- Գլխավոր
- Նորություններ
- ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Հոկտեմբեր 05, 2018 | 17:47
Հասարակություն
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Երիտասարդ լրագրողները հյուրնկալել էին մեդիա դաշտի փորձագետներ Շուշան Դոյդոյանին և Աշոտ Մելիքյանին:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանի և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ ուսանողների հետ հանդիպման նախաձեռնողը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն էր:
Հանդիպմանը ներկա էր նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ով բարձր գնահատեց ուսանողական կառույցի ակտիվ գործունեությունը՝ ընդգծելով ոլորտի փորձառու մասնագետների հետ ուսանողների հանդիպումների կարևորությունը:
Շուշան Դոյդոյանը նախ անդրադարձավ «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությանը՝ մատնանշելով այն հիմնական դրույթները, որոնց հիման վրա իրականացվել է այս տարվա մրցանակաբաշխությունը:
«Մրցանակաբաշխությունն իրականացվում է 2003 թ.-ից և նվիրված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունմանը: Մեր հիմնական նպատակն է խրախուսել պետական և հասարակական կառույցների թափանցիկ աշխատանքը, ինչպես նաև աջակցել օրենքի համար ակտիվ պայքարողներին, լրագրողներին, սովորական քաղաքացիներին և իրավապաշտպաններին՝ միաժամանակ քննադատելով ոլորտի օրինախախտներին»,- պարզաբանեց բանախոսը և հավելեց, որ իշխանափոխությունից հետո դեռևս քիչ ժամանակ է անցել կառույցների աշխատանքները գնահատելու համար:
Շուշան Դոյոյանը նշեց նաև, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունը մի շարք մարտահրավերներ ունի հաղթահարելու այս հարցում. «Առաջինը՝ կադրերի վերապատրաստման հարցն օրհասական է։ Պետական մարմիններում նորանշանակ տեղեկատվության ազատության պատասխանատուներից շատերը չեն տիրապետում օրենքի պահանջներին։ Կառույցներից շատերում չհամակարգված, անտեղյակ իրավիճակ է, ինչը, անկասկած, շատ ավելի հեշտ լուծվող հարց է, քան ինֆորմացիայի միտումնավոր չտրամադրելը կամ հարցմանը պատասխանելու գործընթացը հետաձգելը»:
Այնուհետև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը խոսեց հեղափոխությունից հետո լրատվական դաշտում տիրող իրավիճակի, արդեն նկատելի և ակնկալվող փոփոխությունների մասին:
«Պետք է ասել, որ նախկին իշխանության օրոք մեդիա դաշտն ամբողջությամբ մենաշնորհային կարգավիճակում է, ինչը միայն բացասական էր ազդում ոլորտի վրա: Այսօր որոշ դրական տեղաշարժեր են նկատվում, և այդ փաստը բավականին ոգևորող է: Ամեն դեպքում մի բան հաստատ է. հետհեղափոխական վիճակը ոչ մի դեպքում չի կարելի լավ կամ վատ բնորոշել: Պետք է տեսնել ու օբյեկտիվորեն գնահատել և՛ դրական, և՛ բացասական ազդեցությունները»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Շուշան Դոյդոյանը մտահոգություն հայտնեց նաև մեդիա դաշտում տիրող մի շարք վտանգավոր միտումների մասին՝ չանտեսելով նաև դրական տեղաշարժները:
«Առաջիկայում նախատեսում ենք ներդնել լրատվամիջոցների սեփականատերերի բացահայտման մեխանիզմը, որը կբացահայտի, հետագայում նաև կբացառի կոռուպցիոն բոլոր ռիսկերը: Այդ ուղղությամբ դեռևս լուրջ քննարկումներ կլինեն: Բավականին մտահոգիչ եմ համարում նաև այն, որ ԱԱԾ-ն այդպես էլ չհիմնավորեց «Yerevan.Today»-ի խմբագրությունում հետախուզություն անցկացնելը: Ուշադրության կարիք ունի նաև լրատվական դաշտի ներկայացուցչների միջև ծագած վեճերի՝ դատական համակարգով լուծելու միջադեպը»,- նշեց Շ. Դոյդոյանը և ավելացրեց, որ հեղափոխության և հետհեղափոխական գործընթացներում նկատվեց քաղաքացիական ժուռնալիստիկայի բուռն ծաղկում, ինչը ողջունելի է:
Հարկ է նշել, որ ուսանողները բավականին ակտիվ մասնակցում էին քննարկումներին, ներկայացնում իրենց մտահոգություններն ու տեսակետները ժուռնալիստիկայի բնագավառում տիրող իրավիճակի ու զարգացումների մասին: