- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Դեկտեմբեր 17, 2018 | 18:30
Քաղաքականություն
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 5 և մի շարք ընթացիկ հարցերով:
Գիտխորհրդի նիստը մեկնարկեց պարգևատրման արարողությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Կամո Եղոյանը հաղթել է եռամարտի Եվրոպայի առաջնությունում և արժանացել ոսկե մեդալի: Հայաստանի և համալսարանի պատիվը բարձր պահելու համար Արամ Սիմոնյանը Կամո Եղոյանին շնորհեց ԵՊՀ պատվոգիր:
Նիստի օրակարգային հարցերում ընդգրկված էին ամբիոնի վարիչի մրցութային ընտրության՝ ֆակուլտետային գիտխորհուրդների որոշումների հաստատումը, ԵՊՀ զարգացման 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (2017-2018 ուստարի) մասին ԵՊՀ ռեկտորի զեկուցումը, ԵՊՀ-ում «Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2017-2018 ուստարվա համալիր միջոցառումների» կատարման արդյունքների մասին իրազեկումը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի մասին հաղորդումը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2017-2018 ուստարվա գործունեության մասին հաշվետվությունը:
Անդրադառնալով օրակարգային առաջին հարցին գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովների նախագահներ Նաղաշ Մարտիրոսյանը և Խաչատուր Ներկարարյանը ներկայացրին ԵՊՀ ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդների ցուցակը, որտեղ ներառված էին 15 ամբիոնների ներկայացուցիչներ: Ամբիոնի վարիչների մրցութային ընտրության՝ ֆակուլտետային գիտխորհուրդների որոշումները հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով և հայտարարվեց փակ, գաղտնի քվեարկություն:
Արամ Սիմոնյանը, անցնելով օրակարգային երկրորդ հարցին՝ ռազմավարական ծրագրի կատարման ընթացքին, նշեց, որ երեք տարիների ընթացքում էական աշխատանքներ են իրականացվել. «Ծրագրի առաջին գլուխը վերաբերում է որակյալ կրթությանը, որի դրույթների մի մասը կատարվել է, մյուս մասն էլ ընթացքի մեջ է»:
«Ծրագրի երկրորդ մասը վերաբերում է արդիական հետազոտությանը և նորարարությանը, որի խնդիրներից մեկը համալսարանում բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի չափանիշները Զալցբուրգյան սկզբունքներին համապատասխանեցնել է, ինչին հասնելու անհրաժեշտ քայլերի մեծ մասը նույնպես իրականացվել է: Սակայն, պետք է փաստել, որ ԿԳՆ-ն դեռ հստակորեն չի սահմանել այս աստիճանի վերաբերյալ իր մոտեցումները»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
Արամ Սիմոնյանի հավաստմամբ, զարգացման ռազմավարական ծրագրի վերաբերյալ կան խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն. «Ռազմավարական ծրագրի չորրորդ գլուխն առնչվում է մարդկային որակյալ ռեսուրսներին, որի շրջանակում մենք կառուցվածքային փոփոխություն ենք իրականացրել, բայց գիտեք, որ դիմորդների թիվը խիստ նվազել է, ինչի հետևանքով մենք չենք կարողանում պատշաճ աշխատավարձեր ապահովել: Բացի դրանից՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի միջին տարիքը 51 է, ինչը, ճիշտ է, վատ չէ, բայց ևս մեկ անգամ փաստում է, որ մենք պետք է առավել հետևողական քայլեր իրականացնենք՝ երիտասարդ կադրերին շահագրգռելու և ներգրավելու համար:
«Ծրագրի 5-րդ գլուխն առնչվում է որակյալ ենթակառուցվածքներին, որի շրջանակում ստեղծվել են աշխատանքի առավել նպաստավոր պայմաններ, բայց այստեղ էլ դեռ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու: Որակյալ ծառայությունների մատուցումը մեզ համար շարունակում է մնալ «աքիլլեսյան գարշապար»: Այս տարի պակասել են հեռակա ուսուցման համակարգում սովորողների թիվը և տարաբնույթ վճարովի ծառայությունները»,- նկատեց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ կարևորագույն խնդիրները դիմորդների թիվը և ֆինանսային կայունություն ապահովելն են եղել. «Բազմիցս նշել եմ, բայց էլի եմ ուզում փաստել, որ ԵՊՀ ղեկավարությունը, կանխատեսելով դիմորդների սակավաթվությունը և ֆինանսական դժվարությունները, քայլեր ձեռնարկեց՝ լուրջ խնդիրներ չունենալու համար: Ուզում եմ շեշտել նաև, որ դիմորդների քանակը սպասվածից շատ է եղել»:
Անդրադառնալով բուհի միջազգայնացմանը՝ Արամ Սիմոնյանը նշեց, որ բուհը սերտորեն համագործակցում է միջազգային համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ գիտահետազոտական ծրագրեր:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը խոսեց կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ուստարվա միջոցառումների կատարման արդյունքների մասին՝ փաստելով, որ ծրագրի մի շարք գործողություններ, ըստ էության, համահունչ են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված՝ կրթության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և նվազեցմանն ուղղված միջոցառումների ենթածրագրով սահմանված աշխատանքներին:
«Դրանցից են, մասնավորապես, հակակոռուպցիոն կրթության կազմակերպումը և էթիկայի կանոնների մշակումը, գրագողության կանխարգելումը, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործումը, բուհերի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը: Ծրագրով նախատեսված աշխատանքները իրականացվում և համակարգվում են համալսարանի ռեկտորի հրամանով ձևավորված ԵՊՀ հակակոռուպցիոն միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորը:
Այնուհետև Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը ներկայացրեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի մասին՝ փաստելով, որ այժմ ընթանում է 2011 թվականին ստեղծված «Կրեդիտային համակարգով ԵՊՀ դասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի» երկրորդ փուլը, որի նպատակն է զարգացնել ԵՊՀ դասախոսական կազմի ներուժը:
«ԵՊՀ դասախոսական կազմից ծրագրում ընդգրկված է 830 մարդ, ավելի քիչ, քան ծրագրի 1-ին փուլում: Նրանցից 701-ը 2016-2018 թթ. մասնակցել է ծրագրի կրթական և հետազոտական-ուսումնամեթոդական գործընթացներին, իսկ 130-ը դեռևս որևէ ակտիվություն չեն դրսևորել: Առաջին հայացքից, մասնակցության առումով իրավիճակը վատ չէ, բայց կրեդիտային արդյունավետությունը խիստ անհամաչափ է: 320 դասախոս չի մասնակցել որևէ դասընթացի, իսկ 287-ը չեն ներկայացրել որևէ աշխատանք»,- հաղորդեց Ժասմեն Աղասյանը:
Քննարկումներ ծավալվեցին նաև դասախոսների անգլերենի իմացության կատարելագործման վերաբերյալ, որի ժամանակ շեշտվեց, որ այն միջազգային լեզու է, և կարևոր է ժամանակակից նվաճումներին ծանոթանալու համար:
Օրակարգային վերջին հարցը վերաբերում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2017-18 ուստարվա հաշվետվությանը, որը ներկայացրեց մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանը: Անդրադառնալով գործունեությանը՝ տնօրենը ներկայացրեց թվային տվյալներ և տեղեկացրեց, որ մասնաճյուղի ինտերնետային կայքէջը դարձել է եռալեզու, բացի այդ՝ բացվել է գրադարանի կայքէջը:
Նիստի օրակարգային հարցերի ավարտին ամփոփվեցին նաև փակ, գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ ԵՊՀ գիտխորհուրդը հաստատեց ամբիոնի վարիչների՝ ֆակուլտետային գիտխորհուրդների ընտրությունը:
Ընթացիկ հարցերի շրջանակում ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը հաղորդեց ԵՊՀ 2018 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականի (հունվար-նոյեմբեր), ինչպես նաև ԵՊՀ 2019 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:
ԵՊՀ գիտխորհուրդը Արմեն Թռչունյանի «Կենսաէներգետիկա» վերնագրով աշխատանքը հրատարակության երաշխավորելու և այն որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում ՀՀ ԿԳ նախարարությանը միջնորդելու որոշում կայացրեց:
Քնար Միսակյան