- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Նոյեմբեր 10, 2021 | 16:40
Հասարակություն
ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
«FAST» հիմնադրամի նախաձեռնությամբ ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի պատվիրակություններն այսօր հյուրընկալվել են ԵՊՀ-ում, հանդիպել ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ապա ծանոթացել բուհում գիտական ու տեխնոլոգիական նախագծերի իրականացման հնարավորություններին ու կարողություններին, ինչպես նաև ներկայացրել ֆինանսավորման ուղիները, որոնցից կարող են օգտվել համալսարանականները:
ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակը (ONRG) և Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնը (ITC) ԱՄՆ ռազմածովային նավատորմի ու ԱՄՆ բանակի միջազգային դրամաշնորհային ֆինանսավորման ծրագրերն են, որոնց շրջանակում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է շուրջ 200 այց ավելի քան 47 երկրներում։
Այցերի նպատակն է որոնել հեռանկարային գիտական հետազոտություններ, տեխնոլոգիաների ոլորտում նորարար ու հեղափոխական գաղափարներ և ստարտափերի, աջակցման ու ֆինանսավորման տարբեր մեխանիզմների միջոցով խթանել այդ ծրագրերի զարգացումը։
«FAST» հիմնադրամի ևԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի պատվիրակության ներկայացուցիչները ԵՊՀ-ում նախևառաջ հանդիպեցին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի, բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի, գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանի և տարբեր ֆակուլտետների դեկանների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչների հետ:
Հովհաննես Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեց ԵՊՀ-ի կրթական և հետազոտական ուղղությունները, դրանց զարգացմանն ուղղված ծրագրերն ու գաղափարները: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն փաստեց, որ ԵՊՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրերից են միջազգայնացումը և հետազոտական գործունեության ծավալի մեծացումն ու ընդլայնումը, որոնց ուղղությամբ իրականացվում են կոնկրետ քայլեր:
«FAST» հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը փաստեց, որ այցի նպատակն է ստեղծել նոր հնարավորություններ միջազգային առաջատար գիտական ու նորարարական կառույցների հետ համագործակցության հաստատման համար:
ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի նախագծերի ղեկավար Պատրիկ Ռոուզին ներկայացրեց Հայաստանում գիտական ու տեխնոլոգիական ավանդական մտածողությունը կոտրող, բեկումնային նախագծերի («Blue Sky Ideas») ֆինանսավորման հեռանկարներն ու ծրագրերը:
ԵՊՀ այցելած պատվիրակության կազմում էր նաև «FAST»-ի խորհրդատուների խորհրդի նախագահ, միկրոկենսաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ակնկալվում է ստեղծել հարթակներ, որոնք կմիավորեն տարբեր գիտակարգերի մասնագետներին՝ իրագործելու իրենց նորարարական գաղափարներն ու նախագծերը:
ԵՊՀ այցելության ընթացքում հյուրերն այցելեցին համալսարանի տարբեր ֆակուլտետներ՝ տեղում ծանոթանալով դրանց գործունեությանը, գիտական ու տեխնոլոգիական նախագծերի իրականացման հնարավորություններին ու կարողություններին:
Քնար Միսակյան