- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ
Մայիս 21, 2018 | 15:28
Քաղաքականություն
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Կիպրոսի համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսին:
Գործընկերների հանդիպման նպատակն է ուսումնագիտական նոր ծրագրերի և փորձի փոխանակման միջոցով ընդլայնել համագործակցությունը Մայր բուհի և Կիպրոսի համալսարանի միջև:
Հանդիպման ներկա էին նաև ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն ու Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Մեր բուհերի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի, ուստի հույս ունեմ, որ մոտ ապագայում կհյուրընկալեմ ձեզ, ինչպես նաև աշխարհի տարբեր բուհերի ռեկտորներին, Կիպրոսի համալսարանում ինժեներական հետաքրքիր լուծումներով կառուցած նոր գրադարանի մասնաշենքի բացման կապակցությամբ »,- ասաց Կոստանդինոս Խրիստոֆիդեսը:
Պարոն Խրիստոֆիդեսը հավելեց նաև, որ առաջիկայում ԵՄ ֆինանսավորմամբ Կիպրոսում ծրագրում է հիմնել նոր աշխարհաքաղաքական ինստիտուտ, որի կազմում կարող են լինել նաև երիտասարդ հայ մասնագետները:
Հյուրը ներկայացրեց այն կրթական ծրագրերն ու նախագծերը, որոնց շրջանակում համալսարանները կարող են ընդլայնել փոխգործակցությունը՝ ներգրավվելով ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, այլև ուսանողներին:
Արամ Սիմոնյանը շեշտեց, որ ԵՊՀ-ն պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը Կիպրոս համալսարանի հետ. «ԵՊՀ լայն գործակցային կապեր ունի արտասահմանյան մի շարք առաջատար բուհերի և գիտական կենտրոնների հետ: Մենք կարևորում ենք միջազգային հարթակում բուհի ակտիվ գործունեությունը, մասնավորապես երիտասարդ կադրերի ներգրավվումը միջազգային կրթական ու գիտական ծրագրերում»:
Այնուհետև գործընկեր համալսարանների ռեկտորներ հստակեցրին այն ոլորտները, որոնց շրջանակում երիտասարդ մասնագետները կարող ենք ընդգրկվել եվրոպական կրթական ծրագրերում և փորձի փոխանակում իրականացնել: