- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հոկտեմբեր 17, 2018 | 17:32
Հասարակություն
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 15-ից 17-ը տեղի ունեցավ Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի երկրորդ համաժողովը:
Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիան (B-FoST) տարածաշրջանի երկրներից բաղկացած, շահույթ չհետապնդող ցանց է, որը միավորում է անհատ գիտնականների և գիտական կազմակերպությունների, որոնք աշխատում են սննդի անվտանգության որակի ոլորտներում։
Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը, ՀՀ ֆերմերների ազգային միավորման նախագահ Ռոզա Ծառուկյանը:
Զեկույցներով հանդես եկան տարբեր երկրներից հրավիրված գիտնականներ, ինչպես նաև սննդի որակը ստուգող լաբորատորիաների ներկայացուցիչներ, որոնք հայաստանցի գործընկերների ներկայացրին իրենց փորձն այս ոլորտում:
Համաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել նաև ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը, նույն ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանը, ամբիոնի գիտաշխատողներ Դիանա Սողոմոնյանը և Լուսինե Հակոբյանը:
Ելույթները նվիրված էին սննդի որակավորման և անվտանգության հարցերին, հանրության շրջանում ինքնագիտակցության բարձրացմանը՝ որպես սննդի սպառողներ, ինչպես նաև անդրադարձ եղավ արդյունաբերական գործունեություն ծավալող ընկերությունների պատասխանատվության բարձրացմանը՝ որպես սնունդ մատակարարողներ:
Քննարկման ընթացքում խոսվեց նաև գինու իզոտոպային որակավորմանը վերաբերող հարցերի մասին: Հայաստանի համար այս թեման կարևոր է, քանի որ մեր երկիրը գինի է արտահանում: Այդ նպատակով կազմակերպվել է նաև հատուկ դասընթաց:
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Սննդի գիտության և տեխնոլոգիաների հայկական միավորման տնօրեն Կարինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր կողմից ղեկավարած միավորումն ակտիվորեն համագործակցում է արտասահմանյան տարբեր ընկերությունների, համալսարանների և կազմակերպությունների հետ:
«Այս համաժողովն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, և մեր հիմնական նպատակն այն է, որ համաժողովը լինի հօգուտ մեր երկրի,- նշեց Կարինե Գրիգորյանը,- այդ պատճառով մենք նախատեսել ենք 2 դասընթաց, որոնք վերաբերում են սննդում վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման (HACCP) համակարգի յոթ սկզբունքներին ու սննդամթերքի արտադրության մեջ HACCP-ի ներդրմանը, ինչպես նաև սարքերի ու սարքավորումների հիգիենիկ նախագծմանը»:
Կարինե Գրիգորյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին և Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչին աջակցության, իսկ գործընկերներին՝ ցուցաբերած մասնակցության համար:
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը կարևորեց Հայաստանում համաժողովի անցկացումը. «Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի անդամ երկրների հայտնի գիտնականների մասնակցությունն այս համաժողովին շատ մեծ պատիվ է հայերիս համար: Կարծես, շարունակվում են Հայաստանում անցկացվող միջազգային միջոցառումները, որոնք միջազգային հանրությանը ներկայացնում են մեր գիտական ներուժը»:
Համաժողովին առաջին անգամ մասնակցում էր նաև Վանաձորի պետական համալսարանը: ՎՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Զարուհի Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զեկույցի թեմա է ընտրվել սև թանթրվենու կենսաբանական և բուժիչ նշանակությունը:
Անի Պողոսյան