- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվար 18, 2021 | 14:31
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդիին:
Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ներկայացվել է համալսարանի գործունեությունը, և քննարկվել երկկողմ համագործակցությունը:
Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդին նշեց, որ ԵՊՀ-ն որոշ ժամանակ առաջ ճանաչված է եղել Իրաքի բարձրագույն կրթության նախարարության կողմից, սակայն հետո դուրս մնացել ցանկից: Նրա խոսքով, այժմ իրականացվում են համապատասխան քայլեր՝ ԵՊՀ-ն նորից ներառելու ճանաչված համալսարանների ցանկում:
Գեղամ Գևորգյանն Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին ներկայացրեց համալսարանի գործունեությունը, փաստեց, որ այն Հայաստանի ամենահին և ամենամեծ համալսարանն է: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն նշեց, որ ԵՊՀ-ն տալիս է համալսարանական գիտական արդյունքի կեսից ավելին, իսկ հանրապետության գիտական արդյունքի՝ 30%-ը:
Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդին հույս հայտնեց, որ անցած դժվարություններից հետո այս տարի համագործակցության զարգացում կլինի, և տեղեկացրեց, որ նախատեսվում է մոտ ապագայում ստորագրել համագործակցության հուշագիր երկու երկրների նախարարությունների միջև:
Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի խոսքով, հենց համալսարանների ղեկավարների հետ սերտ համագործակցություն ձևավորելու ցանկություն կա, ինչը, նրա կարծիքով, կօգնի երկու երկրների միջև հաստատված համագործակցության զարգացմանը: Նա հույս հայտնեց, որ շուտով՝ ԵՊՀ-ի ճանաչումից հետո, համագործակցություն կձևավորվի վերջինիս և Իրաքի համալսարանների միջև:
Հանդիպման ընթացքում հյուրին ներկայացվեցին նաև համալսարանի ընդունելության կանոնները, օտարերկրյա ուսանողների համար նախատեսված դասընթացների կազմակերպման տարբերակները, ինչպես նաև համալսարանական հանրակացարանի պայմանները:
Հանդիպման ավարտին Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելեց Արևելագիտության ֆակուլտետ և հանդիպեց դասախոսների ու ուսանողների հետ:
Քնար Միսակյան