- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Մայիս 17, 2018 | 15:35
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ
ԵՊՀ-ում մայիսի 21-ից 25-ը մաթեմատիկոս ուսանողների համար կանցկացվի հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոց: Այն իրականացվելու է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ:
Յուրի Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցը ԵՊՀ-ում պետք է անցկացվի առաջին անգամ:
«Այս դպրոցի հիմնական նպատակն է տաղանդավոր մաթեմատիկոս ուսանողներին ծանոթացնել Էմիլ Արթինի գիտական մաթեմատիկական ուղղությունների հետ: Այս բնագավառում գիտնականը ստացել է դասական արդյունքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ ուսանողների գիտական աշխատանքներում, ատենախոսություններում, ինչպես նաև մաթեմատիկայի տարաբնույթ կիրառություններում »,- հավելեց նա:
ԵՊՀ-ի պրոֆեսորը նաև նշեց, որ դպրոցին մասնակցել ցանկացող ուսանողները նախապես պետք է գրանցվեն ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում:
Յ. Մովսիսյանը հայտնեց, որ մայիսի 27-ից հունիսի 2-ը ԵՊՀ-ում կանցկացվի նաև Էմիլ Արթինի 120-ամյակին նվիրված միջազգային խոշոր գիտաժողով, որին կմասնակցեն անվանի գիտնականներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Լեհաստանից, Նորվեգիայից, Բրազիլիայից, Իրանից, Հնդկաստանից, Կանադայից և այլ երկրներից։
Նրա խոսքով, այսպիսի մեծ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ Էմիլ Արթինը համարվում է 20-րդ դարի մաթեմատիկայի ոլորտի դասականներից մեկը, որի արդյունքներն այժմ ակտիվորեն կիրառվում են նաև համակարգչային գիտության մեջ:
ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչը, խոսելով գիտաժողովի կարևորության մասին, նշեց, որ գիտաժողովի նպատակներից մեկն այն է, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանող մասնագետներն ամփոփեն այն հիմնական ուղղությունները, որոնցով ժամանակին զբաղվել է Էմիլ Արթինը և ստացել հիմնարար արդյունքներ:
Յուրի Մովսիսյանը հայտնեց, որ գիտաժողովի ընթացքում գիտնականները հանդես են գալու զեկուցումներով: Բանախոսի խոսքով, այս միջազգային գիտաժողովի և միջազգային դպրոցի կարևոր նպատակներից է նաև նպաստել Հայաստանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը մաթեմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար, ինչպես նաև շահագրգռել երիտասարդ մասնագետներին զբաղվել մաթեմատիկական գիտություններով, քանի որ մաթեմատիկական գիտությունը հիմք է հանդիսանում նաև կիրառական գիտությունների, հատկապես համակարգչային գիտության զագացման համար:
Հայազգի ականավոր գիտնական Էմիլ Արթինին նվիրված միջազգային դպրոցի և միջազգային գիտաժողովի կայքերն են՝ http://www.rnta.eu/Yerevan2018/index.html http://math.sci.am/conference/artin120
Նադեժդա Տեր-Աբրահամյան