- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ». ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 26, 2018 | 16:40
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ». ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեղի ունեցավ համաժողով «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը Արևելյան գործընկերության երկրներում. միտումներ և զարգացումներ» թեմայով:
Համաժողովն անցկացվում էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովին մասնակցում էին բանախոսներ Վրաստանից և Բելառուսից:
Թբիլիսիի պետական համալսարանի ներկայացուցիչ Նինո Լապիաշվիլին զեկուցում ներկայացրեց դեմոկրատացման գործընթացներում Արևելյան գործընկերության երկրներից Վրաստանի փորձի մասին:
Բանախոսը փաստեց, որ Արևելյան համագործակցությունը չպետք է ընկալվի միայն որպես սովետական անցյալ ունեցող երկրների միություն:
«Անցյալը չպետք է խանգարի ապագայի մեր տեսլականը կազմելուն: Իհարկե, մենք պետք է կարողանանք անցյալից դասեր քաղել, բայց նաև պետք է պատրաստ լինենք ապագայի համար նոր օրակարգ մշակել»,- ասաց Նինո Լապիաշվիլին:
Բելառուսի պետական համալսարանից հրավիրված բանախոս Անդրեյ Ռուսակովիչը իր հերթին փաստեց, որ Բելառուսը, որպես Արևելյան գործընկերության մասնակից երկիր, պետք է կարողանա պահել քաղաքական հավասարակշռությունը Եվրոպական միության և Ռուսաստանի միջև:
«Մեզ համար շատ կարևոր է հավասարաչափ համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ փորձելով դանդաղ, բայց հստակ քայլերով մոտենալ Եվրամիության անդամակցությանը»,- շեշտեց բանախոսը:
Համաժողովի վերջում ուսանողները հնարավորություն ունեցան Արևելյան համագործակցության վերաբերյալ հարցեր ուղղել հյուրերին:
Անի Պողոսյան