- Գլխավոր
- Նորություններ
- «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 29, 2018 | 17:14
Հասարակություն
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ» ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը Սոցիալական աշխատողների տոնին ընդառաջ կազմակերպել են հանդիպում-քննարկում:
«Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրակարգը. սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալիզացիայի խնդիրները» խորագիրը կրող հանդիպում-քննարկմանը մասնակցում էին Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի (International Federation of Social Workers) ներկայացուցիչներ Դևիդ Ջոնսը և Հերբերտ Պաուլիշինը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը:
Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Միրա Անտոնյանը ներկայացրեց հյուրերին՝ պատմելով նրանց գործունեության առանցքային կետերի մասին:
Դևիդ Ջոնսը Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի «Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրակարգ» ծրագրի համակարգողն է: Նա շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և նշեց, որ պատրաստ է համագործակցել հայաստանյան ներկայացուցիչների հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում:
Ջոնսն անդրադարձավ 2018 թվականի գլոբալ խնդիրներին, որոնց շարքում առանձնացրեց կլիմայի փոփոխությունը, Ասիական երկրների տնտեսական հզորացումը, անհավասարությունը, նեոլիբերալիզմի մարտահրավերները, միգրացիոն ճգնաժամը, արհեստական ինտելեկտի զարգացումը: Նա խոսեց նաև ազգային իդենտիֆիկացիայի և գլոբալացման մասին:
Բանախոսը ներկայացրեց երեք միջազգային կազմակերպությունները` «IASSW» (International Association of Schools of Social Work, Սոցիալական աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիա), «ICSW» (International Council on Social Welfare, Սոցիալական բարեկեցության միջազգային խորհուրդ) և «IFSW» (International Federation of Social Workers, Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիա), որոնք միավորում են սոցիալական ոլորտի կրթական հաստատությունները և հասարակական կազմակերպությունները:
Հերբերտ Պաուլիշինը մասնակցել է մի շարք երկրներում սոցիալական ռեֆորմների աշխատանքներին, մեծ ավանդ է ունեցել միջազգային ասպարեզում սոցիալական աշխատանքի զարգացման գործում։
Հարցեր հնչեցին ոլորտի խնդիրների շուրջ, ծավալվեց քննարկում, որի ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց երկրների և կազմակերպությունների փորձն այս կամ այն խնդրի լուծման դեպքում:
Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, մագիստրոսներ և շրջանավարտներ:
Նշենք, որ միջոցառումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից համատեղ կազմակերպված «Սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում․ չանտեսելով ոչ ոքի» համաժողովի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասն է։
Մարի Ռաֆյան