- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԴՆԹ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՐՄԱԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբեր 13, 2018 | 15:41
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԴՆԹ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՐՄԱԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ներկայացրած «Միզանյութի ազդեցությամբ պայմանավորված մարդու թելոմերային ԴՆԹ-ի կոնֆորմացիոն անցումները» գիտական թեման:
Գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Եվա Դալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայումս ձևավորված է հակաուռուցքային թերապիայի նոր ուղղություն, որը կապված է գենոմի ԴՆԹ-ի ընտրված տեղամասերում ոչ կանոնիկ կառուցվածքների՝ G-քվադրուպլեքսների և I-մոտիվների նպատակային առաջացման հետ. «Նման կառուցվածքների առաջացումը արգելափակում է թելոմերների սիթեզը կամ օնկոգեների էքսպրեսիան: Նշված տեղամասերում G-քվադրուպլեքս և I-մոտիվ կառուցվածքները կայունացնող կամ ապակայունացնող ուժերի բնույթը հասկանալն առանցքային կարևորություն ունի, քանի որ թույլ է տալիս պարզաբանել գենոմում մոլեկուլային անջատիչների կենսաբանական դերը և հայտնաբերել դեղամիջոցներ, որոնք իրականացնում են գենոմի որոշակի հատվածներում նման կառույցների նպատակային առաջացումը կամ քանդումը»:
Նրա խոսքով, ԴՆԹ-ի նախընտրելի կոնֆորմացիաները և կայունությունը կարգավորող բոլոր փոխազդեցությունների մեջ էական դեր են խաղում փոխազդեցությունները ջրում լուծված համալուծիչների հետ. «Միզանյութը առավել հայտնի, լայնորեն օգտագործվող համալուծիչ է, որն ունի ուժեղ դենատուրացնող հատկություն սպիտակուցների և նուկլեինաթթուների նկատմամբ»:
Բանախոսի ներկայացմամբ, այս նախագծի շրջանակում նախատեսվում է հետազոտել միզանյութի ազդեցությամբ պայմանավորված G-քվադրուպլեքս-դուպլեքս և I-մոտիվ-դուպլեքս կառուցվածքային փոփոխությունները մարդու թելոմերային ԴՆԹ-ի 22-չափանի գուանինով հարուստ և կոմպլեմենտար ցիտոզինով հարուստ հատվածներում:
«Չնայած G-քվադրուպլեքսների առաջացման էներգետիկան ինտենսիվորեն հետազոտվել է և շարունակվում է հետազոտվել, մենք դեռևս քիչ գիտելիքներ ունենք G-քվադրուպլեքսները կայունացնող ուժերի հավասարակշռության մասին, որոնք թելադրում են ԴՆԹ-ի G-հարուստ հաջորդականությունների կոնֆորմացիոն նախընտրությունները կոմպլեմենտար C-հարուստ շղթայի առկայության կամ բացակայության պայմաններում: Հիմնվելով վերոնշյալի վրա՝ այս նախագծի խորհրդատու պրոֆեսոր Տիգրան Չալիկյանը (Տորոնտոյի համալսարան, Կանադա) առաջարկել է հետազոտությունների էքսպերիմենտալ ռազմավարություն, որն ուղղված է ԴՆԹ-ի ընտրված տեղամասերում G-քվադրուպլեքս (I-մոտիվ)-միթելանի շղթա և G-քվադրուպլեքս (I-մոտիվ)-դուպլեքս հավասարակշռության վրա տարբեր գործոնների ազդեցության բնութագրմանը: Այս նախագիծը շարունակությունն է Տիգրան Չալիկյանի հետ մեր համատեղ աշխատանքների: 2017 թ.-ին տպագրված համատեղ հոդվածում / J. Phys. Chem. B/ մենք ցույց ենք տվել որ միզանյութը կարելի է օգտագործել որպես անալիտիկ գործիք G-քվադրուպլեքսներ բնութագրելու համար, ինչպես արվում է սպիտակուցների կառուցվածքը ուսումնասիրելու համար»,- հավելեց Եվա Դալյանը:
Ըստ պրոֆեսորի՝ ստացված արդյունքները էքսպերիմենտալ հիմք են ԴՆԹ-ի G-քվադրուպլեքս առաջացնող հաջորդականությունների և այս կարևոր համալուծիչի նախընտրելի փոխազդեցությունների որոշման համար. «Սակայն G-քվադրուպլեքսների վրա միզանյութի մոլեկուլային ազդեցության հետագա ճշգրտման, ինչպես նաև G-քվադրուպլեքսների հետազոտման համար միզանյութի առավելությունների և օգտագործման սահմանների պարզաբանման նպատակով անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները: Մասնավորապես, ԴՆԹ-ի գուանինով հարուստ դուպլեքս տեղամասերում առաջացած G-քվադրուպլեքսների կայունության վրա միզանյութի դիֆերենցիալ էֆեկտը ավելի խորը հասկանալու համար անհրաժեշտ է հետազոտել նաև միզանյութի ազդեցությունը I-մոտիվ–դուպլեքս անցումների վրա»:
Եվա Դալյանը նշեց, որ այս հետազոտությունների արդյունքները թույլ կտան պարզաբանել G-քվադրուպլեքսների և I-մոտիվների առաջացման օպտիմալ պայմանները և ի հայտ բերել գենոմի կոնկրետ տեղամասում G-քվադրուպլեքսների կանխագուշակելի առաջացման եղանակները C-հարուստ կոմպլեմենտար շղթայի առկայության կամ բացակայության դեպքում:
Նշենք, որ գիտական հետազոտություններն իրականացվում են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, խումբը բաղկացած է ԵՊՀ 4 աշխատակիցներից, իսկ խմբի խորհրդատուն պրոֆեսոր Տիգրան Չալիկյանն է:
Նադեժդա Տեր-Աբրահամյան