- Գլխավոր
- Նորություններ
- «ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿԸ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոկտեմբեր 05, 2018 | 17:46
Քաղաքականություն
«ՊԵՏՔ Է ԱՆԵՆՔ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿԸ». ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում կայացավ գիտական խորհրդի նիստը, որի օրակարգում դեկանի ընտրության հարցն էր:
Կենսաբանության Ֆակուլտետի հինգ ամբիոնների կողմից դեկանի պաշտոնի համար առաջադրվել էր գործող դեկան, ԳԱԱ թղթակից անդամ,կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը:
Նիստին ներկա էր նաև ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:
Մինչ ընտրություններին անցնելը թեկնածուն նախ ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը՝ անդրադառնալով ֆակուլտետի զարգացմանն ուղղված իրականացվելիք մի շարք ծրագրերին, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող խնդիրներին:
Ելույթի սկզբում Էմիլ Գևորգյանը նաև ներկայացրեց ֆակուլտետի անցած ուղին՝ կարևորելով ֆակուլտետի զարգացմանն ուղղված կառուցվածքային փոփոխությունները. «Վերջին 4-5 տարիների ընթացքում ֆակուլտետում իրականացվել են էական փոփոխություններ, որոնցից ամենակարևորը կենսաբանության ներֆակուլտետային գիտահետազոտական ինստիտուտի ստեղծումն է: Կարծում եմ, որ առաջիկայում պետք է բարձրացնել ինստիտուտի ինքնուրույնությունը, նպաստել ինստիտուտի հարակից ոլորտներում գործող լաբորատորիաների համատեղ գիտական ծրագրերի իրականացմանը, գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկել ասպիրանտներին, մագիստրատուրայում սովորող առավել ակտիվ ուսանողներին: Գտնում եմ նաև, որ առաջիկա տարիներին անհրաժեշտ է լաբորատորիաների պատկառելի տարիքով գիտական ղեկավարներին փոխարինել երիտասարդ, ակտիվ գիտական գործունեություն իրականացնող մասնագետներով»:
Նրա խոսքով, ֆակուլտետում ժամանակակից սարքավորումներով հագեցած գիտակրթական կենտրոնների առկայությունն, անկասկած, նպաստում է ուսումնական գործընթացի, գիտական ուսումնասիրությունների պատշաճ մակարդակի ապահովմանը:
Ըստ բանախոսի՝ ֆակուլտետի կենտրոնների մասնագետները պետք է միջազգային դրամաշնորհների կամ պետական ծրագրերի ֆինանսավորման միջոցներից ապահովեն այդ կենտրոնների պարբերական սնուցումը. «Սա պահանջում է անընդմեջ նպատակասլաց աշխատանք, այլապես այդ բարձրարժեք սարքերը կմատնվեն պարապուրդի»:
Էմիլ Գևորգյանի կարծիքով, կրթական գործընթացների առաջընթացի ապահովման համար կարևոր է նաև նոր բովանդակություն և հնչեղություն ունեցող մասնագիտությունների բացումը. «Ֆակուլտետի կրթական գործընթացների զարգացման տեսակետից ցանկալի կլինի նաև վերաբացել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի «Կենսաինֆորմատիկա» մասնագիտության գծով կրթական ծրագիրը, բայց այս անգամ արդեն ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հետ համատեղ»:
Պրոֆեսորը նաև հակիրճ ներկայացրեց ֆակուլտետի առաջիկա գործունեության համար անհրաժեշտ միջոցառումների շարքը, որը հիմնված է ֆակուլտետի կողմից ստանձնած զարգացման հիմնադրույթների վրա:
Նրա խոսքով, վերջին 10 տարիների ընթացքում ֆակուլտետն առաջընթաց է ապրել. «Համոզված եմ, որ պետք է անենք ամեն հնարավորը՝ պահպանելու ֆակուլտետի գիտակրթական պատշաճ մակարդակը»:
Դեկանի նախընտրական ելույթից հետո ֆակուլտետի ամբիոնի վարիչները և դասախոսները շնորհակալություն հայտնեցին Էմիլ Գևորգյանին երկարատև աշխատանքի, հավասարակշռված քաղաքականություն վարելու և ֆակուլտետում տիրող դրական մթնոլորտի համար:
Նիստի վերջում ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը գոհունակությամբ խոսեց դեկանի կատարած աշխատանքի մասին և շնորհակալություն հայտնեց երկարատև և նվիրված աշխատանքի համար:
Խոսելով ֆակուլտետում իրականացվող ծրագրերից՝ ԵՊՀ պրոռեկտորը նշեց, որ մագիստրատուրայում անհրաժեշտ է ներդնել այնպիսի մասնագիտություններ, որոնք շատ դիմորդներ կունենան:
Գեղամ Գևորգյանն անդրադառնալով դասախոսներին ու ուսանողներին հուզող ուսումնական պրակտիկայի խնդրին՝ նշեց, որ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողների ուսումնական պրակտիկան այս ուստարի նույնպես կանցկացվի Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում:
Նիստի վերջում փակ ու գաղտնի քվեարկությամբ 33 կողմ և մեկ անվավեր ձայների հարաբերակցությամբ դեկան ընտրվեց Էմիլ Գևորգյանը: Նշենք, որ գիտական խորհրդի նիստին ներկա էր 34 անդամ:
Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։
Նադեժդա Տեր-Աբրահամյան