- Գլխավոր
- Նորություններ
- ԱՊՀ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Սեպտեմբեր 30, 2021 | 15:35
Կրթություն
ԱՊՀ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ 30-ամյակին նվիրված դասախոսություն, որին հաջորդած քննարկումը վերաբերում էր ԱՊՀ ձևավորման պատճառներին և հետխորհրդային տարածքում ունեցած դերին:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ ուսանողների համար դասախոսություն կարդաց դեկանի տեղակալ, պատմ. գիտությունների թեկնածու, դոցենտ Ժակ Մանուկյանը, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացները:
Միջոցառմանը ներկա էր նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:
«ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում նախատեսվում է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն ստեղծել, որն այսօր խիստ կարևոր և արդիական է: Հայաստանի հարաբերությունները ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ պատշաճ մակարդակով չեն ներկայացվում, չնայած որոշ անհատներ ահռելի գործ են անում տվյալ դաշտում՝ գիտական մակարդակով ներկայացնելով պետությունների գործընկերային ու ռազմավարական հարաբերությունները»,- նշեց դեկանը և ավելացրեց, որ անհրաժեշտություն կա նաև խոսել ԱՊՀ-ի մասին, քանի որ նշվում է կազմակերպության 30-ամյակը:
Դեկանն ընդգծեց, որ մասնավորապես երիտասարդների շրջանակում հայ-ռուսական հարաբերությունների մասին թերի պատկերացումներ կան, ուստի անհրաժեշտ է գիտափորձնական մակարդակով ներկայացնել ճշմարտությունը. «Միջպետական հարաբերություններում յուրաքանչյուր պետության առաջնահերթ խնդիրն է սեփական երկրի շահերի ներկայացումը: Այսօր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում եղել են ձեռքբերումներ, եղել են անհաջողություններ: Ամեն քայլափոխի հակառուսական հիստերիայի ենք հանդիպում, ուստի գիտահետազոտական կենտրոնի հենքում լինելու են օբյեկտիվությունն ու անաչառությունը»:
Այնուհետև Ժակ Մանուկյանն ուսանողներին ներկայացրեց ԱՊՀ հիմնադրման պատմությունն ու գործառույթները. «ԱՊՀ ստեղծումը հնարավորություն ընձեռեց հետխորհրդային տարածքն անկանխատեսելի ցնցումներից զերծ պահելու: ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների շնորհիվ մասնակից պետությունները համագործակցություն ծավալեցին ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում: Սակայն միշտ չէ, որ ինտեգրացիան ԱՊՀ շրջանակում ընթացել է հարթ ու առանց խոչընդոտների»:
Դեկանի տեղակալն առանձին ներկայացրեց նաև ԱՊՀ շրջանակում ՀՀ-ի ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև մանրամասն անդրադարձ կատարեց հումանիտար ոլորտում համագործակցության հիմնախնդիրներին:
Դասախոսության ընթացքում բանախոսն ամփոփեց 30 տարվա ընթացքում կազմակերպության իրականացրած գործունեությունը, իսկ հանդիպման ավարտին պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Վարդուհի Զաքարյան