- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ «ԱՊԱՌԱԺ» ԱԿՈՒՄԲԸ ՆՇԵԼ Է ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Դեկտեմբեր 11, 2019 | 18:03
Հասարակություն
ԵՊՀ «ԱՊԱՌԱԺ» ԱԿՈՒՄԲԸ ՆՇԵԼ Է ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Ամեն տարի՝ դեկտեմբերի 11-ին, նշվում է Լեռների միջազգային օրը, որն այս տարի կրում է «Լեռները կարևոր են երիտասարդության համար» կարգախոսը: ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի կողմից այսօր կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված տոնական օրվան:
Լեռների միջազգային օրը հաստատվել է 2003 թվականի հունվարին՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 57-րդ նստաշրջանի որոշմամբ: Այսօր միջազգային հանրության շրջանում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադառնում են մոլորակի լեռնային շրջանների զարգացման խնդիրներին և բնակչությանն օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությանը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի ղեկավար և մարզիչ Սուրեն Սեփանյանն ասաց, որ 2015 թ. ի վեր ԵՊՀ-ում մշտապես նշվել է միջազգային օրը. «Լինելով լեռնագնացների ակումբ և պարտավորվելով ընտրված կարգախոսից՝ մենք որոշեցինք ավելի շքեղ միջոցառում իրականացնել այս տարի»:
Սուրեն Սեփանյանի խոսքով, ակումբի անդամներն իրենց համարում են լեռների ներկայացուցիչներ և կարծում, որ երիտասարդները վաղվա օրվա առաջնորդներն են և լեռների ու բնական ռեսուրսների պահապանները:
Կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ Վլադիմիր Ավագիմյանցը, ամբիոնի պրոֆեսոր Հենրիկ Թումանյանը, ինչպես նաև ակումբի անդամները, ուսանողները փաստեցին, որ լեռները կարևոր դեր են խաղում մարդկանց կյանքում:
Միջոցառման ընթացքում ակումբի անդամները նշեցին, որ լեռների պահպանության համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության իրազեկման մակարդակը՝ կազմակերպելով համաժողովներ, գործնական միջոցառումներ, ուսանողական բանավեճեր, տարբեր մրցույթներ, արշավներ և սպորտային այլ միջոցառումներ:
Միջոցառման կազմակերպիչները ցուցադրեցին նաև տեսահոլովակ, որը պատմում է ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի գործունեության ու ձեռքբերումների մասին, որոնցից է Ջերմուկում ակումբի անվամբ ուղի ունենալը, տարբեր առաջնությունների կազմակերպումը, հեղինակավոր մրցաշարերին մասնակցելը, մրցանակների նվաճումը և այլն:
«Ակումբը հրաշալի գործունեություն է իրականացնում, որի արդյունքները պատիվ են բերում ոչ միայն ուսանողներին, այլև համալսարանին ու հանրապետությանը»,- ասաց Վլադիմիր Ավագիմյանցը: Հենրիկ Թումանյանն էլ ընդգծեց, որ ակումբի գործունեության ընթացքում ստեղծվել է կուռ կոլեկտիվ, որի անդամներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում միասին՝ ապահովելով ջերմ մթնոլորտ:
Պարոն Գեղամ Գևորգյանը, շնորհավորելով ակումբի մասնակիցներին, նրանց մաղթեց լեռների նման կանգուն լինել. «Լեռները խորհրդանշում են ազատություն: Երբ բարձրանում ես լեռներ ու բարձունքից նայում ներքև, հասկանում ես, թե ինչքան գեղեցիկ է աշխարհը և ներդաշնակ: Ես շնորհավորում եմ ձեզ այդ զգացողություններն ունենալու համար»:
Միջոցառման ավարտին ակումբի անդամները կատարեցին լեռնագնացների երգը, որից հետո Սուրեն Սեփանյանը ռեկտորին ներկայացրեց ակումբի գույքը, ինչպես նաև ձեռքբերումները և նվաճումները:
Քնար Միսակյան