- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ն ԱՐԴԵՆ ԻՄ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է ԴԱՐՁԵԼ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ». ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂ ԱՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Դեկտեմբեր 17, 2021 | 14:39
Հասարակություն
«ԵՊՀ-Ն ԱՐԴԵՆ ԻՄ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ Է ԴԱՐՁԵԼ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ». ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂ ԱՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Սուքիասյանի կյանքում Մայր բուհը որոշիչ դեր է ունեցել. այսօր նա սովորում է Պրահայի Կառլի համալսարանում:
Երիտասարդ համալսարանականը վստահ է, որ առաջ շարժվելու համար պետք են հստակ և մտածված նպատակներ, սահմանված առաջնահերթություններ, վճռականություն և համբերություն:
Երազանք, որն այլևս իրականություն է ….
ԵՊՀ ընդունվելը դեռ մանկուց երազանք էր ու մինչև վերջին պահը թվում էր անհասանելի: Ինձ համար դա նպատակային կետ էր, որին պետք է հասնեի: Երևի հենց դա էր այն շարժիչ ուժն ու գործոնը, որոնք ինձ բերեցին այստեղ՝ Չեխիա: Իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ՝ ԵՊՀ-ն, որը, բացի կրթությունից, նաև այլ բացահայտումների դաշտ էր ինձ համար, արդեն իմ մի մասնիկն է դարձել, ինչի համար ես ուրախ եմ: Հրաշալի դասախոսներ ու կուրսընկերներ. թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում ունեցել եմ և ունեմ լավագույն կուրսընկերներ: Դա երևի թե գլխավոր շարժառիթներից է, որովհետև նրանք են մթնոլորտ ձևավորողները:
Շարունակական կրթություն և ինքնակատարելագործվում ….
Ուսանողական կյանքում իմ, այսպես ասած, ներդրումն ունեցել եմ այն ժամանակ, երբ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն էի: Արտերկրում կրթությունս շարունակելու պատճառով ՈՒԳԸ-ում գործունեությունս կարճ տևեց, ընդամենը մեկ կիսամյակ, բայց մասնագետների հետ շփումն ու քննարկվող թեմաներն օգնեցին մեկ այլ դիտանկյունից բացահայտել ինձ:
Մանկուց կար նաև մեկ այլ երազանք, որն ավելի անհասանելի էր թվում՝ արտերկրում սովորելը: Սակայն տարիների ընթացքում ավելի եմ համոզվում,
որ ինչքան մեծ է ցանկությունն ու վճռականությունը, այնքան ավելի իրատեսական է նպատակների իրագործումը: Հիմա սովորում եմ Չեխիայի Հանրապետության Կառլի համալսարանում, այստեղ ուսումնասիրվող թեմաներն ավելի են խորացնում արդեն իսկ ԵՊՀ-ում ձեռք բերված գիտելիքներս, իսկ տարաբնույթ մտածելակերպով դասախոսների և ուսանողների հետ շփումը՝ օգնում է ավելի լավ պատկերացում կազմել հաղորդակցության կարևորության և անհրաժեշտության մասին:
Մենք ԵՊՀ-ինն ենք, ԵՊՀ-ն՝ մերը…
ԵՊՀ-ն իրականում մեծ դերակատարում ունի իմ կյանքում, որովհետև նաև նրա շնորհիվ է, որ ես հիմա այնտեղ եմ, որտեղ միշտ ձգտել եմ լինել: Հենց Մայր բուհի
շնորհիվ է, որ հնարավորություն եմ ստացել մի շարք եզակի դասախոսներից ձեռք բերելու ոչ միայն գիտելիք, այլև մարդկային պարզ շփում ու որակներ, խորհուրդներ՝
տարաբնույթ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար:
Հաջողության բանաձև՝ նպատակներ, առաջնահերթություններ ու վճռականություն…
Առհասարակ չեմ խոսում իմ ապագա անելիքների մասին, որովհետև ինձ համար ավելի կարևոր է արդյունքը, քան պարզապես գեղեցիկ շարադրված երազանքները: Իմ սերնդակիցներին չեմ ուզում և չեմ էլ փորձի ինչ-որ պաթետիկ մոտիվացիոն խոսքեր ասել, քանի որ դրանք երբեք չեն դառնում ոգեշնչման աղբյուր, այլ ընդհակառակը՝ վանում են: Միայն կասեմ, որ յուրաքանչյուրս՝ որպես ուսանող, պետք է հասկանանք, որ առաջ շարժվելու համար պետք են հստակ և մտածված նպատակներ, սահմանված առաջնահերթություններ, վճռականություն և համբերություն՝ կես ճանապարհին չհուսալքվելու համար:
Մի փոքր բարդ թեորեմ է, բայց դրա շնորհիվ հնարավոր է լուծել այդքան խրթին թվացող «խնդիրները»:
Վարդուհի Զաքարյան