- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱՅԴ «ԻՇԽԱՆԱԿԱՆ» ԵՎ «ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ» ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ». ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հունվար 22, 2019 | 15:24
«ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱՅԴ «ԻՇԽԱՆԱԿԱՆ» ԵՎ «ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ» ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ». ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանը լրագրողների հետ ունեցած հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է վերջիններիս հուզող մի քանի հարցերի:
Խոսելով ԵՊՀ-ի ֆինանսավորման խնդրի մասին՝ Գևորգ Մուրադյանը հղում արեց այս հարցում միջազգային փորձին և ասաց, որ հիմնական խնդիրն այն է, որ ԵՊՀ-ի ֆինանսավորման մեծ մասը ստացվում է ուսանողների ուսումնական վարձերից:
«ԵՊՀ-ն իր ֆինանսավորման մոտ 70-80%-ը ստանում է ուսանողների ուսումնական վարձերից, մինչդեռ, ինչպես վկայում է միջազգային փորձը, ցանկալի է, որ ուսանողական վճարներից ստացվող գումարները չգերազանցեն ընդհանուր ֆինանսավորման 30%-ը: Ֆինանսական մուտքերը պետք է մեծացնել աշխատանքի, միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության, բիզնեսի շնորհիվ: Կարծում եմ՝ այս հարցում առաջընթաց ունենալու համար կան ինչպես հնարավորություններ, այնպես էլ ցանկություն»,- նշեց Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս ընթացքում ԵՊՀ-ում բոլոր ծախսերը նպատակահարմար են եղել, պրն. Մուրադյանը պատասխանեց, որ նմանատիպ հարցերի շուրջ ռեկտորի հետ դեռևս քննարկումներ չեն ունեցել:
Լրագրողների մեկ այլ հարցին, թե ինչպես է պրն. Մուրադյանը գնահատում նախկին խորհրդի աշխատանքը և ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ խորհուրդը ղեկավարում էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, վերջինս պատասխանեց, որ այստեղ իր համար կարևոր է, թե որքանով է անձը կարողանում ներգրավվել ծավալվող աշխատանքների գործընթացում, և եթե նախկինում խորհրդին տրված էր ավելի շատ վերահսկողության գործառույթ, հիմա, ըստ դեռևս քննարկման փուլում գտնվող բարձրագույն կրթության մասին նոր օրենքի, խորհրդի գործառույթները կավելանան, ինչը թույլ կտա առավել արդյունավետ լուծել առկա խնդիրները:
Պարզաբանելով իր՝ որպես «իշխանական թեկնածու» լինելու բնորոշումը՝ Գևորգ Մուրադյանը նշեց, որ «իշխանական» և «ոչ իշխանական» բնորոշումներն արդեն իսկ լուրջ չեն:
«Ես պարզապես չեմ հասկանում այդ «իշխանական» և «ոչ իշխանական» բնորոշումները: Խորհրդի 32 անդամներն օգտվել են իրենց ձայնի իրավունքից և քվեարկել՝ առաջնորդվելով միմիայն ըստ թեկնածուի մասնագիտական տվյալների»,- ասաց Գևորգ Մուրադյանը:
Խոսելով իր գլխավոր անելիքների մասին՝ պրն. Մուրադյանը նշեց, որ իր նպատակն է ԵՊՀ-ն դարձնել ավելի ուժեղ` ուսանողի համար, ԵՊՀ-ն դարձնել գիտահետազոտական համալսարան` գիտնականի համար, ԵՊՀ-ում աշխատելը դարձնել պատիվ` դասախոսի համար:
Անի Պողոսյան