- Գլխավոր
- Նորություններ
- ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Դեկտեմբեր 04, 2019 | 13:01
Գիտություն
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը:
Իրավագիտության ֆակուլտետի ամենամյա գիտական նստաշրջանի նպատակը ասպիրանտների և հայցորդների գիտական աշխատանքների ամփոփումն ու դրանց արդյունքների քննարկումն է:
«Այն հետաքրքիր միջոցառում է, որի ընթացքում մեր ասպիրանտները և հայցորդները ներկայացնում են իրենց գաղափարները և միևնույն ժամանակ ստանում նոր լիցքեր՝ հետագայում շարունակելու հետազոտական աշխատանքները»,- մեզ հետ զրույցում ասաց ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Հայկյանցը:
Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ինչպես նաև գիտաժողովի նիստի նախագահ Արթուր Վաղարշյանը նշեց, որ գիտական առաջատար կազմակերպություններում նման ձևաչափով միջոցառումներ շատ հաճախ են կազմակերպվում. «Այդ միջոցառումների նպատակն ասպիրանտների և հայցորդների հաղորդակցություն է, որոնց ժամանակ գիտական հանրույթի մյուս անդամները ստանձնում են ընդդիմախոսի դերը: Հուսով եմ՝ մեր միջոցառումն էլ կպահպանի այդ ձևաչափը և կգրանցի ակնկալվող արդյունքները»:
Երկօրյա նստաշրջանին մասնակցում են 27 զեկուցողներ, որոնք ներկայացնում են իրավական հիմնախնդիրներ իրավունքի բոլոր բնագավառներից: Բացի ֆակուլտետի ասպիրանտներից և հայցորդներից՝ այս տարվա նստաշրջանին զեկուցումներով հանդես են գալիս նաև Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչը, Արմեն Հայկյանցի հավաստմամբ, երկու համալսարանների միջև առկա գիտական համագործակցության հաստատումն է:
Դեկանի տեղակալի փոխանցմամբ, նստաշրջանին հնչած զեկուցումները տպագրվելու են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների նստաշրջանի նյութերի ժողովածուում, որը հասանելի է գիտական լայն հանրությանը:
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 6-ին մեկնարկելու է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտական նստաշրջանը:
Քնար Միսակյան