- Գլխավոր
- Նորություններ
- ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հունվար 24, 2022 | 17:27
Կրթություն
ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգի» իրավական փաստաթղթերի մշակման և վերամշակման աշխատանքային խմբերի հանդիպումը:
«Armdoct» նախագծի նպատակն է բարեփոխել ՀՀ ասպիրանտական կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով Զալցբուրգյան սկզբունքներին, ինչը ենթադրում է ռազմավարության, իրավական դաշտի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի փոփոխություններ:
Նախագծին անդամակցում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ԵՄ (Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Լիտվա) երկրների չորս և Հայաստանի ութ բուհեր, ինչպես նաև Հայաստանի գիտահետազոտական երկու ինստիտուտ:
Նախագծի վերջնարդյունքներին հասնելու համար պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացնում են կրթության երրորդ աստիճանի բարեփոխման առաջարկներ և հայեցակարգային լուծումներ:
ԵՊՀ-ում տեղի ունեցած այսօրվա քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Ռաֆայել Բարխուդարյանը և Էլինա Ասրիյանը, նախագծին անդամակցող ուսումնական հաստատությունների ծրագրի կոորդինատորները և աշխատանքային չորս տարբեր խմբերում ներառված փորձագետները:
Հիշեցնենք, որ որպես նախագծի վերջնարդյունք՝ նախատեսվում է, որ 2023 թվականին ԵՊՀ-ում կրթական երրորդ աստիճանը համապատասխանեցվելու է Զալցբուրգյան սկզբունքներին, ինչը մի շարք հնարավորություններ է ընձեռելու հետազոտողներին: