- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԵՎԻԼՅԱՅԻ «ԱԹԱԼԱՅԱ» ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հոկտեմբեր 03, 2018 | 17:47
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԵՎԻԼՅԱՅԻ «ԱԹԱԼԱՅԱ» ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Սևիլյայի «Աթալայա» թատրոնի ղեկավարին և դերասաններին:
Հյուրերը Երևան են ժամանել «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին մասնակցելու համար, որի շրջանակում ներկայացրել են իսպանական գրականության գլուխգործոցներից մեկը՝ Ֆերնանդո դե Ռոխասի «Սելեստինա» ներկայացումը:
«Աթալայա» թատերախումբը Սևիլյայում գործող թատերախումբ է և արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում նաև ստացել է թատրոնի ազգային մրցանակը: Թատերախումբն իր գործունեության ընթացքում հասցրել է ներկայանալ շուրջ 2200 ներկայացմամբ և հյուրընկալվել աշխարհի ավելի քան 500 քաղաքներում:
Հյուրերը, որոնց թվում էր նաև «Աթալայա» թատրոնի տնօրեն Ռիկարդո Ինիեստան, ԵՊՀ էին ժամանել Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի հրավերով: Հանդիպում-քննարկման ժամանակ ներկաներն անդրադարձան մի շարք գեղարվեստական և սոցիալական թեմաների, խոսեցին Ֆերնանդո դե Ռոխասի «Սելեստինա» ստեղծագործության գեղարվեստական արժեքի մասին:
Թատրոնի ղեկավար Ռիկարդո Ինիեստան նշեց, որ այս ստեղծագործության բացառիկ արժեքն այն է, որ վերջինիս արծարծած թեմաները, ինչպես օրինակ՝ կանանց իրավունքների և սոցիալական անհավասարության խնդիրները, հիմա էլ շարունակում են ակտուալ մնալ: Բացի դրանից՝ սրանք թեմաներ են, որոնք հարցի քննարկումը տեղափոխում են նաև սոցիալական հարթակ՝ շոշափելով արդեն հասունացած սոցիալական խնդիրները:
Խոսելով այդ սոցիալական խնդիրների բարձրաձայնման կարևորության մասին՝ հյուրերը ներկայացրին նաև «Caravan Next» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը հասարակության մեջ ինտեգրման խնդիր ունեցող մարդկանց լսելն ու տեսանելն է՝ թատրոնն օգտագործելով որպես կարևորագույն գործիք:
Ծրագրի շրջանակում կարևոր նշանակություն ունի նաև համայնքային թատրոնի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն է կտա բարելավվելու հասարակությունից օտարված կամ առանձնացված մարդկանց կյանքի որակը:
Վերջում հյուրերն առանձնահատուկ նշեցին, թե ինչքան կարևոր է ժամանակակից տարրերի ներմուծումը ներկայացման մեջ: Հատկապես կարևոր են հագուստի, բեմական լույսի, լեզվի և լեզվական շեշտերի ճիշտ ընտրությունները:
Անի Պողոսյան