- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆՎԱՆԻ ՖԻԶԻԿՈՍԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ»․ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՉՈՒԲԱՐՅԱՆԸ
Սեպտեմբեր 21, 2021 | 18:43
Գիտություն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆՎԱՆԻ ՖԻԶԻԿՈՍԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ»․ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՉՈՒԲԱՐՅԱՆԸ
Սեպտեմբերի 17-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։
Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936 թ. մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում։ 1953 թ. ոսկե մեդալով ավարտել է Ձերժինսկու անվան թիվ 20 դպրոցը և նույն տարում ընդունվել է ԵՊՀ՝ այն ժամանակ Ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ Էդվարդ Չուբարյանը գիտական գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներին։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 1958-1961 թթ., Է. Չուբարյանն ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ Տեսական ֆիզիկայի ամբիոնում, այնուհետև՝ 1961-1965 թթ., աշխատել է ՀԽՍՀ ԳԱ կենտրոնական գիտահետազոտական ֆիզիկատեխնիկական լաբորատորիայում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1964 թ., իսկ 1965-ից նա աշխատանքի է անցել ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, 1967 թվականից՝ որպես դոցենտ և 1975 թվականից՝ դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո (1972 թ.)՝ որպես ամբիոնի պրոֆեսոր։
1965-1970 թթ. համատեղությամբ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում։ 1985-2000 թթ. և 2006-2013 թթ. Էդվարդ Չուբարյանը եղել է Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչը։ 1991-2006 թթ. աշխատել է ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների գծով պրոռեկտորի պաշտոնում։ 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Մինչև 2018 թ. ղեկավարել է Տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Սահարյանն ասաց, որ Էդվարդ Չուբարյանն ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի աշակերտների առաջին սերնդի վառ ներկայացուցիչ է, աշակերտներ, որոնք իրենց ուսուցչի հետ միասին կանգնած են Հայաստանում տեսական ֆիզիկայի դպրոցի ստեղծման ակունքներում։
«Ակադեմիկոս Չուբարյանի ակտիվ ջանքերով է, որ ԵՊՀ-ում ստեղծվել և ներդրվել են տեսական ֆիզիկայի դասընթացներ՝ նախկին Խորհրդային միության կրթական համակարգի լավագույն ավանդույթներով։ Մշտապես կապված լինելով ռուսական առաջավոր գիտական կենտրոնների հետ՝ Չուբարյանն իր համախոհների հետ Հայաստան են տեղափոխել նաև գիտական լավագույն ավանդույթները։ Նրա հեղինակած դասագրքերի հիման վրա է կարդացվում «Քվանտային մեխանիկա» դասընթացը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում։ Դրանց շարունակական արդիականացումը մշտապես եղել է Էդվարդ Չուբարյանի ուշադրության կենտրոնում»,- փաստեց Արամ Սահարյանը։
Էդվարդ Չուբարյանի գիտական գործունեությունը նվիրված է եղել Այլասերված նյութի թերմոդինամիկայի և գերխիտ աստղերի կոնֆիգուրացիաների տեսությանը, որի հիմքը 1960-ականների սկզբում դրել էին ակադեմիկոսներ Վ. Համբարձումյանը և Գ. Սահակյանը: Նշված բնագավառում կատարած աշխատանքների համար Է. Չուբարյանը, գիտական խմբի մյուս մասնակիցների հետ 1970 թ. արժանացել է Լենինյան կոմերիտության մրցանակի դափնեկրի կոչման: Հետագա տարիներին նա ամբիոնի աշխատակիցների հետ համատեղ կատարել է աշխատանքների շարք` նվիրված Բաբախիչների (պուլսարների) մագնիսասֆերայի տեսությանը:
Էդվարդ Չուբարյանի գիտահետազոտական աշխատանքների մեկ այլ ուղղություն կապված է եղել ակադեմիկոս Վ. Համբարձումյանի կոսմոգոնիական սկզբունքի տեսական հիմնավորմանը գրավիտացիայի այլընտրանքային տեսություններին։ Արամ Սահարյանի խոսքով, հատուկ ուշադրության են արժանի նրա աշխատանքները գրավիտացիայի երկմետրիկական տեսություններում:
«Դրանցում կապ է գտնված կորացած մետրիկայի ու հարթ տարածության «հենքային» մետրիկայի միջև և առաջարկված է դրանց միարժեք ընտրության չափանիշը: Է. Չուբարյանը ձգողականության երկմետրիկական տեսության շրջանակում մշակել է ստատիկ կենտրոնահամաչափ գերխիտ կոնֆիգուրացիաների մոդելներ, հաշվարկվել են դրանց զանգվածները, շառավիղները և ներքին կառուցվածքը, ցույց է տրվել, որ այդպիսի կոնֆիգուրացիաների զանգվածը կարող է մեկ կարգով մեծ լինել, քան Այնշթայնի տեսությունում: Գրավիտացիայի տեսության այդ տարբերակի շրջանակում մշակվել է պտտվող գերխիտ աստղերի տեսությունը: Նյութի առանցքահամաչափ բաշխման համար երկմետրիկական տեսության հավասարումների՝ Է. Չուբարյանի կողմից գտնված վակուումային լուծումը միակ անալիտիկ լուծումն է երկմետրիկական տեսության լուծումների դասում»,- փաստում է Արամ Սահարյանը:
Ակադեմիկոս Չուբարյանը հեղինակ է շուրջ 150-ից ավելի գիտական աշխատանքների։ Դրանք զեկուցվել են նախկին միութենական ու միջազգային գիտաժողովներում և լայն ճանաչում են գտել ինչպես նախկին միության, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակներում:
Մեծ են Էդվարդ Չուբարյանի ծառայությունները ֆիզիկոսների բարձրորակ կադրերի պատրաստման գործում: Նա Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար կարդացել է «Քվանտային մեխանիկա», ինչպես նաև «Տեսական ֆիզիկայի հատուկ դասընթացներ» դասընթացները: Գիտնականի ղեկավարությամբ պաշտպանվել են յոթ թեկնածուական ատենախոսություն: Լինելով Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետների գծով պրոռեկտոր՝ պրոֆեսոր Չուբարյանը մեծ ուշադրություն է դարձրել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ակտիվ մասնակցել է համալսարանական ուսուցման բարեփոխման գործին:
Նա դասավանդումն ակտիվորեն զուգակցել է գիտական գործունեության հետ՝ այդ աշխատանքում ներգրավելով երիտասարդների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ ավարտական թեզեր և թեկնածուական ատենախոսություններ։ Ակադեմիկոս Չուբարյանի աշակերտն է ՀՀ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը։ Է․ Չուբարյանը եղել է նաև մի քանի դոկտորական ատենախոսությունների խորհրդատու, երկար տարիներ ղեկավարել է «Տեսական ֆիզիկա» մասնագիտական խորհուրդը։ Այդ տարիներին պաշտպանած բոլոր հայցորդները լավ հիշում են նրա բարյացկամ վերաբերմունքը։ Նա մշտապես օգտագործում էր իր բարձր հեղինակությունն ուսանողներին, ասպիրանտներին ու երիտասարդ գիտնականներին օժանդակելու համար։ Նրա երաշխավորությամբ մեծաթիվ երիտասարդներ են իրենց գիտական գործունեությունը շարունակել նախկին ԽՍՀՄ և միջազգային գիտական կենտրոններում»,- պատմում է Արամ Սահարյանը։
Կրթությանը մատուցած իր ուրույն ծառայությունների և անձնական մեծ ներդրման համար Է. Վ. Չուբարյանը 1984 թ. պարգևատրվել է «Խաչատուր Աբովյան» մեդալով: 1970 թ. նրան շնորհվել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակ` «Առանցքահամաչափ ձգողական դաշտերն Էյնշտեյնի տեսության մեջ» աշխատանքի համար, 1985 թ. պարգևատրվել է ՀՍՍՀ «Ժողովրդական կրթության գերազանցիկ» պատվո նշանով: Էդվարդ Չուբարյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով, Ֆ. Նանսենի հուշամեդալով: 2006 թ. նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչումը:
«Անհրաժեշտ է ընդգծել նաև այն կարևոր ավանդը, որ ներդրել է ակադեմիկոս Չուբարյանը՝ օժանդակելով Դուբնայի (Ռուսաստան) միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական կապերի ստեղծման և խորացման գործում: Դուբնայում աշխատել են և շարունակում են աշխատել բազմաթիվ տաղանդավոր տեսաբան ֆիզիկոսներ, որոնք եղել են ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի շրջանավարտներ»,- փաստում է Արամ Սահարյանը:
Բեղուն գիտամանկավարժական գործունեության հետ միասին Էդվարդ Չուբարյանն ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ: Նա եղել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի պրոբլեմային խորհրդի անդամ, դոկտորական ատենախոսությունների պաշտպանության երկու մասնագիտացված խորհուրդների անդամ (Տեսական ֆիզիկայի 046 մասնագիտական խորհրդի նախագահ), ԵՊՀ-ի և Ֆիզիկայի ֆակուլտետի գիտական խորհուրդների անդամ:
«Մեծ գիտնականի, հոգատար ուսուցչի, համեստ ու շիտակ հայորդու հիշատակը վառ կմնա նրա գործընկերների, աշակերտների, ուսանողների ու բոլոր նրանց մտքերում, որոնք բախտ են ունեցել շփվել Էդվարդ Վարդանի Չուբարյանի հետ»,- նշեց ԵՊՀ ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Սահարյանը։
Տեղեկացնենք, որ Էդվարդ Չուբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։30-20։00։
Քնար Միսակյան