- Գլխավոր
- Նորություններ
- ԻՆՉՊԵՍ «ՉՎԱԽԵՆԱԼ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ
Հունիս 12, 2018 | 14:06
Հասարակություն
ԻՆՉՊԵՍ «ՉՎԱԽԵՆԱԼ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ
Հեռախոսազանգ՝ «Բարև Ձեզ, վաղը՝ ժամը 14:00-ին, կարող եք գալ հարցազրույցի»:
Երբեմն այս խոսքերին ավելի շատ ենք սպասում, քան սիրո խոստովանության: Նշանակում է՝ մեր CV-ն նկատել են, և այժմ մենք հնարավորություն ունենք ստանալու այդքան սպասված աշխատանքը: Սակայն, երբ հաճելի զգացողություններն անցնում են, իսկ հարցազրույցի պատասխանատու պահն էլ մոտ է, մեզ հաճախ այնպիսի տագնապ և անհանգստություն է համակում, որը չկառավարելու դեպքում հնարավոր է՝ լավագույնս չներկայանանք գործատուին կամ հանդիպումը տանուլ տանք: Ո՞րն է մեր անհանգստության գլխավոր պատճառը: Դե, իհարկե, անորոշությունը: Անհանգստության հաղթահարմանը կարող են օգնել մի շարք օգտակար գործողություններ:
Դուք պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքեք այն կազմակերպության մասին, որտեղ գնացել եք հարցազրույցի:
Մանրամասն ուսումնասիրեք, օրինակ, կազմակերպության գործունեությունը, նրա կարգավիճակն աշխատաշուկայում, աշխատակիցների նկատմամբ պահանջները և այլն: Համացանցն, իհարկե, տեղեկատվության հավաքագրման կախարդական միջոց է, սակայն դուք կարող եք նաև կապ հաստատել կազմակերպության աշխատակիցների հետ: Մի փոքրիկ գաղտնիք ևս, որն իսկապես օգնում է. եթե գիտեք՝ ով է կազմակերպության HR-ը, որին հանդիպելու եք, ապա գտեք նրան սոցիալական ցանցերում (հատկապես՝ «Linkedin» հարթակում): Հաճախ հենց անձնական էջերի միջոցով կարող եք հասկանալ՝ ինչ գործունեությամբ է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի նա և այլն: Առաջին հայացքից ավելորդ թվացող այս տեղեկատվությունը կօգնի ձեզ առավել ինքնավստահ զգալ, երբ իրականում հանդիպեք նրան:
Նախապես ճշտեք, թե ինչ փուլերից է բաղկացած լինելու հարցազրույցը:
Հնարավոր է, որ հարցազրույցը բաղկացած լինի մի քանի մասերից: Ձեզ կարող են փորձել նաև մասնագիտական, հոգեբանական թեստերի միջոցով կամ գործնական առաջադրանքներ տալ: Այս մասին կարող եք նախապես ճշտել ձեզ զանգահարող մասնագետից: Հարցնելն ամոթ չէ, ընդհակառակը, դուք այդպես ակտիվ և հետաքրքրված թեկնածուի տպավորություն կթողնեք, ինչը միայն կդիտվի որպես առավելություն:
Լա՛վ պատրաստվեք հաճախ տրվող հարցերին:
Ճիշտ է՝ հարցազրույցները կարող են լինել տարաբնույթ, ներառել տարատեսակ անհայտ հարցեր, բայց պարզ է, որ կան այնպիսիք, որոնք միշտ արդիական են: Դրանք հասկանալն այդքան էլ բարդ չէ: Օրինակ, որտեղ էլ գնաք հարցազրույցի, կասեն՝ «Պատմեք ձեր մասին»: Իհարկե, դուք միշտ էլ կարող եք պատմել ձեր մասին, բայց այդ պահի հուզմունքը հնարավոր է խանգարի, իսկ դուք բաց թողնեք ամենակարևորը: Այդ պատճառով էլ նախապես ունեցեք մշակած պատասխաններ (ցանկալի է տարբեր լեզուներով):
Եղե՛ք կազմակերպված:
Նախապես ճշտեք կազմակերպության հասցեն, հանդիպման վայրում եղեք նշված ժամանակից շուտ: Սա կօգնի, որպեսզի դուք խուճապի չմատնվեք: Գաղտնիք չէ՝ հարցազրույցից ուշանալն էլ կարող է վատ տպավորություն թողնել:
Խորը շունչ քաշե՛ք:
Սենյակ մտնելուց առաջ մի քանի անգամ խորը շնչե՛ք և արտաշնչե՛ք, թուլացրե՛ք լարված մկանները:
Սրանք գործնական խորհուրդներ էին, իսկ հիմա ամենակարևորի մասին: Երբեք, երբեք մի՛ հանձնվեք: Միշտ հիշե՛ք, եթե նույնիսկ հարցազրույցը հաջողությամբ չավարտվի՝ աշխարհի վերջը չէ, մի՛ հուսահատվեք և փորձե՛ք կրկին ու կրկին: Հարցազրույցներից չվախենալու լավագույն միջոցն ավելի մեծ թվով հարցազրույցների մասնակցելն է, տարբեր, դժվար իրավիճակներում հայտնվելը, դրանք ձեզ անպայման կկոփեն և միշտ հիշե՛ք, որ հաճախ, երբ ոչնչի չես սպասում՝ ամեն ինչ ավելի լավ է ստացվում: