- Գլխավոր
- Նորություններ
- ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ԴԱՍԱԽՈՍՆ ՈՒ ԻՐ ՈՒՍԱՆՈՂԸ, ԱՅԼ ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ. ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՎԱՅՐԸ ԵՊՀ-Ն ԷՐ
Դեկտեմբեր 19, 2018 | 15:04
Հասարակություն
ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ԴԱՍԱԽՈՍՆ ՈՒ ԻՐ ՈՒՍԱՆՈՂԸ, ԱՅԼ ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ. ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՎԱՅՐԸ ԵՊՀ-Ն ԷՐ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի դոցենտ Արման Ղարագուլյանի և կնոջ՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդող Մանե Մադոյանի հանդիպման ճակատագրական վայրը ԵՊՀ-ն էր:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետը դարձավ մեր սիրո «առաջին վկան»
Սեպտեմբերյան մի արևոտ օր, երբ Արման Ղարագուլյանն առաջին անգամ սկսում է աշխատանքը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսում, դասից մի փոքր ուշացած ներս է մտնում Մանեն:
«Ես ծանոթանում եմ ուսանողների հետ, պատրաստվում եմ սկսել առաջին դասը, մեկ էլ մի ուսանող բացում է դուռը և կարծես փոշմանած փակում»,- հիշում է Ղարագուլյանը:
Շուտով «գաղտնիքը բացվում է»: «Ես իմ պատկերացումներում կերտել էի փիլիսոփայության ավագ դասախոսի կերպար, որը չէր կարող այդքան երիտասարդ լինել, որքան Արմանն էր»,- ժպիտով պարզաբանում է Մադոյանը:
Սակայն շուտով Մանեն մտնում է լսարան և «համակերպվում» այն մտքին, որ դասախոսն այդքան երիտասարդ է:
Երիտասարդ դասախոսը դառնում է կուրսի ուսանողներից շատերի մոտ ընկերը, հրավիրվում նրանցից մեկի ծննդին, դասից դուրս շփվում և ճանաչում ուսանողներին:
Ահա այս շփումներն էլ մտերմացնում են ապագա զույգին:
Սիրահարվել են ոչ թե դասախոսն ու իր ուսանողը, այլ արտալսարանական շփումներ ունեցող մարդիկ:
«Ես սիրահարվել եմ ոչ թե ընկեր Ղարագուլյանին, այլ լսարանից դուրս իմ մտերիմ ընկերոջը»,- ասում է Մանե Մադոյանը:
Հանդիպումները գնալով դառնում են բազմաբնույթ: Զույգի հավաստմամբ, իրենց մտերիմ ընկերներն ավելի շուտ էին հասկացել, որ ընկերական կապը վերաճում է այլ հարաբերությունների, բայց իրենք դա դեռ չէին գիտակցում:
«Ճանապարհորդությունները, տարաբնույթ հանդիպումներն ամրացրին մեր կապը, մենք ճանաչեցինք մեկս մյուսին, խոսում էինք ամենատարբեր թեմաներից՝ փիլիսոփայությունից մինչև հեքիաթագրություն»,- փաստում է Մադոյանը:
Ահա մի օր էլ Մանեն ստանում է ամուսնության առաջարկություն:
«Ինձ բավական էր Մանեին ճանաչելու այն կարճ ժամանակահատվածը, որ ես ամուսնության առաջարկություն անեի»,- վստահեցնում է Արմանը:
Իսկ Մանեն հավելում է. «Ես ուզում էի սիրել և այնպես սիրել, որ անունս մոռանայի»:
«Ձմռան մոտ մեր սերը ծաղկեց»
2006 թ. նոյեմբերի 30-ին զույգն օրինականացնում է հարաբերությունները:
«Առարկայացած սիրուց երկու տարի անց մենք ամուսնանում ենք»,- ասում է Մանեն:
«Մենք նայում ենք նույն ուղղությամբ, նույն գաղափարներն ունենք, նույն նպատակները, միայն թե նպատակներին հասնելու ձևերն են տարբեր»,- նշում է Ղարագուլյանը:
Վերջինս կարծում է, որ կնոջ՝ լրագրողի մասնագիտությունը լրացնում է իրեն, իսկ իր մասնագիտությունը՝ նոր բացահայտումներ անում կնոջ համար:
«Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ինձ ջերմությամբ են ընդունում, դեկանն էլ անընդհատ կրկնում է՝ քեզ աղջիկ եմ տվել»,- ժպիտով պատմում է դոցենտը:
«Ամենահամեղ բիբարով ձվածեղը պատրաստում է Մանեն»
Արման Ղարագուլյանի խոսքով, ինքն ուտելու հարցում բծախնդիր չէ, բայց լավագույն ուտեստների շարքում Մանեի պատրաստած «բիբարով ձվածեղն» իր ուրույն տեղն ունի:
Իսկ Մադոյանն էլ պնդում է. «Ես գիտեմ՝ Արմանն ինչ կհավանի, որ ֆիլմը կընտրի, որ գիրքը կընթերցի»:
Բայց և այնպես, Մանեն մի տարբերություն է տեսնում. «Ես սիրում եմ առավոտյան վաղ արթնանալ, իսկ Արմանը՝ ոչ, բայց դա իր առանձնահատկությունն ունի. չկա ավելի երանելի պահ, քան արթնանալուն պես տեսնել, թե ինչպես է հանգիստ քնած ընտանիքդ»,- ասում է Մանեն:
«Խաղաղ ընտանիք ունենալը մեզ համար բարձրագույն արժեք է»
Զույգի ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը փոխզիջումը, սերն ու հարգանքն է: «Խաղաղությունը պայմանավորված է սիրով և հարգանքով, այլ ոչ թե բուռն կրքերով»,- մեկնաբանում է Մանեն:
Ըստ զույգի՝ անլուծելի խնդիրներ չկան, բայց խնդիրները մեծ են թվում, երբ մյուս կողմի համար դրանք նկատելի չեն. «Ինձ համար ամենափոքր խնդիրն անգամ դժվարամարս է, եթե Արմանը դա չի նկատում»:
«Մենք գործի ենք դնում մեր բոլոր ջանքերն ընտանեկան խաղաղ հարկի տակ ապրելու համար»,- փաստում է զույգը:
Ամուսինները միասին են արդեն 12 տարի: Երկու գեղեցկագույն աղջիկները, որոնց անունները ¥Արփի, Մարի¤ զույգն ընտրել է երկնային զգացողություն պարգևելու խորհրդով, քաղցրացնում և ջերմացնում են նրանց կյանքը:
Անգին Խաչատրյան