- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Փետրվար 26, 2020 | 16:31
Հասարակություն
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել «Միջազգային և եվրոպական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից իրականացվող «Միջազգային և եվրոպական իրավունք» միջառարկայական մագիստրոսական ծրագրին իրավունք ունեն դիմելու ինչպես Իրավագիտության ֆակուլտետի, այնպես էլ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նույնանուն բաժնի բակալավրիատի շրջանավարտները: Արդեն 15 տարի գործող ծրագրի շրջանակում ուսուցանվող առարկաների ճնշող մեծամասնությունը, բացառությամբ մեկ-երկուսի, ունի իրավական բնույթ:
Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանն ասաց, որ ծրագիրը բովանդակային լուրջ փոփոխություններ է կրել և ավելի մասնագիտական դարձել, երբ համալսարանում ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ ստեղծվել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, որի արդյունքում ֆակուլտետում ստեղծվել է Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնը։
«Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս միջազգային և եվրոպական իրավունքի ոլորտում մասնագիտացում ձեռք բերելու ոչ միայն Իրավագիտության ֆակուլտետի, այլև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին։ Այսինքն՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտները հնարավորություն են ստանում խորը մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու՝ սովորելով մեր ֆակուլտետում»,- ասաց Կարեն Գևորգյանը։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի հավաստմամբ, այս ծրագրի առկայությունը շատ կարևոր է, քանի որ միջազգային հարաբերությունների հենքը միջազգային իրավունքն է. «Մագիստրոսական այս ծրագրիշրջանակում ստացած գիտելիքների շնորհիվ մեր ուսանողներն ավելի արհեստավարժ կլինեն դիվանագիտական գործունեություն իրականացնելիս»:
Գեղամ Պետրոսյանը, ԵՊՀ պատմության թանգարանում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ այս ծրագրի շրջանավարտներին հաջողություն մաղթելով, հույս հայտնեց, որ ուսանողները հետագայում իրենց ներդրումը կունենան Հայաստանի արտաքին հարաբերությունների արդյունավետ կազմակերպման գործում ու երբեք չեն կորցնի կապը բուհի և ֆակուլտետի հետ:
Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալը շեշտեց, որ ծրագիրը շարունակվում է. «Ավելին՝ մենք հայտ ենք ներկայացրել այն ձևափոխելու, դրան նոր բովանդակություն հաղորդելու։ Ծրագրի ուղղվածությունը չի փոխվելու՝ խորացված գիտելիքներ ու ուսուցում միջազգային և եվրոպական իրավունքի շրջանակում՝ ընդգծելով կամ շեշտադրելով գլոբալիզացիայի քաղաքական և իրավական ասպեկտները»։
Նրա փաստմամբ, այս ծրագրի շրջանակում Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ իրենց գիտելիքներով և կարողություններով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները մշտապես աչքի են ընկել. «Իրավաբանական տարբեր մրցույթների ժամանակ մենք նույնիսկ համարձակություն ենք ցուցաբերել ներգրավելու նաև նրանց այդ մրցույթներին մեր կողմից մասնակցող թիմերի կազմում՝ հաշվի առնելով վերջիններիս գիտելիքները և ներուժը»։
Կարեն Գևորգյանի խոսքով, Իրավագիտության ֆակուլտետն ամենայն ուշադրությամբ հետևում է, որ ծրագրի շրջանակում ուսանողներին տրամադրվեն հմտություններ և գիտելիքներ, որոնք արդիական են ու համապատասխանում են բոլոր այն փոփոխություններին, որոնք կատարվում են միջազգային հարաբերությունների բնագավառում։
Մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Ռոզա Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրել էր այս ծրագիրը, քանի որ միջազգային հարաբերությունների լիակատար տիրապետման համար անհրաժեշտ է ուսումնասիրել բոլոր գործիքները, այդ թվում՝ միջազգային իրավունքը:
Նրա խոսքով, գրեթե բոլոր ակնկալիքներն ու սպասելիքներն իրականացվել են. «Այս մասնագիտացման շնորհիվ այսօր արդեն աշխատում եմ: Կարծում եմ՝ մագիստրոսական այս ծրագրի առկայությունն անհրաժեշտ է, քանի որ կարևոր է ոչ միայն քաղաքականության, այլև իրավունքի իմացությունը: Իրավունքն այն գործիքն է, որը հնարավորություն է տալիս քաղաքականությունը դարձնելու լիակատար և ամբողջական»:
Քնար Միսակյան