- Գլխավոր
- Նորություններ
- ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐ ՍՈՒՀԱՅԼԱՆ Մ. ԽԱԼԻԼ ԱԼ-ՋՈՒԲՈՒՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Դեկտեմբեր 07, 2021 | 14:51
Հասարակություն
ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐ ՍՈՒՀԱՅԼԱՆ Մ. ԽԱԼԻԼ ԱԼ-ՋՈՒԲՈՒՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հյուրն էին ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար, դոկտոր Սուհայլան Մ. Խալիլ ալ-Ջուբուրին և երկրորդ քարտուղար, դոկտոր Սաադ Ֆադալա Համզա ալ-Ադդայը:
Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ արաբական երկրների հետ համագործակցության ընդլայնումն առաջնային է. «Ուրախ ենք հյուրընկալելու Իրաքի Հանրապետության հավատարմատարին Մայր բուհում, քանի որ Իրաքի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները պատմական անցյալ ունեն: Տարիներ առաջ, երբ պատերազմից հետո վերականգնվում էր Մոսուլի համալսարանը, գրադարանին հայերեն և անգլերեն մեծաքանակ գրականություն ենք նվիրաբերել, ինչը փոքր օգնություն էր եղբայրական ժողովրդին»:
Արաբագիտության ամբիոնի վարիչը հավելեց, որ նախատեսվում է էլ ավելի խորացնել փոխգործակցությունն Իրաքի Հանրապետության հետ՝ մասնավորապես գիտահետազոտական և ակադեմիական հարթակներում:
«Հույս ունենք, որ դեսպանը երկար կպաշտոնավարի Հայաստանում և կաջակցի մեզ այդ հարցում, ինչի արդյունքում կյանքի կկոչվեն մեր բոլոր պայմանավորվածությունները: Հետագա կարևոր ծրագրերից է նաև ԵՊՀ դիպլոմների պաշտոնական ճանաչումն Իրաքի Հանրապետությունում, ինչի ուղղությամբ նույնպես նախատեսվում են լուրջ աշխատանքներ»,- ընդգծեց Հայկ Քոչարյանը:
Սուհայլան Մ. Խալիլ ալ-Ջուբուրին շնորհակալություն հայտնեց հրավերի համար. «Հայերը մեր հասարակության կարևոր մասն են կազմում և վստահելի աղբյուր են մեզ համար: Ավելի քան 12 երկրում աշխատել եմ, սակայն Հայաստանը, մասնավորապես Երևանը յուրահատուկ ու ամենասիրելի վայրն է: Մեր մշակույթները մոտ են, ուստի հայկական ամեն բան շատ հոգեհարազատ է մեզ: Աստծուց խնդրում եմ պահպանել ձեր երկիրն ու ժողովրդին»:
Անդրադառնալով ԵՊՀ դիպլոմների՝ Իրաքում վավերականացման հարցին՝ հավատարմատարը նշեց, որ խնդիրը տեխնիկական է, և ԵՊՀ-ի հետ կապված ոչ մի խնդիր կամ միտումնավորություն չկա. «Ես՝ որպես ակադեմիկոս, այս հարցն արդեն բարձրացրել եմ համապատասխան հարթակներում, 100 տարվա հարուստ պատմություն ունեցող համալսարանի դիպլոմները պետք է ճանաչվեն մեր երկրում: Ինձ խոստացել են, որ հարցը լուծում կստանա: Այդ ուղղությամբ աշխատում ենք»:
Արաբագիտության ամբիոնի ղեկավարության կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը շրջայց կատարեց ֆակուլտետում, ինչպես նաև հանդիպեց ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին: