- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐ. ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑԱՇԱՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբեր 09, 2019 | 14:05
Հասարակություն
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐ. ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑԱՇԱՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 6-ը տևած «Կոնֆլիկտներ. փոխակերպում և հաղթահարման տեխնոլոգիաներ» դասընթացաշարի ավարտական հավաստագրերի հանձնման արարողությունը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Միքայել Մարտիրոսյանն ասաց, որ եկել է հավաստագրերի հանձնման սպասված օրն ու շնորհակալություն հայտնեց դասընթացաշարին ներկա գտնվելու և ակտիվ մասնակցելու համար, ապա հավաստագրեր հանձնեց այն ուսանողներին, որոնք ներկա են գտնվել դասընթացաշարի առնվազն երեք դասընթացին. «Շնորհակալ եմ ձեր ակտիվ մասնակցության համար, հուսով եմ, որ մեր նախաձեռնած միջոցառումը ձեզ համար ուսուցողական նշանակություն ունեցավ, և դուք թեմայի մասին նոր գիտելիքներ ձեռք բերեցիք»:
Միքայել Մարտիրոսյանը հավաստագիր հանձնեց նաև ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Խաչատրյանին՝ դասընթացաշարի կազմակերպմանն աջակցելու համար:
ԵՊՀ ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ ՈՒԳԸ-ի նախաձեռնած և արդեն ավանդական դարձած դասընթացաշարն այս տարի նվիրված էր ԵՊՀ 100-ամյակին. «Դասընթացաշարը հնարավորություն տվեց մասնակիցներին ուսումնասիրելու կոնֆլիկտները միջազգային հարաբերություններում առկա տեսության դիրքերից, այսինքն՝ հասկանալու գլխավոր դերակատարների գործողություններն ու դրանց դրդապատճառները: Դասախոսությունները նվիրված էին կոնֆլիկտների փոխակերպմանն ու հաղթահարման եղանակներին, քննարկվել են նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող կոնֆլիկտային իրադրության շուրջ տեղի ունեցող գործընթացները»:
Լ. Խաչատրյանը կարևորեց այն, որ դասախոսություններն ուղեկցվում էին ինտերակտիվ քննարկումներով, ինչը հնարավորություն էր տալիս ուսանողներին ձևավորելու սեփական դիրքորոշումը թեմայի վերաբերյալ:
Միջոցառման վերջում հավաստագրեր ստացած ուսանողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ՈՒԳԸ-ին՝ նմանաբնույթ հետաքրքիր և ուսուցողական միջոցառում կազմակերպելու և իրենց մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:
Հասմիկ Ասլանյան