- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Փետրվար 13, 2020 | 18:26
Քաղաքականություն
ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 10 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը:
Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհմանը: ԵՊՀ հումանիտար մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանը և գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրին դոցենտի 4 և պրոֆեսորի 2 գիտական կոչումներ շնորհելու հայցերը՝ փաստելով, որ հանձնաժողովներում քննվել է դրանց համապատասխանությունը պահանջվող չափորոշիչներին: Զեկուցումներից հետո կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:
Օրակարգային հաջորդ հարցով ԵՊՀ գիտխորհուրդը, նախապես ծանոթ լինելով 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցին, հաստատեց այն:
ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի մասին հաղորդմանն անցնելով՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասաց, որ զեկույցն ուղարկվել է գիտխորհրդի անդամներին. «Կան ռազմավարական պլանով նախատեսված կետեր, որոնք չեն իրականացվել, կան կետեր, որոնք գերակատարվել են»:
Այնուհետև ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը հաղորդեց ԵՊՀ 2019 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականը (հունվար-դեկտեմբեր)՝ փաստելով, որ 2019 թվականի տասներկու ամսվա ընթացքում ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշվի մուտքերը կազմել են 10,331,992.8 հազար դրամ. «Գերակատարվել է տարեկան նախահաշիվը 9.2 տոկոսով: Ծախսերը կազմել են 9,167,494.7 հազար դրամ, ինչը կազմում է տարեկան նախահաշվի 93.3 տոկոսը»:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԵՊՀ կարծիքի և առաջարկությունների քննարկմանը: Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերին ԵՊՀ գիտխորհրդի կողմից ձևավորվել էր հանձնաժողով, որը մշակել և համակարգել էր ստացված առաջարկությունները, ապա մշակել նախագիծ, որի վերաբերյալ խորհուրդը պետք է հայտնի իր կարծիքը:
Նախագծի դրույթներին ծանոթացրեց իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գագիկ Ղազինյանը՝ գիտխորհրդին ներկայացնելով առկա իրավիճակի նկարագրությունը, նախագծում առկա համակարգային խնդիրները, դիտողություններ նախագծով առաջարկվող առանձին կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև այնտեղ փոփոխություններ կատարելու առաջարկություններ:
Գիտխորհրդի անդամները նախագծի մասին հայտնեցին իրենց կարծիքները, դիրքորոշումները, անհամաձայնությունները և հանդես եկան նոր առաջարկություններով: Նախագծի վերաբերյալ հնչեցին նաև ելույթներ:
Մասնավորապես Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր անհամաձայնությունը հայտնեց հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծի այն ձևակերպմանը, որով նշվում է, թե «կարող են լինել դեպքեր, երբ թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձինք ավելի լավ կարողանան իրականացնել կառավարման գործառույթներ, սակայն դրանք բացառություններ են, այլ ոչ թե օրինաչափություն»՝ համարելով, որ կառավարական հմտությունները գիտական աստիճանի հետ կապ չունեն:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն առաջարկեց փաստաթղթի ձևին և կառուցվածքին ուշադրություն դարձնել: Ըստ նրա՝ պետք է հստակ ներկայացնել, թե ի վերջո օրենքի նախագիծը ԵՊՀ գիտխորհրդի կողմից ընդունելի է, թե ոչ. «Պետք է գալ եզրակացության: Օրենքի նախագիծն ինձ համար ընդունելի է, բայց հանձնաժողովի ներկայացրած փաստաթուղթն ընթերցելիս ստացվում է, որ չպետք է ընդունել այն: Իհարկե, կան խնդիրներ, որոնք պետք է ներկայացնել առաջարկությունների տեսքով»:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանի կարծիքով, օրենքի նախագիծը թերի է և ոչ լիարժեք, քանի որ համապատասխան հետազոտություններ և հարցումներ չեն իրականացվել, և այդ պատճառով էլ ինքն ի սկզբանե դեմ է եղել:
Գիտխորհրդի որոշ անդամներ էլ առաջարկեցին ոչ թե միասնական կարծիք ներկայացնել, այլ դիտարկումներ և առաջարկություններ: Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի կարծիքով, հանձնաժողովի կողմից ներկայացված նախագիծը կարելի է երկու հատվածի բաժանել՝ առաջարկություններ և այդ առաջարկությունների հիմնավորումներ:
«Եթե մենք առաջարկությունների հետ համամիտ ենք, որոնք ունենալու են նորմատիվ բնույթ, ապա հիմնավորումները հետագայում խմբագրելու տեսանկյունից որևէ խնդիր չենք ունենալու: Այսինքն՝ հիմնական շեշտը պետք է դնենք առաջարկությունների վրա: Հետևաբար ես առաջարկում եմ քվեարկության դնել առաջարկությունները և հետո քննարկել հիմնավորումների վերաբերյալ անհամաձայնությունները»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Սակայն գիտխորհրդի որոշ անդամներ պնդեցին, որ առաջարկություններն առանց հիմնավորման իմաստ չունեն: Գեղամ Գևորգյանը նախագիծը դրեց քվեարկության, որը չընդունվեց: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի առաջարկով քվեարկության դրվեց հարց, որով նախատեսվում էր այլևս չանդրադառնալ այս հարցին, ինչը նույնպես չընդունվեց: Գագիկ Ղազինյանը պնդեց, որ դեկտեմբերին գիտխորհուրդը հաստատել է միասնական կարծիք արտահայտելու որոշումը, ինչը կամ պետք է քվեարկությամբ այսօր չեղարկել, կամ պայմաններ ստեղծել՝ նոր նախագիծ ներկայացնելու: Որոշվեց հարցը քննարկել օրակարգային մյուս հարցերի սպառումից հետո:
Հաջորդիվ Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց Ֆինանսական վերլուծությունների վարչության կանոնադրությունը, ինչն ընդունվեց:
Պետության կողմից տրամադրվող ԵՊՀ բազային ֆինանսավորման հայտերի երաշխավորության մասին զեկուցեց Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը: Գիտխորհուրդը հաստատեց դրանք երաշխավորելու առաջարկությունը:
Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը ներկայացրեց 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը՝ նշելով, որ ըստ դրա՝ 57 թեկնածու հավակնում է 54 անվանական կրթաթոշակի, և դրանցից մեկն է, որ չի համապատասխանում նշված չափորոշիչներին: Գագիկ Ղազինյանը նշեց, որ այդ անվանական կրթաթոշակը տրվում է մասնավոր կազմակերպության կողմից, և կա պայմանավորվածություն այդ ուսանողին տրամադրելու: Գիտխորհուրդը հաստատեց ներկայացված ցուցակը:
Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը հաղորդեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի մասին՝ ևս մեկ անգամ կոչ անելով հորդորել դասախոսներին մասնակցելու կազմակերպվող դասընթացներին և ծանոթանալու նորարարական մեթոդներին:
Օրակարգային վերջին հարցին անցնելով՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը զեկուցեց ֆակուլտետի Գ. Անանյանի անվան մուլտիմեդիա լաբորատորիայի վերակազմավորման մասին՝ առաջարկելով այն վերանվանել Գ. Անանյանի անվան ինովացիոն մեդիա կենտրոն, ինչը հաստատվեց գիտխորհրդի կողմից:
Օրակարգային հարցերի ավարտին հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որի համաձայն՝ հաստատվեցին գիտական կոչումներ շնորհելու հայցերը:
Ընթացիկ հարցերի շրջանակում որոշվեցին ԵՊՀ գիտական խորհրդի իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության հանձնաժողովի կազմում կատարել փոփոխություն, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի սրահն անվանակոչել «Հարություն Շմավոնյան սրահ», ԵՊՀ արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ. Դ. Հովհաննիսյանի «Իսլամագիտություն» աշխատանքի առաջին հատորը հրատարակության երաշխավորելու և որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում միջնորդել ԿԳՄՍՆ-ին, ինչպես նաև որպես բուհական դասագիրք միջնորդել «Հայաստանի Հանրապետության Էկոլոգիական իրավունք» աշխատանքը (հեղ.՝ ի.գ.թ., պրոֆեսոր Ա. Իսկոյան, ի.գ.թ. O. Գեղամյան, ի.գ.թ. Հ. Գրիգորյան):
Բացի դրանից՝ որոշվեց «Եվրասիական ինտեգրում. գաղափարներ, խնդիրներ, գործընթաց և հեռանկարներ» ռուսերեն աշխատանքի 2-րդ լրամշակված տարբերակը (համահեղ. Վ. Լեպեխին, Ա.Սաֆարյան, Ս. Բելյակով, Վ. Բելսկի, Ա. Թավադյան) որպես ուսումնական ձեռնարկ երաշխավորել հրատարակության:
Անդրադառնալով օրենքի նախագծի քննարկմանը՝ որոշվեց հաջորդ ուրբաթ հրավիրել գիտխորհրդի նիստ՝ քննարկելու օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկությունները: Կազմվեց նոր հանձնաժողով, որի կազմում են Գեղամ Գևորգյանը, Ռուբեն Մելքոնյանը, Վահե Հովհաննիսյանը և Արմեն Թադևոսյանը:
Քնար Միսակյան