերացումները մարքեթինգային հաղորդակցության գործնական կիրառությունների վերաբերյալ։