- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ՝ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Հոկտեմբեր 29, 2021 | 16:30
Հասարակություն
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ՝ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այսօր հանդիպել է ուսանողների հետ:
Պատմության ֆակուլտետի դահլիճում կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Պատմության ֆակուլտետի շրջանավարտ, իսկ այժմ Հունաստանում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանի հետ:
Միջոցառմանը ներկա էր նաև Պատմության ֆակուլտետի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Զոհրաբյանը:
«Այսօր մեր հյուրն է Պատմության ֆակուլտետի դասախոս, լավագույն շրջանավարտ Տիգրան Մկրտչյանը: Ուրախ ենք, որ ժամանակ եք գտել այցելելու հարազատ բուհ և ֆակուլտետ: Հպարտ ենք, որ Ձեր դիվանագիտական, քաղաքական և գիտական գործունեության հիմքում համալսարանական կրթությունն է»,- ասաց Էդիկ Մինասյանը և հավելեց, որ ապագայում ևս նախատեսվում են կազմակերպել նմանօրինակ հանդիպումներ դեսպանի հետ՝ ավելի մեծ լսարանների համար:
Տիգրան Մկրտչյանը նշեց, որ մեծ ուրախությամբ է այցելում հարազատ ֆակուլտետ, և որոշ մանրամասներ պատմեց ուսանողական տարիներից, ինչպես նաև աշխատանքային փորձառությունից:
«Մինչև Հունաստանում դեսպան նշանակվելը 2016-2021թթ. Հայաստանը ներկայացրել եմ Բալթյան երկրներում՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում, որտեղ, որպես դեսպան, բավականին լայն ասպեկտով գործունեություն եմ ծավալել հատկապես մշակութային, գիտակրթական ոլորտներում, ինչպես նաև լուրջ շեշտադրումներ են եղել Արցախի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացվող ծրագրերի վրա: Ուրախությամբ պետք է նշեմ, որ դիվանագիտական իմ առաքելության ավարտին հաջողություն ունեցանք՝ Լատվիան դարձավ 30-րդ երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Տվյալ ուղղությամբ ահռելի աշխատանք էինք կատարել»,- նշեց Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը և անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին:
Ներածական կարճ խոսքից հետո դեսպանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: