- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ն՝ ՈՐՊԵՍ ՄԱՅՐ ԲՈՒՀ, ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ». ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՍԵՅԵԴ ՔԱԶԵՄ ՍԱՋԱԴԻՆ
Օգոստոս 22, 2019 | 17:00
Քաղաքականություն
«ԵՊՀ-Ն՝ ՈՐՊԵՍ ՄԱՅՐ ԲՈՒՀ, ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ». ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՍԵՅԵԴ ՔԱԶԵՄ ՍԱՋԱԴԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, որը շուտով ավարտում է իր աշխատանքային լիազորությունները Հայաստանի Հանրապետությունում:
Հանդիպմանը ներկա էր ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին Երևանի պետական համալսարանի և Իսլամական ազատ համալսարանի միջև սերտ համագործակցության, չորս տարվա ընթացքում անցկացված գիտաժողովների, սեմինար-քննարկումների և հետագա զարգացման հեռանկարների մասին:
Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե ով է լինելու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, կողմերի միջև շարունակական է լինելու սերտ համագործակցությունը. «Հույս ունեմ, որ Ձեր դիվանագիտական աշխատանքները շարունակվելու են այլ երկրներում և ավելի արդյունավետ են լինելու»:
Շնորհավորելով Գ. Գևորգյանին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Սեյեդ Քազեմ Սաջադին հույս հայտնեց, որ Գ. Գևորգյանն այս պաշտոնում հետամուտ է լինելու հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: «Հրաշալի հարաբերություններ են ձևավորվել Երևանի պետական համալսարանի և Թեհրանի համալսարանի միջև: Մենք ունենք մոտավորապես 400 ուսանող, որոնք ուսումնառում են բժշկական և ոչ բժշկական բուհերում: Հուսով եմ, որ բուհի գիտական մակարդակը համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին՝ մենք կկարողանանք ավելի շատ ուսանողներ ուղղորդել հայաստանյան բուհեր»,- ընդգծեց դեսպանը:
Նա հստակեցրեց նաև, որ ԵՊՀ-ում պարսկերեն սովորող ուսանողներին դեսպանատունն աջակցում և նրանց համար որոշակի քայլեր է ձեռնարկում:
Սեյեդ Քազեմ Սաջադին տեղեկացրեց, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի նախաձեռնությամբ և դեսպանատան աջակցությամբ ուսանողները մեկնում են Իրան և ծանոթանում իրանական մշակույթին, հազարամյա պատմությանը և քաղաքական մտքին:
«ԵՊՀ-ն՝ որպես Մայր բուհ, մեծ դերակատարում ունի երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու գործում։ Կարծում եմ, որ դասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելով, սեմինար-քննարկումներ, գիտաժողովներ անցկացնելով՝ մենք կկարողանանք գիտական և մշակութային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնել»,- հայտնեց դեսպանը:
Բարձր գնահատելով ԵՊՀ-ի դերը հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ վերջինս հույս հայտնեց, որ կկազմակերպվեն գիտաժողովներ և սեմինարներ, որոնց միջոցով ուսանողները կծանոթանան երկու երկրների կրոններին. «Այս կերպ մենք կխթանենք նաև առևտրատնտեսական, մշակութային և քաղաքական համագործակցության զարգացումը. իսլամը խաղաղության կրոն է»:
Ի պատասխան այս մտքին՝ Գ. Գևորգյանը նշեց, որ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի, ինչպես նաև իրանագիտության ամբիոնի ուսանողները պատրաստակամ և շահագրգիռ են ծանոթանալու և մանրամասն ուսումնասիրելու իսլամը:
Հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և կողմերի՝ հեռանկարային համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը բարձր գնահատեց նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:
Վերջինս խոսեց այն ծրագրերի մասին, որոնք կյանքի են կոչվել վերջին 4 տարիների ընթացքում:
Հանդիպման ավարտին Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց սեպտեմբերի վերջին կայանալիք՝ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին, ինչպես նաև Սեյեդ Քազեմ Սաջադիին նվիրեց ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ թողարկված հուշանվերներից մեկը:
Պատրաստեց Անգին Խաչատրյանը