- Գլխավոր
- Նորություններ
- ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ ԵՊՀ-Ի ԵՎ «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» ՄԻՋԵՎ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Հոկտեմբեր 25, 2021 | 15:09
Հասարակություն
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ ԵՊՀ-Ի ԵՎ «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» ՄԻՋԵՎ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Արամ Անանյանն այսօր ստորագրել են երկու կառույցների փոխըմբռնման հուշագիր՝ իրականացնելու ռազմավարական գործընկերություն և երկարաժամկետ համագործակցություն:
Կնքված համագործակցության հուշագրի նպատակն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին ապահովել մասնագիտական աջակցություն, ինչպես նաև տեղեկատվական քաղաքականության տարբեր ոլորտներում նրանց անմիջական մասնակցության հնարավորություն:
Ըստ հուշագրի՝ նախատեսվում է նաև ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպում, երիտասարդ կադրերի համատեղ վերապատրաստում:
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ այս հուշագրով «Արմենպրես» լրատվական գործակալության հետ սկսվում է համագործակցության նոր էջ՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում էլ ավելի որակյալ կադրեր պատրաստելու գործին:
Նրա խոսքով, այս համագործակցությունից համալսարանի ակնկալիքները մեծ են՝ ելնելով հատկապես լրատվական դաշտի այսօրվա վիճակից, որը ողողված է կեղծ լուրերով, չճշտված տեղեկություններով և այլն. «Այս համատեքստում էլ ավելի է կարևորվում պրոֆեսիոնալ լրագրությունը, քանի որ մամուլը 4-րդ իշխանությունն է, և չպետք է թերագնահատել դրա ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա»:
«Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Արամ Անանյանը փաստեց, որ ԵՊՀ-ն, ի մասնավորի՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը լրագրողական կադրերի կարևորագույն դարբնոցներից մեկն է մեր երկրի. «Մենք սիրով պատրաստ ենք մեր փորձը, գիտելիքները, արտադրական բազան ի սպաս դնել լրագրողական կրթության զարգացմանը»:
Նրա համոզմամբ ևս, ժամանակակից աշխարհում ճնշումը տեղեկատվության, ժուռնալիստիկայի վրա մեծանում է, որովհետև տեխնոլոգիական հասանելիությունը հանգեցրել է այնպիսի վիճակի, երբ մուտքը ժուռնալիստական աշխարհ հեշտացել է. «Ըստ այդմ՝ մեծացել են նաև մարտահրավերները: Տեխնոլոգիաներն այսօր հնարավորություն են տալիս իրականությունից չտարբերվող տեղեկություն ստեղծելու: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր երեխաներին պիտի սովորեցնենք կողմնորոշվել թվային աշխարհում այնպես, ինչպես իրական իրերի և երևույթների աշխարհում»:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը փաստեց, որ «Արմենպրեսն» ավանդույթներ ունեցող և ժամանակին համընթաց քայլող լրատվամիջոց է, յուրատեսակ դպրոց, որով պրակտիկանտի, կամավորի, նաև աշխատակցի կարգավիճակով ցանկալի է, որ անցնեն ֆակուլտետի շրջանավարտները:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության, Հանրային ռադիոյի, այսօր «Արմենպրեսի» հետ ստորագրվող փոխգործակցության հուշագրերը բուհ-գործատու հարաբերությունների նոր որակ են արձանագրում: Ըստ էության, գործատուն պատրաստակամ է մասնակից դառնալու բարձրակարգ, մրցունակ մասնագետներ պատրաստելու, կրթելու կարևոր գործին»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:
Այսօր կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կողմերը համատեղ կազմակերպելու և անցկացնելու են ֆորումներ, գիտաժողովներ, ամառային, աշնանային կամ ձմեռային դպրոցներ, սեմինարներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ, մշակելու և կյանքի են կոչելու մեդիաոլորտի արդիական հարցերի շուրջ ընդհանուր նախագծեր, այդ թվում՝ գիտական և գործնական հետազոտություններ, հարցումներ և այլն: