- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն` ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
Դեկտեմբեր 23, 2019 | 16:09
ԵՊՀ-Ն` ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (AUF) դեկտեմբերի 18-ին Oտար լեզուների ակադեմիայում (ՕԼԱ) կազմակերպել էր մրցույթ, որտեղ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի ուսանողները նվաճել են գավաթ:
Մրցույթին մասնակցում էր Հայաստանից 5 բուհ՝ Երևանի պետական, Հայաստանում Ֆրանսիական, Հայ-ռուսական, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները:
ԵՊՀ-ն մրցույթում ներկայացրել են Ֆրանսիական բանասիրության ամբիոնի ուսանողներ Նունե Գրիգորյանը՝ 4-րդ կուրս, Նարե Շալունցը՝ 3-րդ կուրս, Աննա Գաբրիելյանը՝ մագիստրատուրա 1-ին կուրս:
Երևանի պետական համալսարանը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ է:
Ամեն տարի կազմակերպվող մրցույթում ստուգվում է ուսանողների ոչ միայն ֆրանսերենի, այլև ֆրանսիական մշակույթի իմացությունը:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը մեզ հետ զրույցում հպարտորեն նշեց, որ այս տարի առաջին անգամ գավաթը գտնվում է ԵՊՀ-ում:
«Մեզ համար պատվաբեր է, որ ԵՊՀ-ն այս տարի դարձավ գավաթակիր նմանատիպ հեղինակավոր մրցույթում,- նշեց Զավեն Հարությունյանը,- այս գավաթը նաև մեր ամբիոնի և դասախոսների արդյունավետ աշխատանքի արդյունքն է, այն մեկ տարի կմնա ԵՊՀ-ում մինչև հաջորդ հաղթանակը կամ կփոխանցվի հաջորդ տարվա հաղթող բուհին»:
Մրցույթի մասնակից Նունե Գրիգորյանը պատմեց, որ մրցույթն ընթացել է 3 փուլով. «Փուլերից յուրաքանչյուրը ստուգում էր մեր գիտելիքները երկրագիտության, ֆրանսիական մշակույթի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա ածանցյալ կազմակերպությունների մասին»:
Նրա խոսքով, համալսարանի տված գիտելիքներն իրենց առանձնահատուկ դերն ունեն գավաթը նվաճելու գործում, քանի որ լեզվական հմտություններից զատ՝ համալսարանում ուսանողը ձեռք է բերում համակողմանի գիտելիք տվյալ երկրի և մշակույթի մասին:
Մրցույթի մեկ այլ մասնակից՝ Աննա Գաբրիելյանն էլ, պատմելով իր տպավորությունների մասին, նշեց, որ ֆրանսերենը կամուրջ է ոչ միայն դեպի Ֆրանսիա, այլև ֆրանկոֆոն մյուս երկրներ:
«Ֆրանսերենը մեզ հնարավորություն է տալիս առնչվելու ֆրանսալեզու մշակույթի հետ, իսկ մրցույթը շատ լավ առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու այդ բազմաշերտ մշակույթին»,- նշեց նա: