- Գլխավոր
- Նորություններ
- ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Դեկտեմբեր 06, 2019 | 16:05
Գիտություն
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա գիտաժողովը, որի ժամանակ հնչել են զեկուցումներ` նվիրված արդիականություն ունեցող իրավագիտական հիմնահարցերին:
Պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա գիտաժողովն Իրավագիտության ֆակուլտետում անցկացվող ավանդական միջոցառումներից մեկն է, որը տեղի է ունենում արդեն 19-րդ անգամ: Միջոցառման նպատակն է ամփոփել տարվա ընթացքում կատարված գիտահետազոտական բոլոր աշխատանքները և վերլուծել դրանց արդյունքները:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել Իրավագիտության ֆակուլտետի բոլոր ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը փաստեց, որ գիտաժողովին մասնակցելու հայտերը շատ են եղել, սակայն ընտրվել են այն թեմաները, որոնք արդիական են և այս պահին մեծ նշանակություն ունեն գործնական դաշտում:
«Մեր նպատակն էր ծավալել գիտական քննարկում այդ թեմաների վերաբերյալ, վերլուծել և ապա ամփոփ ու վերջնական տեսքով դրանք տարածել մասնագիտական հանրույթի շրջանում: Նյութերն օգտակար կլինեն նաև կիրառության իմաստով»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Նրա փոխանցմամբ, գիտահետազոտական բոլոր նյութերը, այդ թվում՝ գիտաժողովին հնչած զեկուցումները, հրապարակվելու են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածուում, որն առաքվում է այլ բուհեր և գիտագործնական նշանակություն ունեցող տարբեր կառույցներ:
Գագիկ Ղազինյանը հիշեցրեց, որ երեկ ամփոփվել է ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը, որի նպատակն էր հարթակ տրամադրել զեկուցողներին՝ մասնագիտական լսարանի առաջ ներկայացնելու իրենց ատենախոսության որևէ դրույթ: Դեկանի փոխանցմամբ, նստաշրջանին հնչած զեկուցումները ևս հրապարակվելու և հասանելի են դառնալու գիտական լայն հանրությանը:
Քնար Միսակյան