- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՍ ՄԵԾ ՀՈՒՅՍ ԵՄ ԿԱՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ: ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ՆՈՐ ԲԱՆ Է ՍՏԵՂԾՎԵԼՈՒ ՈՒ ԱՐԱՐՎԵԼՈՒ, ԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԴԱ ԱՆԵԼՈՒ ԵՔ ԴՈՒՔ». ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆ
Նոյեմբեր 26, 2019 | 16:19
Հասարակություն
«ԵՍ ՄԵԾ ՀՈՒՅՍ ԵՄ ԿԱՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ: ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ՆՈՐ ԲԱՆ Է ՍՏԵՂԾՎԵԼՈՒ ՈՒ ԱՐԱՐՎԵԼՈՒ, ԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԴԱ ԱՆԵԼՈՒ ԵՔ ԴՈՒՔ». ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆ
ԵՊՀ մեծ շենքի դահլիճում համալսարանականներն այսօր հյուրընկալել էին «Վերջին ուսուցիչը» սերիալի դերասանական և ստեղծագործական կազմին:
Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա Անահիտ Աղասարյանի գրած սցենարով նկարահանվել է 16 մասանոց հեռուստանովել։
Հանդիպման կազմակերպիչը ԵՊՀ ՈւԽ-ի արտաքին կապերի հանձնաժողովն էր, որը համալսարանի ուսանողների համար պարբերաբար կազմակերպում է նմանօրինակ միջոցառումներ:
«Վերջին ուսուցիչը» հեռուստանովելը սիրվել ու մեծ հնչեղություն է ստացել հանդիսատեսի կողմից: Այն ցուցադրվել է սեպտեմբերին, որի պրոդյուսերն Արման Միտոյանն է, ռեժիսորը՝ Հայկ Կբեյանը, ֆիլմում նկարահանվել են Էվելինա Շահիրյանը, Աշոտ Ղազարյանը, Խորեն Լևոնյանը, Էմմա Մանուկյանը, Լիլի Միքայելյանը և այլք։
Վարդգես Պետրոսյանը վիպակը գրել է 1978 թվականին՝ սովետական կարգերի ժամանակ, որտեղ մի դասարանի պատմությամբ հեղինակը բարձրացնում է տարբեր թեմաներ։ Ֆիլմի ստեղծման, նկարահանման ընթացքի և երիտասարդ դերասանների հետ աշխատելու, սյուժեի և ասելիքը ժամանակավրեպ լինելու խնդիր չունենալու մասին այսօր ուսանողների հետ խոսեցին հենց դերասանները:
Դերասանների և ուսանողների հետ հանդիպումն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով:
Հյուրերը պատմեցին իրենց կերպարային առանձնահատկությունների և զարգացումների մասին:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը նշեց՝ իրենց նպատակն էր, որ երիտասարդությունը հետաքրքրությամբ դիտի ֆիլմը և դասեր քաղի դրանից. «Մենք շրջել ենք բազմաթիվ բուհերով և տարբեր հրավերներ ենք ստացել: Այս ամենը մեզ ապացուցում է, որ մենք հասել ենք մեր նպատակին՝ էկրանավորել մի պարզ, մարդկային սերիալ, որը նուրբ անցումներով կդիպչի երիտասարդների սրտերին»:
Անդրադառնալով ուսուցչի՝ Վահան Մամյանի կերպարային առանձնահատկությանը՝ Խորեն Լևոնյանը նշեց, որ թե՛ ուսուցչի, թե՛ դասախոսի գերնպատակը պետք է լինի յուրաքանչյուր աշակերտի կամ ուսանողի համար ավագ ընկեր լինելը:
Դերասաններից Մայիս Համբարձումյանը, որը ֆիլմում կերպավորում է աշակերտներից Տիգրան Մանուկյանին, ասաց, որ ֆիլմն այնքան տպավորիչ էր, որ մինչև այժմ նրանք «քաղում են» ֆիլմի բարիքները:
Դերասանուհիներից Դիանա Անանյան էլ նկատեց, որ իրենք ապացուցեցին, որ արվեստում պահանջարկ, առաջարկ և հարաբերակցություն գոյություն չունեն. «Ուսուցչի կերպարը, որը ստեղծել է հեղինակը, շարունակելու է դեռ երկար ժամանակ արդիական մնալ»:
Դերասանները պատմեցին նաև իրենց ստեղծած հեքիաթի և ոգեշնչման աղբյուրների մասին:
Խորեն Լևոնյանի դիտարկմամբ, ինքը ոգեշնչվում է երիտասարդությամբ. «Ես մեծ հույս եմ կապում երիտասարդների հետ: Եթե ինչ-որ նոր բան է ստեղծվելու ու արարվելու, ես համոզված եմ, որ դա անելու եք դուք»:
Մյուսների բնորոշմամբ, ոգեշնչման աղբյուր են ընտանիքը, ընկերները, հայրենիքը, գրքերը և Աստվածաշունչը:
Անգին Խաչատրյան