- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբեր 25, 2018 | 18:11
Քաղաքականություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի՝ 2018թ. հուլիսի 30-ի թիվ 011 հանձնարարականի համաձայն ստեղծված հանձնաժողովը, Երևանի պետական համալսարանում իրականացնում է ստուգումներ:
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի՝ 2018թ. հուլիսի 30-ի թիվ 011 հանձնարարականի համաձայն ստեղծված հանձնաժողովը, Երևանի պետական համալսարանում իրականացնում է ստուգումներ:
Ծառայության պետի որոշմամբ, ստուգումների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ. նոյեմբերի 30-ը, իսկ հանձնաժողովի անդամների թիվը 6-ից հասցվել է 17-ի:
Մինչ օրս Երևանի պետական համալսարանի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները համակողմանի աջակցություն են ցուցաբերել ստուգող հանձնաժողովին՝ տրամադրելով նրանց կողմից պահանջված ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկատվություն: Ավելին, շատ հաճախ հանձնաժողովի կողմից պահանջվել և ուսումնասիրվել են ԵՊՀ գործունեության հետ առնչվող այնպիսի փաստաթղթեր, որոնց ստուգումը դուրս է պետական վերահսկողության ծառայության՝ օրենքով սահմանված իրավասության շրջանակից: Սակայն համալսարանի ղեկավարությունը պատրաստակամորեն տրամադրել է ցանկացած տեղեկատվություն՝ նպատակ ունենալով ապահովել ստուգման ամբողջականությունը:
Միաժամանակ արձանագրում ենք, որ ստուգող հանձնաժողովի կողմից մինչ օրս որևէ խախտում չի բացահայտվել, դրա ենթադրյալ առկայության մասին տեղեկատվություն չի ներկայացվել ԵՊՀ ղեկավարությանը, առավել ևս չի կազմվել որևէ վարչական արձանագրություն:
Մինչդեռ այսօր՝ 2018թ. հոկտեմբերի 25-ին, ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում խոսելով Ագրարային համալսարանում բացահայտված 350 միլիոն ՀՀ դրամ խախտման մասին, հայտարարել է, թե. «Լուրջ խախտումներ ԵՊՀ-ում ևս կան, որևիցե բան չեմ կարող ասել, բայց նախնական տվյալներով՝ երկու անգամ կամ ավելի [անգամ] գերազանցելու է Ագրարային համալսարանում բացահայտվածին»:
Մեր դիտարկմամբ, չսպասելով ստուգումն ավարտելուն, սահմանված ընթացակարգով դրա արդյունքներն ամփոփելուն և համապատասխան վարչական արձանագրություն կազմելուն՝ վերահսկողական ծառայության պետն արել է հայտարարություն, որը, մեր գնահատմամբ, միտված է հասարակությանը մոլորեցնելուն և պարունակում է Մայր բուհի գործունեության մեջ ամեն գնով «լուրջ խախտումներ» գտնելու մասին հանձնաժողովին տրված հրապարակային հանձնարարություն: Չի բացառվում նաև, որ նման արձագանքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի քաղաքական անփորձության և անթույլատրելի շտապողականության հետևանք է:
Այդ պատճառով դատապարտում ենք ՀՀ վերահսկողական ծառայության պետի նմանօրինակ գործելաոճը, հորդորում ենք դրսևորել պետական բարձրաստիճան պաշտոնյային վայել վարքագիծ և ապահովել իրականացվող ստուգումների անաչառությունը:
Հայտարարում ենք, որ հանձնաժողովի կողմից ցանկացած սադրանք կամ ոչ իրավաչափ գործունեություն այսուհետ գնահատելու ենք որպես պետական վերահսկողության ծառայության պետի այսօրվա հայտարարության տրամաբանական շարունակություն:
Միաժամանակ դիմում ենք Դ. Սանասարյանին՝ պահանջելով հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները, հակառակ դեպքում դիմելու ենք իրավունքի դատական պաշտպանության:
Երևանի պետական համալսարան