- Գլխավոր
- Նորություններ
- ԳՄՕ. ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՉԱՐԻ՞Ք, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ
Դեկտեմբեր 04, 2019 | 15:56
Հասարակություն
ԳՄՕ. ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՉԱՐԻ՞Ք, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿԸ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դահլիճում այսօր տեղի է ունեցել «ԳՁՕ-ի անվտանգ օգտագործման իրավական հիմնահարցերը» խորագրով կլոր սեղան-քննարկում:
Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ իրավական հանձնաժողովի ու ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման նպատակն է ուսանողներին ծանոթացնել ԳՁՕ ինժեներիային և դրա իրավական բացերին ու խնդիրներին:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը, կենտրոնի իրավաբաններ Օլիմպիա Գեղամյանը և Հեղինե Հախվերդյանը, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Կարոլինա Հարությունյանը, ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Կարոլինա Հարությունյանը, որը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց մասնակցության համար, ապա ներկայացրեց հանդիպման օրակարգը:
Դրանից հետո ներկաները լրացրին նախնական հարցման թերթիկներ, որոնք վերաբերում էին դեղագիտության, գյուղատնտեսության և սննդի մեջ ԳՄՕ-ների (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) օգտագործմանը:
Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ միջոցառման մասնակիցների թվում է նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամից ուսանող, ապա հավելեց, որ քննարկման նախաձեռնությունն ամբողջովին ուսանողներինն է:
Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար, ապա նշեց, որ ողջունելի է նմանաբնույթ թեմաներով քննարկումներ անցկացնելը, քանի որ ԳՁՕ-ների թեման աշխարհում ամենաքննարկվողներից է. «Եթե նախկինում շատ էին վերջիններիս օգտագործման դեմ քննարկումներն ու կարծիքները, ապա հիմա ավելացել են ԳՁՕ-ների առավել անվտանգ օգտագործման վերաբերյալ քննարկումները, քանի որ դրանցից ընդհանրապես խուսափելն անհնար է»:
Իրավագիտության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողները հանդես եկան փոքրիկ ելույթներով՝ ներկայացնելով իրենց կատարած ուսումնասիրությունները թեմայի վերաբերյալ և կարծիքներ հայտնելով ԳՁՕ-ների օգտագործման մասին:
Ուսանողների մեծ մասը դեմ արտահայտվեց գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործմանը թե՛ գյուղատնտեսության, թե՛ սննդի արդյունաբերության մեջ՝ միաժամանակ նշելով, որ շատ կարևոր են թեմայի մասին հասարակության լայն շերտերի իրազեկվածությունը և հարցին իրավական կարգավորում տալը:
Նելլի Հովհաննիսյանը, ի հակառակ ուսանողներից շատերի տեսակետի, նշեց, որ ինքը գերադասում է օգտագործել գենետիկորեն ձևափոխված, բայց ստուգված մթերք, քան ծանր մետաղներով և պեստիցիդներով աղտոտված մթերք. «Մենք պետք է շնորհակալ լինենք գենային ճարտարագիտությանը, քանի որ դրա շնորհիվ շաքարախտով հիվանդ մարդիկ այսօր հնարավորություն ունեն օգտագործելու մատչելի ինսուլին, մինչդեռ նախկինում ինսուլինը հնարավոր է եղել ստանալ միայն ոչխարի ենթաստամոքսային գեղձից, ինչը բավականին թանկ է եղել, խոսքը ոչ միայն ինսուլինի, այլև բազմաթիվ այլ դեղամիջոցների ստացման մասին է, այդ թվում՝ քաղցկեղի դեմ պայքարի: Ուղղակի շատ կարևոր է, որ ամեն ինչ վերահսկելի լինի և անվտանգ օգտագործվի»:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ԳՄՕ-ների մասին կարճամետրաժ տեսահոլովակներ, որոնցից մեկը ներկայացնում էր դրանց օգտագործման բացասական կողմերը, մյուսը՝ առավելությունները:
Առաջին տեսահոլովակում պարզաբանվում էր, թե ինչ է ԳՄՕ-ն. գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ, որի գենը փոխվել է արհեստական միջամտությամբ: ԳՄՕ-ներով մշակվում է 170 մլն հա տարածք աշխարհի 29 երկրում, որից միայն 69 մլն-ը՝ ԱՄՆ-ում: Աշխարհում գենետիկորեն ձևափոխված ամենաշատ մթերքներն են սոյան, կարտոֆիլը, եգիպտացորենը: Աշխարհի մի շարք երկրներ՝ Ավստրիան, Վենեսուելան, Հունաստանը, Շվեյցարիան, արգելել են, իսկ 33 երկիր էլ սահմանափակել է ԳՄՕ-ների օգտագործումը: Վերջիններիս օգտագործումը կարող է մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, օրինակ՝ քաղցկեղի, տարբեր ալերգիաների, ազդում է մարդու լյարդի, վերարտադրողական և այլ օրգանների վրա:
Ինչ վերաբերում է ԳՄՕ-ների առավելություններին, ապա դրանք բարձրացնում են բերքատվությունը, վիտամինների քանակությունը, պահպանման ժամկետը, կայունությունը վնասատուների նկատմամբ:
Աիդա Իսկոյանը նշեց, որ ԳՄՕ-ների օգտագործման ազդեցությունները դեռևս ուսումնասիրվում են և հավանաբար երկար տարիներ դեռ կուսումնասիրվեն, իսկ այժմ, քանի դեռ գիտությունը չի ապացուցել դրանց անվտանգությունը, ավելի լավ է ձեռնպահ մնալ:
Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Սահակյանը հանդես եկավ «ԳՄՕ-ն ու դրա իրավական կարգավորումը» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով ՀՀ օրենքը «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» նախագծի վերաբերյալ:
Քննարկման ավարտին ներկաները լրացրին եզրափակիչ հարցման թերթիկները, որոնց արդյունքներն ամփոփվեցին:
Հասմիկ Ասլանյան