- Գլխավոր
- Նորություններ
- ՉԻՆԱՐԵՆ ՍՈՎՈՐՈՂ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
Հունիս 19, 2018 | 10:07
Կրթություն
ՉԻՆԱՐԵՆ ՍՈՎՈՐՈՂ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
Այսօր ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ չինարեն սովորող ուսանողների ավարտական վկայականների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը դասախոսությամբ հանդես եկավ ԿԻ աշխատակից Դավիթ Չենը, որին մասնակցում էին ուսանողներ, դասախոսներ:
Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դասախոս, դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը նշեց, որ 2005 թ.-ից մինչ 2018 թ.-ը կենտրոնն ունեցել է 50-ից ավելի շրջանավարտ, և մոտ ապագայում պատրաստվում են ներկայացնել նաև մագիստրոսական նոր ծրագիր:
Նա հրավիրյալներին ներկայացրեց Կի աշխատակից Դավիթ Չենին, իսկ վերջինս էլ Չինաստանը դիտարկեց որպես ապագայում զարգացող գերտերություններից մեկը. «Չինաստանը դառնալու է այն գերհզոր տերություններից մեկը, որն աշխարհում մեծ դերակատարում է ունենալու»:
Դավիթ Չենը ոգևորությամբ հավելեց, որ շատ է սիրում Հայաստանը և ուրախ է երկու երկրների բարեկամական դաշնակցության, ինչպես նաև Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ ունեցած սերտ կապերի համար: Նա կարևորեց չինարենի իմացությունը՝ ասելով, որ Հայաստանում շուրջ 2000 ուսանող տիրապետում է չինարենին, որն արվեստի, նկարչության լեզու է:
Վարսենիկ Մելքումյանը, ով ստացավ ավարտական վկայական, պարսկալեզու զբոսավար է: Նա սովորում է չինարեն, որպեսզի աշխատի Չինաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկների հետ: «Չինարենի համար անհրաժեշտ է երաժշտական լսողություն, իսկ լեզվի դժվարությունը, ինչպես արդեն մեր չինացի հյուրերը նշեցին, հիերոգլիֆների մեջ է, բայց և այնպես կարծում եմ ՝չինարեն ավելի հեշտ է սովորել, քան հնդեվրոպական որոշ լեզուներ»,- հավելեց նա:
Վարսենիկը հուլիսին երկու շաբաթով մեկնելու է Դալյան քաղաքի Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղ, այնուհետև շրջագայելու է Շանհայում. «Բնականաբար, երկու շաբաթը քիչ է, սակայն դա հնարավորություն կտա մոտիկից ծանոթանալու չինական մշակույթին և հասկանալու՝ արդյո՞ք հնարավոր է շարունակել կրթությունը այնտեղ»:
Դավիթ Չենն ուսանողներին հանձնեց ավարտական վկայականները, հնչեցին շնորհավորանքներ և շնորհակալական խոսքեր: