- Գլխավոր
- Նորություններ
- ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐՈՎ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ «ԿԻՑՈՒՆԵ» ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբեր 20, 2019 | 15:11
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐՈՎ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ «ԿԻՑՈՒՆԵ» ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել հայ-ճապոնական հեքիաթի բեմադրությունը:
Միջոցառումը կազմակերպել էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ճապոներենի խմբի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը, ամբիոնի դասախոսներ և ուսանողներ:
Հեքիաթի բեմադրումը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին, ինչպես նաև հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Բեմում ուսանողները ներկայացրին հեքիաթ՝ ստեղծված երկու երկրների հայտնի հեքիաթային հերոսների միաձուլումից:
Հեքիաթի հիմքում ճապոնական «Կիցունե» (աղվես) հեքիաթն էր:
Մեզ հետ զրույցում ճապոներենի դասախոս Ամալյա Բալոյանը նշեց, որ փորձել են «Կիցունե» ճապոնական հեքիաթը նմանեցնել հայկական «Պոչատ աղվես»-ին:
«Մեր բեմադրման մեջ մենք խառնել ենք հայկական «Պոչատ աղվես» ու ճապոնական «Կիցունե» հեքիաթները,- պատմեց Ամալյա Բալոյանը,- այս երկու երկրների ազգային հեքիաթների միաձուլումից ստեղծված հեքիաթում կան նաև «Անբան Հուռին», «Բարեկենդանը», «Նաղաշը»»:
Ուսանողները հեքիաթը ներկայացրին հայերեն և ճապոներեն: