- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻԻՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Սեպտեմբեր 13, 2019 | 17:33
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻԻՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ արևելագիտություն ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի են ունեցել ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր, պատմագիտության դոկտոր Կարեն Խանլարյանի «Հայաստանի աշխարհագրության սահմանումը ըստ իսլամական աղբյուրների» պարսկերեն մենագրության շնորհանդեսը և հեղինակի հետ հանդիպումը։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր, պատմագիտության դոկտոր Կարեն Խանլարյանը, Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասպիրանտ, իրանցի հետազոտող Մաջիդ Քյարամին, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Գրքի շնորհանդեսի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, որը շնորհակալություն հայտնեց հյուրերին հրավերն ընդունելու համար։
«Սա նշանակալի իրադարձություն է, որն ունի թե՛ գիտական բնույթ, թե՛ մշակութային առաքելություն։ Այն միտված է Հայաստանն Իրանում ճանաչելի դարձնելուն»,- ասաց նա։
Վ․ Ոսկանյանը նշեց, որ Կ․ Խանլարյանի և Իրանագիտության ամբիոնի համագործակցությունը ներառում է ակադեմիական ոլորտը, հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործընթացը, կրթական, մշակութային հարցեր և որոշ դեպքերում երկու պետությունների համատեղ հետաքրքրություններից ու շահերից բխող գործունեության ծավալումը։
«Աշխատանքը, ըստ էության, նվիրված է Հայաստանի սահմանների խնդրին. մի հարթություն, որը չափազանց կարևոր է ակադեմիական ոլորտի համար՝ հաշվի առնելով, որ հեղինակն օգտվել է բացառապես իրանական աղբյուրներից։ Աշխատանք, որը հայ իրականության մեջ հայերենով չի իրականացվել, բայց որն իրականացվել է հայազգի հեղինակի կողմից պարսկերենով։ Սա գրքի արժեքը կրկնակի մեծացնում է»,- հավելեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչը։
ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր, պատմագիտության դոկտոր, «Հայաստանի աշխարհագրության սահմանումը ըստ իսլամական աղբյուրների» պարսկերեն մենագրության հեղինակ Կարեն Խանլարյանը ողջունեց ներկաներին և իր ուրախությունը հայտնեց, որ այս գիրքը ներկայացվում է Երևանի պետական համալսարանի 100-ամյակի միջոցառումների շրջանակում․ «Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ նման հպարտություն կզգամ, և դա Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի շնորհիվ»:
Նա խոսեց Հայաստանում համալսարան հիմնադրելու որոշման և դրա համար պահանջված գերմարդկային ջանքերի մասին՝ նշելով, որ հարևան Իրանում և Թուրքիայում համալսարան հիմնադրվել է միայն Հայաստանում Երևանի պետական համալսարանի հիմնադրումից մոտ 15 տարի անց։
«Ես փորձեցի ի մի բերել 110 աղբյուրից ունեցած փաստերը, որոնք հավաքագրեցի այս գրքի մեջ։ Նշված 110-ին ավելացան ևս 100-ը, որոնք կներառեմ 2-րդ աշխատության մեջ»,- նշեց Կ․ Խանլարյանը։
«Հիշում եմ Հիսուս Քրիստոսի հայտնի խոսքը, երբ Պիղատոսը նրան ծաղրանքով ասում է՝ այդ դու ես աշխարհի թագավորը, և Հիսուսը պատասխանում է՝ այդ դու ասացիր։ Նմանատիպ քայլերով մենք պետք է մեր հակառակորդ պետություններին անընդհատ ասենք՝ այդ դուք ասացիք՝ սա Հայաստանն է։ Իմ աշխատությամբ ես փորձել եմ այդ նպատակին ծառայել»,- իր խոսքը եզրափակեց բանախոսը։
Մենագրության շնորհանդեսին ներկա Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը շնորհավորեց գրքի հեղինակին և ասաց, որ սա շատ կարևոր գործ է, ու իրենք առաջիկայում պատրաստվում են այն թուրքերեն թարգմանել ու հենց Թուրքիայում հրատարակել։
«Մենք մեր պատմությունը պետք է ծառայեցնենք մեր քաղաքական հարցերի լուծմանը, ոչ թե վարվենք այնպես, ինչպես մեր հարևանները, որոնք փորձում են կեղծ պատմագրությամբ իրենց օգտին քաղաքական հարցեր լուծել»,- ասաց նա։
Ներկաներին ողջունեց ու «Հայաստանի աշխարհագրության սահմանումը ըստ իսլամական աղբյուրների» պարսկերեն մենագրության հեղինակին շնորհավորեց նաև ԵՊՀ արևելագիտություն ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ասպիրանտ, իրանցի հետազոտող Մաջիդ Քյարամին։ Նա նշեց, որ այս գիրքը շատ կարևոր է թե՛ աշխարհագրության, թե՛ պատմագիտության համար։
Մարինա Առաքելյան