- Գլխավոր
- Նորություններ
- ՂԱԶԱԽԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Դեկտեմբեր 17, 2019 | 17:11
Հասարակություն
ՂԱԶԱԽԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Ղազախերենի, Ղազախստանի մշակույթի ու պատմության կենտրոնն այսօր հյուրընկալել էր Ղազախստանի խորհրդարանի պատվիրակությանը:
Պատվիրակությունը գլխավորում էր Ղազախստանի խորհրդարանի սոցիալ-մշակութային զարգացման կոմիտեի փոխնախագահ Բեյբիթ Մամրաևը:
Ղազախստանյան խորհրդարանականներին ուղեկցում էր ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը, որը նույնպես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի շրջանավարտներից է:
Ղազախ հյուրերին դիմավորեցին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:
Պրոֆեսոր Ա. Սաֆարյանը հյուրերին պատմեց հայ-ղազախական գիտակրթական ու մշակութային համագործակցության, հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի փուլի ու առկա նվաճումների, վերջերս հայերեն հրատարակված «Ղազախական գրականության անթոլոգիայի» մասին:
Նա մասնավորապես նշեց, որ հայ-ղազախական գրական կապերի ակունքներում կանգնած են եղել խորհրդահայ գրականության երեք դասականները՝ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը և Պարույր Սևակը, բայց միայն այսօր՝ շուրջ կես դար անց, ԵՊՀ-ի, Հայաստանում Ղազախստանի դեսպանության և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ հրատարակել վերոհիշյալ եզակի ու հիմնարար անթոլոգիան:
Այդ գրքում առաջին անգամ հայերեն ներկայացվել են ղազախական ժիրաուների, Շաքարիմի, Մաղժան Ժումաբաևի և Օլժաս Սուլեյմենովի ու այլ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ:
Բեյբիթ Մամրաևն իր հերթին շեշտեց նաև կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց հանդես գալու այդ ոլորտներում որոշակի նախաձեռնություններով:
Բարձրաստիճան հյուրը շնորհակալություն հայտնեց հայ թյուրքագետներին կատարված աշխատանքների համար և ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանին հանձնեց պաշտոնական հուշանվերը, որը տեղ կգտնի ԵՊՀ պատմության թանգարանում: