- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ
Փետրվար 26, 2020 | 16:01
Գիտություն
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Մոսկվայի Մ. Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական կազմից, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Պավել Սաֆարյանը, ՄՊՀ-ի մասնաճյուղի ուսումնական գործընթացի մասով գործադիր փոխտնօրեն Ժան Բագիյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Միջոցառման սկզբում ֆակուլտետի դեկան Հ․ Սարգսյանը ողջունեց ներկաներին ու կարճ անդրադարձ կատարեց ներկայիս կրթական համակարգի մարտահրավերներին. «Այսօրվա կրթական համակարգում մեծ փոփոխություններ են կատարվում։ Այդ փոփոխությունների կիզակետը սերտ համագործակցությունն է գիտակրթական տարբեր կառույցների միջև, ինչը հուշագրերի ու պայմանագրերի կնքման միջոցով է իրականացվում»։
Դեկանը խոսեց նաև Մոսկվայի պետական համալսարանի հետ իրենց ունեցած համագործակցության, թվային վարչարարության անհրաժեշտության և կրթության որակի բարձրացման մասին։
«Մեր համագործակցությունն իր ներկապնակի բոլոր երանգներով հնարավոր է։ Ես կարծում եմ, որ հուշագիրը կլինի արտադրողական, օգտակար, ու գործարկումից հետո հնարավոր կլինի արդեն առանցքային խնդիրների շուրջ ընդհանուր հայտարարի գալ»,- նշեց Հ․ Սարգսյանը։
Իր խոսքի վերջում դեկանը Մոսկվայի Մ. Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Պավել Սաֆարյանին նվիրեց «Ի՞նչ անել 1», «Ի՞նչ անել 2» գրքերը և ֆակուլտետի 2014 թվականի բուկլետը։
Պավել Սաֆարյանը նույնպես ողջունեց ներկաներին՝ դիմելով նրանց «ընկերներ» բառով ու նշեց, որ մեծ մասի հետ շատ երկար ճանապարհ է անցել. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել ձեր շրջապատում։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սարգսյանին մեր համատեղ միջոցառման համար»։
Նա ներկայացրեց Մ. Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը, նրա կառուցվածքը, խոսեց մասնաճյուղը զարգացնելու և ավելի լավը դարձնելու ծրագրերի մասին. «Մեր մասնաճյուղը որևէ պետական կառույցի ֆինանսական աջակցություն չունի, բայց ունի որևէ բանով մյուս մասնաճյուղերից ետ չմնալու նպատակ և ցանկություն»։
ՄՊՀ-ի Երևանի մասնաճյուղի գործադիր տնօրենը խոսեց հետագա համագործակցությունների, ԵՊՀ-ից դասավանդելու նպատակով դասախոսներ հրավիրելու մասին։
«Որպես տնօրեն՝ ուզում եմ ասել, որ ինձ համար մեծ պատիվ կլինի, եթե այստեղ նստած անձինք ընդհանուր եզրեր գտնեն և կարողանան դասավանդել մեզ մոտ Մոսկվայից եկած դասախոսների հետ միասին։ Վստահ եմ, որ դուք որևէ բանով չեք զիջի նրանց»,- նշեց Պ․ Սաֆարյանը։
Գործադիր տնօրենը փաստեց, որ համաձայնագիրը նախնական մտադրությունների փաստաթուղթ է, որը հետագա համագործակցության նոր հնարավորություններ կընձեռի։
Ամփոփելով իր խոսքը՝ Պ․ Սաֆարյանը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանին հանձնեց «Մեծ հաղթանակի էսքիզներ․ Արմտագի պատուհան» գիրք-ալբոմը։
Կողմերը ստորագրեցին 5 հոդված պարունակող հուշագիրը և շնորհավորեցին միմյանց։
Հանդիպման վերջում տեղի ունեցավ կարճ քննարկում համագործակցության եզրերի վերաբերյալ։
Մարինա Առաքելյան