- Գլխավոր
- Նորություններ
- ՌԳԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ԳՐՈՄԻԿՈՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
Հունվար 20, 2020 | 16:45
Հասարակություն
ՌԳԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ԳՐՈՄԻԿՈՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել էր Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Գրոմիկոն:
Հյուրին դիմավորեցին ԵՊՀ պրոռեկտորներ Ռաֆայել Բարխուդարյանը և Արթուր Իսրայելյանը, ինչից հետո նա վարպետության դաս անցկացրեց Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների համար: Ֆակուլտետում Ալեքսեյ Գրոմիկոյին ողջունեցին դեկան Ռուբեն Մելքոնյանն ու Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:
Հանդիպմանը ներկա էր նաև «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Ողջունելով հանդիպմանը ներկա ուսանողներին՝ Ալեքսեյ Գրոմիկոն նշեց, որ պատիվ է ունեցել սեպտեմբերին ԵՊՀ-ի 100-ամյակի միջոցառումների շրջանակում այցելելու Հայաստան, հանդիպել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ և կնքել համագործակցության համաձայնագիր:
Ըստ Ա. Գրոմիկոյի՝ հնարավոր չէ լինել լավ եվրոպագետ, արևելագետ՝ առանց տեղյակ լինելու տվյալ տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի տարբեր մասերում գտնվող երկրների ու դրանցում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և այլ գործընթացների մասին:
Բանախոսը խոսեց անցած տարվա ընթացքում աշխարհի մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր քաղաքական ու տնտեսական իրադարձություններից:
Նա նշեց, որ Եվրասիայի արևմտյան հատվածում գոյություն ունեն մի քանի խոշոր կազմակերպություններ, որոնք համաշխարհային զարգացումներում և տարբեր երկրների փոխհարաբերություններում կարևոր դերակատարում ունեն. «Դրանցից մեկը Եվրամիությունն է, և ահա անցյալ տարի տեղի ունեցավ կարևոր իրադարձություն. խոսքը Եվրոպական խորհրդարանի ընտրությունների մասին է, որոնց արդյունքում փոփոխվեց կազմակերպության կառուցվածքը, և նոր ղեկավար մարմիններ ձևավորվեցին»:
Եվրահանձնաժողովն իր նորացված կազմով արդեն սկսել է աշխատանքը՝ շեշտը դնելով «կանաչ տնտեսություն» գաղափարի վրա, նպատակ ունենալով այնպես անել, որ իր անդամ պետություններում մթնոլորտային արտանետումները զրոյականի հասցվեն:
Ա. Գրոմիկոն անդրադարձավ հունվարի 31-ին Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, ինչը որոշվել էր դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում: Այդ բանակցություններից հետո սկսվելու է մի նոր գործընթաց, որի արդյունքում էլ հստակ կլինի կառույցի կազմից արդեն դուրս եկած Մեծ Բրիտանիայի և Եվրամիության փոխհարաբերությունների բնույթը. «Թեպետ քննարկվող հարցերի ծավալը բավականին ընդգրկուն է, սակայն նախատեսվում է բանակցություններն ավարտել 2020 թ. վերջին: Դրանից հետո՝ արդեն 2021 թ., պարզ կդառնա, թե ինչպես են նրանք համագործակցելու, Մեծ Բրիտանիան այդ ընթացքում շարունակելու է կատարել իր պարտավորությունները, բայց ներկայացուցիչ չի ունենալու Եվրահանձնաժողովում, Եվրամիությունն էլ շարունակելու է իր տարբեր հիմնադրամների միջոցով ներդրումներ կատարել»:
Ալեքսեյ Գրոմիկոն ներկաներին պատմեց Ռուսաստանի և նրա գործընկերների՝ Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի համատեղ խոշոր նախագծերի մասին, որոնց նպատակն է կառուցել գազատար հոսքագծեր:
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Ֆրանսիա հարաբերություններին, Ա. Գրոմիկոն նշեց, որ օգոստոսին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան և Եվրամիությունը պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ և ակտիվ բանակցություններ վարեն՝ տարածաշրջանային ու համընդհանուր խնդիրներ լուծելու համար:
Ի դեպ, Մակրոնը հարցազրույցներից մեկի ժամանակ քննադատել է ՆԱՏՕ-ի գործունեությունը՝ նշելով, որ այն չի կատարում իր հիմնական գործառույթները, կորցրել է վերահսկողությունն անդամ երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի նկատմամբ, որը դիտարկում է ՆԱՏՕ-ն իբրև ֆինանսական խոշոր հոսքեր ապահովող միջոց՝ սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու նպատակով:
Եվրամիությունն ակտիվ աշխատանքներ է տանում նաև ԱՄՆ-ից գնվող ռազմամթերքը կրճատելու համար, որպեսզի այդ գումարներն ուղղվեն եվրոպական երկրներում արտադրվող ռազմամթերքը սպառելուն:
Անդրադառնալով ԱՄՆ ներքաղաքական իրադարձություններին՝ բանախոսը նշեց, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն անվստահություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին, այդ թղթերը պետք է փոխանցվեն Սենատին. «Սենատում այդ գործընթացը, բնականաբար, կկասեցվի, քանի որ Սենատի ներկայացուցիչների մեծ մասը հանրապետականներ են, և ընդհանրապես, եթե այսօրևեթ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ անցկացվեն, Թրամփը կվերընտրվի»:
ԱՄՆ-ի համար շատ կարևոր է տնտեսության ցուցանիշը, որը տարեկան ամենաքիչը 2.5 տոկոս աճ է գրանցում, իսկ գործազրկության ցուցանիշն ամենացածրն է, դա այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության աճն օրեցօր դանդաղում է:
Բանախոսն անդրադարձավ վերջին ժամանակներում մեծ աղմուկ բարձրացրած՝ Բաղդադում տեղի ունեցած գեներալ Սուլեյմանի սպանությանը, ինչից հետո Իրաքի խորհրդարանը որոշել է օտարերկրյա բոլոր ռազմական ուժերը դուրս բերել երկրից. «Շատերի կարծիքով, ԱՄՆ-ն այս քայլով ռազմավարական մեծ սխալ է գործել՝ դրանով նվազեցնելով իր ունեցած դերն ու ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Այդպիսով ԱՄՆ-ն միայն ավելի է բարդացնում այն խնդիրների լուծումը, որոնք ծառացել են նրա առջև Մերձավոր Արևելքում»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացումների տեսլականին, Ա. Գրոմիկոն նշեց, որ իր կարծիքով, առանձնակի փոփոխություններ առաջիկա տարվա ընթացքում չեն լինի:
Հասմիկ Ասլանյան