- Գլխավոր
- Նորություններ
- ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 26, 2019 | 17:42
ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Հնդկաստանի Հանրապետության Սահմանադրության 70-ամյակին նվիրված միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դևալը, ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ-հնդկական բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, Հայ-հնդկական բարեկամական խմբի անդամներ, օտարերկրյա հյուրեր և ուսանողներ:
Միջոցառման սկզբում ներկաները հարգանքի տուրք մատուցեցին անկախ Հնդկաստանի Սահմանադրության հեղինակ, հնդկական Սահմանադրության գլխավոր կերտող, իրավաբան, քաղաքական գործիչ, դոկտոր Բ. Ռ. Ամբեդկարիի հիշատակին:
Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:
Վերջինս, բարի գալուստ մաղթելով ներկաներին, նշեց, որ այս տարի ԵՊՀ-ն նշում է իր հիմնադրման հարյուրամյակը:
«1949 թվականին՝ նոյեմբերի 26-ին, Հնդկաստանում ընդունվեց Սահմանադրությունը, որի շնորհիվ միավորվեցին Հնդկաստանում ապրող բազմազան ազգեր, կրոններ, մշակույթներ և կաստաներ,- ասաց Արթուր Իսրայելյանը,- Հնդկաստանում Սահմանադրությունը չի պատկանում որևէ կոնկրետ մարդու կամ կրոնի, այն ողջ Հնդկաստանինն է»:
Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դևալը:
Վերջինս շնորհակալություն հայտնեց հյուրերին Հնդկաստանի Սահմանադրության օրը միասին նշելու համար, ներկայացրեց Հնդկաստանի Սահմանադրության ընդունման նախապատմությանը:
«Գաղտնիք չէ, որ Հնդկաստանում ապրում են ամենատարբեր էթնիկ, կրոնական , մշակութային և լեզվական առանձնահատկություններ ունեցող խմբեր,- փաստեց Կիշան Դան Դևալը,- և մեր Սահմանադրությունն է, որ մեզ դարձնում է մեկ ազգ և մեկ մարդ»:
Նրա խոսքով, անկախ Հնդկաստանին փարոս էր պետք, որը կմիավորեր երկիրն ու կուրվագծեր վերջինիս զարգացման հեռանկարը:
Պարոն Կիշան Դան Դևալը խոսեց նաև ՀՀ Սահմանադրության մասին՝ զուգահեռներ անցկացնելով երկու սահմանադրությունների միջև, արձանագրելով առկա նմանությունները:
Ներկաներին ողջունեց նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ-հնդկական բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա նույնպես իր և Հայ-հնդկական բարեկամական խմբի անունից շնորհավորեց Հնդկաստանի Սահմանադրության 70-ամյակը՝ նշելով, որ հայ-հնդկական բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի:
«Հայաստանում մենք հաճախ ենք ասում, որ մեր պատմության առաջին Սահմանադրությունը գրվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը,- այս հարցը մինչ այժմ էլ պատմաբանների կողմից հաճախ է քննարկվում, ինչևէ, այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ-հնդկական կապերը դարավոր պատմություն ունեն»:
Վերջինս փաստեց, որ իրենց հիմնական նպատակն է ավելի խորացնել հայ-հնդկական բարեկամությունը:
Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ մեծ հետաքրքրությամբ է ուսումնասիրել Հնդկաստանի Սահմանադրությունը, քանի որ այն կանոնակարգում է աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունը:
Նա ելույթում նաև ասաց, որ յուրաքանչյուր մեծ, բազմազգ պետության անբաժանելի մասն ազգային գաղափարախոսության ստեղծումն է, որն իր շուրջը կմիավորի բոլորին:
«Հնդկաստանի դեպքում այն Սահմանադրությամբ ամրագրված եղբայրության գաղափարն է, որն ապահովում է անձի արժանապատվությունը, ազգի միասնությունն ու ամբողջականությունը,- փաստեց ԱԺ պատգամավորը,- հենց այս գաղափարի շուրջ է, որ միավորվել են այդքան տարբեր ծագում ու մշակույթ ունեցող մարդիկ»:
Վերջում հյուրերը դիտեցին ֆիլմ՝ նվիրված Հնդկաստանի Սահմանադրությանը: