- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ՝ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Նոյեմբեր 26, 2021 | 14:15
Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ՝ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Նանոկառուցվածքների մոդելավորման և սիմուլյացիաների գիտաուսուﬓական կենտրոնի ստեղծում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Երաշխավորված ծրագրով նախատեսվում է ստեղծել նանոկառուցվածքների մոդելավորման և սիմուլյացիաների գիտաուսումնական կենտրոն, որի աշխատանքներն ուղղված են լինելու քվանտային կետերի և օղակների հենքով նորագույն սարքերի հատկությունների կանխատեսմանը:
Նանոկառուցվածքների մոդելավորման և սիմուլյացիաների գիտաուսուﬓական կենտրոնի ստեղծման ծրագիրը, ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Վռամ Մուղնեցյանի ղեկավարությամբ, ներկայացրել են նույն ամբիոնի դոցենտ և լաբորատորիայի գիտաշխատող Արամ Մանասելյանը, ասպիրանտ Արսեն Աղաջանյանն ու Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ Լիլիթ Եգանյանը և Նաիրա Պետրոսյանը:
Մեզ հետ զրույցում Վռամ Մուղնեցյանն ասաց, որ ստեղծվող կենտրոնը, որի աշխատանքներն ուղղված են լինելու քվանտային կետերի և օղակների հենքով նորագույն սարքերի հատկությունների կանխատեսմանը, խթանելու է կիսահաղորդչային նանոկառուցվածքների և նանոսարքերի ոլորտում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հետազոտությունները:
«Կիսահաղորդչային քվանտային կետերից և օղակներից կազմված համակարգերն ընկած են էլեկտրական, մագնիսական և օպտիկական եզակի հատկություններով սարքերի ստեղծման հիմքում: Տեսական և փորձարարական հետազոտությունների հետ մեկտեղ մեծ դեր ունեն քվանտային կետերի համակարգերի համակարգչային սիմուլյացիաները, որոնք ոչ միայն կապող օղակ են այդ աշխատանքների միջև, այլև կարող են օգտագործվել որպես «համակարգչային փորձերի» իրականացման արդյունավետ միջոց այնպիսի դեպքերում, երբ լաբորատոր պայմաններում իրական փորձն անիրագործելի է, չափազանց թանկ կամ վտանգավոր»,- նշեց Վռամ Մուղնեցյանը:
Ծրագրի իրագործման ընթացքում, ղեկավարի խոսքով, ակնկալվում է ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ և հաշվարկային ու սիմուլյացիոն ծրագրերի արտոնագրեր. «Բացի դրանից՝ մենք նախատեսում ենք համագործակցություն հաստատել Իսլանդիայի, Չիլիի, Կանադայի և Իրանի համալսարանների մեր գործընկերների հետ և դիմել առնվազն մեկ միջազգային դրամաշնորհային ծրագրի»:
Նրա տեղեկացմամբ, նանոգիտության և տեխնոլոգիաների ոլորտում համակարգչային մոդելավորման հնարավորությունների վերաբերյալ կրթական դասընթացներ ու սեմինարներ են կազմակերպվելու տարբեր բնագավառների հետազոտողների և ուսանողների համար:
«Սիմուլյացիաների լաբորատորիան նախատեսվում է օգտագործել նաև կրթական նպատակներով, ինչը հնարավորություն կտա հետազոտողներին և ուսանողներին խորացնելու գիտելիքները նանոկառուցվածքների հատկությունների մոդելավորման և կանխատեսման բնագավառում»,- փաստեց Վռամ Մուղնեցյանը։
Ծրագիրը եռամյա է: Պահանջների համաձայն՝ խումբը համագործակցելու է արտասահմանյան գործընկերոջ հետ, ինչը ենթադրում է փոխայցելություններ և համատեղ միջոցառումների իրականացում: Վռամ Մուղնեցյանն ասաց, որ իրենց խմբի արտասահմանյան գործընկերն Իսլանդիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Վիդար Գուդմունդսոնն է, որի գիտական աշխատանքների բնագավառն ընդգրկում է ցածր չափայնությամբ էլեկտրոնային համակարգերում մագնիսացվածության, ինֆրակարմիր կլանման, տեղափոխության երևույթների, ինչպես նաև նանոհամակարգերի ժամանակային էվոլյուցիայի տեսական և թվային հետազոտության ուղղությունները։
Քնար Միսակյան