- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԹՈՒՐՔ ՀԱՅՏՆԻ ՊԱՏՄԱԲԱՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ ՀԵՏ
Հունիս 15, 2018 | 14:33
Կրթություն
ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԹՈՒՐՔ ՀԱՅՏՆԻ ՊԱՏՄԱԲԱՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամին:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը և նույն ամբիոնի դասախոս Լուսինե Սահակյանը:
Արամ Սիմոնյանը նախ հյուրին ներկայացրեց ԵՊՀ-ի հիմնադրման համառոտ պատմությունը, կառուցվածքը, ուսումնագիտական գործընթացներն ու միջազգային համագործակցությունը:
«Մայր բուհը գրեթե մեկդարյա պատմություն ունի: ԵՊՀ-ն հանրապետության ամենամեծ և գլխավոր բուհն է, որը տալիս է երկրի գիտական արդյունքի շուրջ 1/3-ը: Համալսարանի զարգացման համար բուհի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային կապերի հաստատմանն ու զարգացմանը: Մենք կարևորում ենք արտասահմանյան հեղինակավոր բուհերի հետ գիտական կապերի ընդլայնումը»,- նշեց ԵՊՀ ռեկտորը և հավելեց, որ ծանոթ է թուրք հայտնի պատմաբանի գրքերին և մեծ պատիվ է Մայր բուհում հյուրընկալել նրան:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հյուրին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի գիտական աշխատանքները, անդրադարձավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի գործունեությունը, ներկայացրեց կառուցվածքը, ֆակուլտետում դասավանդվող առարկաները:
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը հետաքրքրվեց՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ինչ ուսումնասիրություններ են իրականացվում, ինչպես նաև հյուրին հետաքրքրեց, թե արդյոք ԵՊՀ-ում օմաներեն դասավանդվում է, և ուսանողները տիրապետում են այդ լեզվին, Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ այո դասավանդվում է և կան ուսանողներ, ովքեր լավ տիրապետում են այդ լեզվին:
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը ԵՊՀ ռեկտորին շնորհակալություն հայտնեց հյուրընկալելու և Մայր բուհում դասախոսություն կարդալու համար:
Նադեժդա Տեր-Աբրահամյան