- Գլխավոր
- Նորություններ
- «ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ - 2018»-Ի ՀԱՂԹՈՂԸ «ԳԱԼԱԿՏԻԿՈՍ» ԹԻՄՆ Է
Դեկտեմբեր 13, 2018 | 17:33
Ուսանողական
«ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ - 2018»-Ի ՀԱՂԹՈՂԸ «ԳԱԼԱԿՏԻԿՈՍ» ԹԻՄՆ Է
Այսօր ԵՊՀ Մշակույթի կենտրոնում ամփոփվեց «Բանավեճի առաջնություն- 2018»-ը:
Տեղեկացնենք, որ միջֆակուլտետային բանավեճի առաջնության կազմակերպիչը ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի բանավեճի ակումբն է:
Միջֆակուլտետային թեժ և լարված պայքարից հետո եզրափակիչ փուլում մրցում էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ներկայացնող «Լեգատի» և Իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող «Գալակտիկոս» թիմերը:
Բանավեճի առանցքում «Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պետական բուհերի կառավարման խորհուրդներում պետք է արգելվի» թեման էր:
Եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, հասարակական- քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը:
Բանավեճի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, որից հետո բանավեճի թեմային կողմ «Գալակտիկոս» թիմը ներկայացրեց կառուցողական իր դիրքորոշումը:
«Բարձրագույն և հետբուհական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունը անխուսափելի է, սակայն դրա իրականացման համար բավարար ենք համարում ՀՀ ԿԳՆ գործունեությունը»,- փաստեցին թիմի անդամները:
Նրանց դիրքորոշմամբ, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայությունը պետական բուհերի կառավարման խորհուրդներում ավելորդություն է: Այն հղի է ռիսկային և անտրամաբանական լուծումներով:
Ի հակադրումն վերոնշյալ դիրքորոշումների՝ «Լեգատի» թիմը հանդես եկավ կառուցողական ելույթով, որի առանցքում «Արգելել նշանակում է պարտադրել» գաղափարախոսությունն էր:
«Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայության արգելքը պետական բուհերի կառավարման խորհուրդներում զրկում է բուհին ինքնավարությունից»,- նշեցին թիմի անդամները:
Նրանց խոսքով, արգելքը արհեստական պատնեշ է բուհի և պետության միջև:
Թեժ և հետաքրքիր քննարկումից հետո ժյուրիի անդամները կիսվեցին տպավորություններով, ինչպես նաև հանդես եկան որոշակի նկատառումներով:
«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը նշեց, որ պետական բուհերին անդրադառնալիս չպետք է սահմանափակվել միայն Երևանի պետական համալսարանով:
Եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց «Գալակիտիկոս» թիմը: Առաջնության հաղթող թիմը պարգևատրվեց գավաթով:
Նրանց փաստարկները, խոսքի արտահայտչականությունը, բանավեճը վարելու հմտությունները, ճկունությունը և ժամանակի տնօրինումը տպավորեցին ժյուրիի անդամներին:
Մասնակիցները ստացան նաև հավաստագրեր և նվերներ:
Անգին Խաչատրյան