- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Փետրվար 19, 2021 | 17:15
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:
Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը, քննարկվել են երկկողմ համագործակցության ուղիները և հնարավորությունները:
Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նշեց, որ չնայած Հայաստանի համար դժվարին ժամանակներ են, մի կողմից` համավարակը, մյուս կողմից` պատերազմը, այնուամենայնիվ պետք է առաջ նայել և փորձել նոր մակարդակի հասցնել երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը:
Նրա խոսքով, անցած տարում հումանիտար օգնությունը մղվել էր առաջին պլան, բայց այս տարի ակնկալվում է իրականացնել նոր, ավելի հագեցած նախագծեր. «Թեև համավարակը դեռ չի նահանջել, բայց մենք ցանկանում ենք խորհրդանշական որևէ միջոցով խթանել Հայաստանում լիտվական մշակույթի, պատմության ու գրականության տարածումը: Այդ նպատակն իրականացնելու համար այսօրվանից սկսել ենք նոր նախաձեռնություն, որի շրջանակում նվիրում ենք լիտվացի հեղինակների գրքերը: Մեր միջոցառումը մեկնարկել է ԱԺ-ում և ԵՊՀ-ում, ինչի համար շատ ուրախ ենք»:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՊՀ-ի և Լիտվայի համալսարանների միջև համագործակցություն հաստատելու ճանապարհները: Ալեքսանդր Մարգարովի խոսքով, արդյունավետ եղանակներից մեկը «Erasmus +» ծրագրի միջոցով կազմակերպվող փոխանակման ծրագրերն են, որոնց շրջանակում հայ և լիտվացի ուսանողները, ինչպես նաև դասախոսները կարող են իրականացնել փոխադարձ այցելություններ:
Միջազգային համագործակցության վարչության պետը փաստեց, որ այս նախագծի շրջանակում ԵՊՀ-ն ունի 65 գործընկեր, որոնց հետ ակտիվորեն իրականացնում է շարժունության ծրագրեր:
Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նույնպես գրքեր նվիրեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:
Քնար Միսակյան