- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբեր 12, 2018 | 18:10
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
Ինչպես մեզ հայտնեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, գարնանը Գերմանական միջազգային զարգացման «Ջի Այ Զեթ» ընկերության պատվերով «Ի-Վի-Քոնսալթինգ» կազմակերպությունն իրականացրել է «Կանաչ աշխատաշուկայի գնահատում» թեմայով հետազոտություն (հետազոտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ԵՊՀ «Ձեռնարկությունների հետ համագործակցության» ինտերնետային պորտալից), որին աջակցել են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը։ Այդ հետազոտության արդյունքներն այսօր ներկայացվեցին ԵՊՀ-ում, և դրանց շուրջ ծավալվեց քննարկում։
Կարինե Նազարյանն ասաց, որ հետազոտության նպատակը կենսաբանության ոլորտի աշխատաշուկայի և Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կապերի ամրապնդումն է։ «Մենք այսօր հնարավորություն ունենք ծանոթանալու շատ հետաքրքիր հետազոտության արդյունքներին, ինչպես նաև տեղեկանալու այն ծրագրերին, որոնք իրականացնում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ուսանողներին և շրջանավարտներին կենսաբանության ոլորտում ավելի մրցունակ դարձնելու համար»։
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ողջունեց ներկաներին և խոսեց նմանաբնույթ հետազոտությունների կարևորության մասին. «Այսօրվա բուհ-գործատու երկխոսությունների հարթակում հաճախ ենք բախվում այն խնդրին, որ բուհերը չեն կարողանում բավարարել գործատուների պահանջները, իսկ բուհերի ներկայացուցիչներն էլ ասում են, որ գործատուները չեն կարողանում հստակ ձևակերպել իրենց պահանջները։ Պետք է փորձել հասկանալ, թե որն է աշխատաշուկայի պահանջարկը, ինչքանով է այն համապատասխանում բուհական կադրերի առջև դրված հմտությունների շրջանակին, ինչ պետք է անեն բուհերը, որ համապատասխանեն իրենց ակադեմիական կոչմանը, իրենց բարձրագույն մասնագիտական կրթություն ապահովող կազմակերպության անվանմանը»։
Խոսքը փոխանցվեց Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանին, որն ուրախությամբ փաստեց, որ բավականին ծավալուն աշխատանք է կատարվել. «Այստեղ կան արդյունքներ, որոնք ուշագրավ են և որոշ առումով՝ անսպասելի, ինչն ինձ համար հետաքրքիր է։ Ես համոզված են, որ այդ արդյունքների հիման վրա մենք կարող ենք վերանայել մեր ուսումնական պլանները, հատկապես կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանման ոլորտի դասընթացները, համապատասխանեցնել այն պահանջներին, որոնք առաջադրվում են մեր շրջանավարտներին»։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նույնպես ողջունեց բոլորին ու կարճ ներկայացրեց կենտրոնի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ «Ջի Այ Զեթ» ընկերության հետ համագործակցությունը կլինի շարունակական։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից աջակցվող Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում ծրագրի խորհրդատու Ալլա Բելբելյանը աջակցության համար շնորհակալություն հայտնեց Կենսաբանության ֆակուլտետին ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնին։
«Երիտասարդների զբաղվածության խնդիրը լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Աշխատաշուկայի և կրթական համակարգերի միջև ամուր կապերը կարող են նվազեցնել գործազրկությունը երիտասարդ մասնագետների շրջանում»։
«Ջի Այ Զեթ» ընկերության պատվերով «Ի-Վի-Քոնսալթինգ» կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրին «Կանաչ աշխատաշուկայի գնահատում» թեմայով հետազոտությունը, որի համար հարցումներ էին կատարվել թե՛ գործատուների, թե՛ շրջանավարտների շրջանում։ Ըստ այդ հետազոտության՝ պարզ է դառնում, որ գործատուների համար դժվար է լավ մասնագետ գտնելը, քանի որ բացի տեսական գիտելիքներից՝ նրանց համար կարևոր են գործնական և ոչ մասնագիտական մյուս հմտությունները՝ օտար լեզուների, համակարգչային ծրագրերի իմացություն և այլն։ Աշխատանք որոնող շրջանավարտներն իրենց հերթին նշում են, որ վերոհիշյալ «այլ հմտությունները» միշտ խոչընդոտ են դառնում աշխատանքի ընդունվելու հարցում։ Հետազոտության մեջ հետաքրքրական էր նաև այն, որ «կանաչ» աշխատաշուկայում աշխատանքի են ընդունվում առաջին հերթին հենց ԵՊՀ շրջանավարտները։
Տեսապատկերի ներկայացումից հետո առաջադրված հարցերի վերաբերյալ ծավալվեց քննարկում:
Քննարկմանը մասնակից համալսարանականները նաև նշեցին, որ հետազոտությունը մի շարք հարցերին մակերեսորեն է անդրադառնում: Օրինակ՝ նշվում է, որ ֆակուլտետի շրջանավարտների 84%-ի կարծիքով, ԵՊՀ-ն ավարտելուց հետո դժվար կամ չափազանց դժվար է գտնել աշխատանք, սակայն չեն հստակեցվում, որոնք են պատճառները՝ աշխատատեղերի պակասը, թե շրջանավարտների մրցունակությունը: Կամ որպես խնդիր նշվում է շրջանավարտների օտար լեզվին (անգլերենին) տիրապետելու փաստը, սակայն պետք է հասկանալ՝ խնդիրը վերաբերում է մասնագիտական եզրույթներին և այլ առանձնահատկություններին, թե ընդհանուր մակարդակին:
Զեկույցը հիմնականում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գործունեության մասին է: Սակայն զեկույցում ոչ մի կերպ չի դիտարկվել վերջին տարիներին ֆակուլտետում Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ստեղծված գերազանցության կենտրոնների գործունեությունը, որը նախատեսում է նաև գործատուների հետ սերտ համագործակցություն և աշխատանք: Դիտողությունները վերաբերում էին նաև ներկայացված առաջարկություններին, այդուհանդերձ, քննարկման մասնակիցները նշեցին, որ իրականացված ծրագիրը կարևոր քայլ է՝ միտված բուհ-գործատու խորը փոխգործակցության զարգացմանը, անհրաժեշտ է շարունակել աշխատանքները նախանշված ուղղություններով: